Կ Ա Կ Տ Ե Ն Ի Ն

 

 

(նվիրում եմ Դավիթին և Հակոբին)

ՑԱՎ

Կակտենին կարմիր ծաղիկներ ծընեց,
պատսպարեց իր բյուր փշերի մեջ,
խորհեց՝ թող նայեն, հեռվից հիանան,
պոկել-ցավեցնել չկարողանան։

Զարմիկիս գերեց, հմայեց գույնը,
փշոտ կակտենուն ձեռքը երկարեց,
ու մատիկներից կաթած արյունը
բույսի վրա նոր ծաղիկ նկարեց։

Չորս տարեկան էր փոքրիկ երեխան
ու չէր հասկանա ցավը բնության։
Իր ցա՜վը լացեց, գոռաց ի՜ր ցավից,
մայրիկի՜ն գրկեց, խռովե՜ց ծաղկից…

ԽԻՆԴ

Նոր զավակով էր քույրիկս հղի։
Մինչ չորս տարեկան արտասվող տղան
պատսպարվել էր գրկում մայրական,
նրա կրծքի տակ խայտաց երեխան։

Մի պահ ցնցվեցին թե՛ մայր, թե՛ որդի,
անակնկալ էր երկուսի համար…
Նայեցին իրար… Որդին զարմանքով,
իսկ հղի մայրը՝ անուշ բերկրանքով…

Ես՝ ականատես և հուզված նույնքան,
լսեցի այնժամ հոգուցըս մի ձայն՝
էլ չըհապաղել, առիթը քաղել,
բացատրել նրան, թե արյունոտված
մատիկի համար մամայի փորում
եղբայրն էլ տխրել ու լաց է լինում…

Օ՜, պետք էր տեսնել, թե տղան ինչպես
մայրիկին փարվեց, ինչպես համբուրեց
եղբորը անտես, փաղաքուշ ձայնով
ինչպես համոզեց ու մխիթարեց
մեծ մարդու նման ու ասաց նրան.
-Ապերի՜կ սիրուն, ես էլ չե՜մ լացում,
փոքրիկ մատիկս, տե՜ս, էլ չի՜ ցավում։

Հետո բերեց իր վերմակը փափուկ,
փոքրիկ ձեռքերով փաթաթեց ըզգույշ
մայրիկի փորին՝ ապահո՜վ, տաքու՜կ,
ասաց՝ ապերիկ, դու քնիր մու՜շ-մու՜շ…
03-25-04