Ոչ մեկը չկա շուրջը սեղանի,
լափել-թափել են, թողել, հեռացել,
օղու դատարկված շշեր մի քանի
և ոսկորներ են միայն մնացել։
Կուշտ կերած-խմած նստել ու ահա
խոսք ու զրույցի սեղան են բացել,
ծովը բոլորի ծնկի՜ց է հիմա,
և ո՞վ կարող է հակառակ խոսել։
Գոռում, գոչում են, քանդում նոր ու հին,
պարապ է թեև գլուխը նրանց,
որովայնը հո լեցուն է կրկին,
ուստի՝ աշխարհի հերն էլ անիծած…
Իսկ դրսում տխուր անձրև է մաղում.
ցուրտ է փողոցում։ Եվ բակում մեծ տան
մրսած ու անտեր մի փոքրիկ կատու
լալիս է, փնտրում տաքուկ ապաստան։
Սովից լիզում է մռութը թրջված,
աչքը չորս արած ուտելիք փնտրում,
մեծ տան աղբարկղի կափարիչը բաց
խեղճ գազանիկին հույս է ներշնչում։
Ու մտածում է՝ տերերն այս մեծ տան
իր համար մի բան թողե՞լ են տեսնես,
թե՞ խժռոտել են իր բաժի՜նն անգամ,
ու կատվի հերն էլ անիծել այդպես…
01-05-2002