Ի՞նչ է մոտիկը ու ին՞չ է հեռուն, և որքա՞ն պիտի
հեռու չլինի չափվելիքն արդյոք, որ արհամարհեն
տարածությունը, չափելին իրոք մոտիկ համարեն,
չափումը՝ հարմար, չափողին՝ արդար:
Թողենք արդարը կամ անարդարը, թողենք
հարմարը կամ անհարմարը, վերջապես թողենք
կշռել-չափելը՝ եղածից հետո արցունք թափելը…
Քանզի ի՞նչ չափով և ինչպե՞ս չափել մոտիկն ու հեռուն,
երբ յոթը սարից ու յոթը ծովից անդին այդ հեռուն
միաձուլված է սիրտ ու թոքիդ հետ, այնպե՜ս է խրված
բջիջներիդ մեջ, շնչելիս անգամ ցավ է պատճառում,
ուստի չափելը բաց վերքի վրա աղ ցանելու պես
մի բան է դառնում ու հին ցավերին նորերը բառնում…
Քանզի կչափես տարածությու՜նը, էությունն ինչպե՞ս,
ո՞ր չափով չափես, կամ ինչպե՞ս կշռես ցավն այս կացության
և պանդխտություն կոչվող վարակիչ այս հիվանդության…
Ուրեմն հեռուն թողենք իր տեղում՝ մեկի սրտի մեջ,
մյուսի ուղեղում, աչքի մեջ՝ որպես երազ աննման,
չմարող հույսի, անսկիզբ-անվերջ աղոթքի նման:
Եվ այսուհանդերձ ո՞րն է մոտիկը: Քթի՞դ կպածը,
որ քովդ է, իրավ ու շատ իրական, ուստի երազի
կարիքը չկա և կամ աղոթքի խնդիր չէ բնավ,
շոշափելի ՜է, ջանք չի՜ պահանջում, հոգիդ չի՜ տանջում…
Եվ եթե սա է մոտիկ լինելու նախապայմանը,
ուրեմն պետք է անպայման գտնել և այն սահմանը՝
որքա՞ն ավելի մոտիկն է արդյոք իսկապես մոտիկ:
Մաշկի՞ն կպածը, թե՞մի քիչ էլ խոր՝ տակը մտածը:
Իսկ ավելի խո՞ր՝ կրծքի վանդակում լուռ կծկված՞ը…
Հինը կորցրած, նորը չգտած սրտին կպածը՝
կարո՜տը, ցա՜վը… Սրտի՜դ կտորը: Բայց ո՞ր կտորը,
քառո՞րդը, կե՞սը, երե՞ք քառորդը, թե՞ չորս չորրորդը…
Գուցե այստե՞ղ է այն հանգրվանը, ուր վերանում է
մոտիկից հեռու ձգվող սահմանը քո արյունի մեջ՝
կաս-կարմիր ներսում, բայց կապույտ դրսից, քանզի հոսում է
երակներիդ մեջ ու մաշկի ներքո, ու երբ որ դրսից՝
հեռվից են նայում, երազի նման կապույտ է թվում…
Փակիր աչքերդ, նայիր անհունին, և երկնի լազուր,
անծիր կտավին հաջորդ վայրկյանին կերևա գույնը,
կաս-կարմիր գույնը քո հեռու-մոտիկ այրող կարոտի…
04-07-04