Մտածում եմ, թե պետք է երբեմն էլ
արգելված պտղի համը ճաշակել։
Մեղավոր միտքն այս խղճիս չբարձեք,
Ադամ-Եվայի գործերին դարձեք։
Ապա մտածեք, եթե զույգը այն,
հլու-հնազանդ ուտեին միայն
ինչ թույլատրել էր խիստ Տերը նրանց՝
չհամտեսեին խնձորն արգելված,
ի՞նչ կպատահեր։ Կպատահեր այն,
որ նախահայրն ու նախամայր Եվան՝
դժոխք գնալու ահեղ երկյուղից,
պիտի զրկվեին սիրո պտուղից։
Թե պատմությունը այսպես վերջանար՝
առաջին զույգի կապը ստերջանար,
ես չէի լինի, ոչ դու, ոչ էլ նա,
ես չէի գրի, դուք չէիք կարդա…
Եվ մի՞թե Աստված պիտի գոհանար,
եթե խնձորը ծառին չորանար,
եթե Ադամն իր դերը մոռանար,
եթե անպտուղ Եվան ծերանար։
Վերջապես Տերը շա՜տ հոգսեր ուներ,
մարդ բազմացնելով ինչպե՞ս զբաղվեր,
Ադամներ ստեղծեր տեսակ ու տեսակ,
բազում Եվաներ ոսկորից բարակ,
հանգիստ չունենար, չունենար դադար,
մի՞թե կլիներ ազնիվ ու արդար։
Մտածում եմ, թե ինչ լա՜վ են արել,
ինչ ճի՜շտ են վարվել Ադամն ու Եվան,
պտուղը կերել, սերն են արարել,
կեցցեն խնձորը, աղջիկն ու տղան։
07-12-2001