ԿԱՆԱՉ

 

 

Ի՜նչ խորհուրդ ունի անտառը թաքուն,
կարծես ծերունի լինի իմաստուն,
ի՜նչ հեքիաթներ է ականջիս պատմում,
հըրա՜շք հեքիաթներ, որ չեմ կարդացել…

-Դու,- ասում է նա,- անտառին նայում,
ծառեր ես տեսնում: Ծառը կա ու կա,
բայց չե՜ս իմանում՝ ամեն ծառի մեջ
մեկ հարս է ապրում և մեկ հատ փեսա:

Ես ծիծաղում եմ: -Օ՜, հեքիաթ է սա,-
ու փաթաթվում եմ մտքիս ծերունուն,
թե՝ նորը ասա…

Իսկ նա պատմում է, որ իր անտառում
չինար հասակով, թագ ու պսակով,
հայոց տարազով, սիրո մուրազով
անթիվ անհամար հարսեր են նազում,
որ փեսաներին այնպե՜ս են սազում:

Շարունակում է, թե ամեն մի զույգ
շյուղ է մի դալար, հույսի մի նոր ծառ:
Անտառապահն է հավա՜տքը անմար:
Տիրոջն ուղղըված աղո՜թքն է հայ մոր
սաղարթների մեջ խշշացող քամին
ու նաև օրոր նորածիններին,
որ նրանք խաղաղ քնեն-արթնանան:

Տերևներից վար հողին երկարած
շուքն է խաղարան, տերևների մեջ
անուշ թևածող սյուքը՝ տաղարան,
որ հայոց երգ ու խաղով մեծանան
որդիքը մեր տան, որ հասակ առնեն,
ծըլեն ու ծաղկեն, ճյուղեր արձակեն՝
ծառը զորանա, ազգը բազմանա՜:

Ես ծիծաղում եմ, -Ի՜նչ հրաշք է սա:
Ես լաց եմ լինում. -Նոր հեքիա՜թ ասա:
Ու փաթաթվում եմ մտքիս ծերունուն՝
խնդրում եմ՝ նորի՜ց, նոր հեքիաթ պատմել,
ուզում եմ լսել, ուզում եմ լսել…

Ի՜նչ խորհուրդ ունի անտառը թաքուն,
ասես ծերունի լինի իմաստուն,
միշտ իմ ականջին խոսում է թաքուն,
նոր հեքիաթներ է շշուկով պատմում:
Հրաշք հեքիաթներ, որ ոչ մի գրքում
դուք չեք կարդացել…
04-08-04