ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ

 

 

Սառը, անհաղորդ ձնեմարդու պես
վերարկուիս մեջ կծկվել եմ ես,
անշարժացել եմ կանգնածս տեղում։

Աչքըս պաղել է ինչ-որ տեղ հեռվում՝
ձյունի սահմանն է մտովի պեղում
անսկիզբ-անվերջ տարածության մեջ։

Ձյունի փաթիլը դիմացս պարում,
սառը շուրթերով դեմքըս համբուրում,
հրապուրու՜մ է։ Չեմ պատասխանում։

Ձյունի փաթիլը լուռ զարմանում է։
Ինչպե՞ս հասկանա իմ վարանումը՝
բայց առանց սրտի ինչպե՞ս շարժըվեմ։

Սիրտը՜ս իր բանն ու գործը մոռացել,
կրծքիս վանդակը թողե՜լ, հեռացե՜լ,
ձնագնդի՜ է մանկանց հետ խաղում…

Փչո՞ց է, հեքիա՞թ։ Այդպես չի՞ լինում։

Ձյան փաթիլները՝ ժանյակ թևերով
ճերմակ թիթեռներ անթիվ ձևերով,
երգում են հանդարտ՝ լինու՜մ է, լինու՜մ։

…Պետք է սպասեմ մինչև լիանա,
ձյունից ու խաղից մինչև կշտանա,
մանկացած սիրտըս վերադառնա տուն։
01-16-04