ԽՈՍՏՈՎԱՆՈՂ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԱՄԱՅՐ

 

 

Ամեն անգամ, երբ մի նոր երգի մեջ
մարմին են առնում հոգուս հանգերը,
ու մի ձայն հեռվից կրկնում է անվերջ,
թե՝ գրիչն է քո կյանքի ընկերը,
ես, արթնանալով ընդարմացումից,
համոզում եմ ինձ նորից ու նորից,
թե ճակատագրիս հնազանդ, հլու՝
ինձ մայրանալու հաճույքն են տալու
հոգուցս ծնված երգ-զավակները…

Այդ ձայնից ցնցվում, նայում եմ հեռու…
Օ՜, Ճշմարտություն, քաղցր ու ահարկու,
ես խոնարհվում դարձյալ քո առաջ։

Սակայն չեմ կանգնում ու չեմ խորանում,
էլ չե՜մ վերլուծում՝ վախկո՞տ եմ, թե՞ քաջ,
էլ չե՜մ մտածում՝ խի՞նդ էր, թ՞ե հառաչ,
որ ծնվում անկարծ՝ խոհերիս խորքում,
մերթ բանտում է ինձ անցյալի գրկում,
մերթ հրում է դուրս՝ կյանքին ընդառաջ,
դարձընում է ինձ անխարդախ-արդար
խոստովանող ու ինքըս ինձ համար
միանգամայն մի խոստովանամայր…

Ես կարևորում տրված պարգևը,
լուսավորում եմ կյանքիս պատկերը,
գրում-տալիս եմ հոգուս պարտքերը՝
ամենքի դիմաց հոգիս բանալով,
ամենքի դիմաց թղթին տրվելով,
այսպես՝ տրվելով նաև ամենքին,
ապրել-մեռնելով ամենքին ի տես
ու սավառնելով անհուն երկնքով՝
վերածնվելով մի նոր երկունքով…

Ես այդ պահերին մենակ եմ անշուշտ։
Այսինքն, ինչպես հայելու դիմաց
լոգանքից հետո՝ թարմ ու մաքըրված…
Օ՜, չըսխալվեք։ Միայնակության
մասին չեմ խոսում կամ անշարժության
մատնըված անշունչ, անկենդան մարմնի,
երբ դուռը փակ է, սակայն կըղպըված
վանդակի ներսից բանտյալի ձեռքով,
ուրեմն՝ փակված բանտյալի կամքով…

Մինչ միայնության հրամանին հլու՝
մարմինը գանգատ ունի միշտ լալու,
իր բանտում իր իսկ շղթան է կռում,
գաղտնիքնե՜ր ունի մենությունը բյուր,
խորհուրդներ ունի բազմահըրապույր,
որ արարումի լույս-սերմն է կրում…
Ես իմ մենության լույսին միանում,
այդ լույս-սերմո՜վ եմ հենց հղիանում՝
փրկվելու համար ինքըս ինձանից…

Ու փոխակերպվում, թևեր եմ առնում,
էլ հողեղեն չեմ, ոգի եմ դառնում,
դուրս եմ սլանում մարմնի կապանքից…
Այսպես՝ օրհնըված զորությամբ անհայտ,
թափանցում եմ ես տարածքներ անգայտ
ինչպես ռենտգենյան հուժկու ճառագայթ,
հոգու թրթիռն եմ որսում-փոխանցում
թղթի տիրույթին ու կենդանացնում,
երևակում եմ անտեսանելին…

Որ երբ գրիչըս բարդը պարզացնի,
խորթ թվացողը հարազատացնի,
իմ գաղտնարանի խորքերից պեղված
մի երգ դարձընի՝ ամենքին հղված
մի խոստովանանք զարմանքներով լի,
դարձընի նաև արծաթ-հայելի…
Անդ ամեն հայող գտնի ինքն իրեն,
իր անձը, դիտված իմ երրորդ աչքով՝
արարման պահին տրված հրաշքով…

Ես գտնեմ հազար ու մի բարեկամ,
որ մենության ի՜մ խորհուրդը լըսեն,
երգերըս կարդան, հըրճվանքըս կիսեն…
Ասեն, թե հըրաշք, հըրա՜շք է իրոք,
երբ երգ ծընողը և ուրիշ ոչ ոք
ենթարկել գիտե ամենակործան
միայնությունը արարման կանչին՝
կյանքի կոչելու միտք ու ականջին
անհասանելի հոգու մեղեդին…

Ասեն՝ հիրավի արժանի ես դու
մեզ համար անուշ երգեր գրելու՝
բանաստեղծության թագը կրելու…

Ասեն՝ օրհնըվես, գրիչըդ դալար,
դու՝ խոստովանող անխարդախ-արդար
ու միանգամայն խոստովանամայր…
12-07-06