Բառեր մի ասա, բառեր չեմ ուզում։
Օ՜, անուշ է մեր խնկաբույր լեզուն,
բայց թող ըմբոշխնեմ խորհուրդը խորին
խոկալով միայն՝ անխոս ու լռին…
Բառեր մի ասա, բառեր չեմ ուզում։
Ես կհասկանամ քո սիրո լեզուն
առանց լսելու բառեր կաթոգին,
իմաստուն է իմ կարոտի հոգին…
Ի՜նչ երանություն տեսիլք ունենալ՝
խոհի թրթիռը ըզգալ կարենալ
հղացման պահին, բառը չծնված,
ուրեմն, անխոս նստիր իմ դիմաց…
Թող դողդ ինձ անցնի երկունքից առաջ՝
ինչպես նկարչի հոգուց մի հառաչ
կտավին անցնում, մարմին է դառնում…
սերըդ թող ծնվի կարոտիս գրկում։
Բառեր մի ասա։ Բառեր չեմ ուզում։
10-23-2002