ԿԱՊՈՒՅՏ ԱՐՏԱՍՈՒՔ

 

 

Իմ կապույտ ծաղիկ փոքրիկ ու խոհուն,
սիրո պատգամ է փնջիկդ սիրուն,
դու հեռու մարդկանց ցավերից անհուն,
դաշտերի անծայր անդորրն ես սիրում։

Հանդ ու լեռների կապուտաչ դստրիկ,
երբ անուշ բույրով, նազանքով գողտրիկ
ավետում ես մեզ բերկրանք ու գարուն,
անտես թախիծ է հոգուցդ ծորում։

Եվ գիտե՞ն արդյոք, որ դու էլ ինձ պես
տեսնում ես, լսում, տխրում ես նույնպես։
Ավա՜ղ, չես կարող պատմել ու խոսել,
ըզգացումներդ ինձ նման կիսել։

Դրա համար էլ քո աչուկներում
ամեն առավոտ լույսի հետ բացվող
ադամանդի մի կաթիլ է դողում՝
կապույտ արցունքդ, որ կոչում են …ցող։
04-05-2001