Երազների մեջ մեկ այլ երազի՝
տան ու օջախի անունը պահող
միշտ ակնկալվող արու զավակի
նախշուն բարուրի գույնն է կապույտը:
Նորածինների գլխարկի վրա
մեծ մայրիկների աղոթքով կարած՝
չար լեզվից, աչքից պահպանող-փրկող
հմայիլների գույնն է կապույտը:
Աղքատ կամ հարուստ, բայց մշտազվարթ
անհոգ մանկության, պատանեկության
ու ջահելության անցած օրերի
ամենասիրուն գույնն է կապույտը:
Երազներից վեր մեկ այլ երազի՝
հայրենի երկրի Գեղամա բարձրիկ
լեռների գրկում ապրող ջրերի՝
Սևանա լճի գույնն է կապույտը:
Նաև այն վայրի գույնն է կապույտը,
ուր հանդիպում են հին երազները,
իրենց կարոտը ամպերին խառնում,
անձրև են դառնում, հողն են համբուրում:
Հայ մանկան երգի գույնն է կարոտը,
որ աղոթքի պես անուշ է հնչում՝
լույսերը հենց որ հեռվում երևան,
գիտցե՜ք, հասե՜լ ենք արդեն Երևան:
Իսկ լույսերն իրոք պիտի երևան
իմ քաղաքամայր, իմ լա՜վ Երևան,
զի մանկանց արդար շուրթով է խոսում,
պատգամ ուղարկում Տերն ամեն անգամ:
Հույսի, հավատի, սիրո անփոփոխ
խորհուրդն ամփոփող հինավուրց երկրիս
մաքուր երկնքի գույնն է կապույտը
հայոց դրոշին, արյան կարմիր ու
ոսկե ցորյանի գույների կողքին:
04-20-04