Աստված մի օր խինդ է տալիս,
որ երկնքի փառքն իմանանք,
ցավ է տալիս հաջորդ օրը,
որ աշխարհի կարգն իմանանք,
ծառի նման՝ երեկ կանաչ,
վաղը դեղին ու անտերև,
թառամելու ահ է տալիս,
որ ծաղկելու հարգն իմանանք…
Գիտե՞նք արդյոք փառքը երկնի
ու աշխարհի կարգը իրոք,
հասկանու՞մ ենք, թե մայր հողից
ծնված ծառ ենք մենք էլ իրոք,
ծառը դեղնում ամեն աշուն,
բայց գարնան հետ միշտ կանաչում,
մարմնի ծառը թե թառամեց,
չի դալարի մեկ էլ իրոք…
Չէ՞ որ խինդը միշտ ցավի հետ,
ցավն էլ խինդի հետ է տրված,
ինչու՞ հապա խինդն ուրանում
ու ապրում ենք ցավին տրված,
արցունք պետք է, բայց ժպիտն է
մարմնի ծառը կանաչ պահում,
այս երկնի տակ՝ երկրի վրա
մեզ միայն մեկ կյանք է տրված…
09-19-05