ԿԱՐՈՏԻ ԹԵՎՈՎ

 

 

Ակնկալելով հոգուցս դեպի
անհունը ձգվող խոլ երազներիս
ուղեկից գտնել, գտնել բարեկամ,
իմ կարոտների գաղտնիքը բացում,
անբացատրելի իմ թռիչքների
խորհուրդն էի ես այլոց հետ կիսում
միամտորեն և բարյացակամ,
իսկ ավելի ճիշտ՝ դեռ փորձում էի
բազմաձայնության մեջ ներդաշնակել
մեղեդիներըս կարոտից ծնված…

Միամտորեն և բարյացակամ,
ասում էի, թե դեղ է կարոտը,
հեքիաթի հրաշք ջրին է նման,
որ կյանք է տալիս մեռնող հուշերին,
ասում էի, թե կարոտի պահին
ճիշտ այնպես, ինչպես անուշ երազում,
թոքերի օդը բազմապատկըվում,
զույգ թիակներին բսնում են թևեր,
մարմինը ասես սավառնում է վեր՝
թռչունի նման ճախրում է երկնում…

Միամտորեն և բարյացակամ,
պնդում էի, թե հոգու երկնքում
անտես թռչունի երթը պահելու՝
մեռնելուց առաջ, այն էլ ինքնակամ,
չմահանալու նախապայմանն ու
կյանքը սիրելու կերպն է կարոտը,
անհրաժեշտություն՝ ճիշտ օդի նման,
թե այդ կարոտն է կենդանի պահում
և, օդի նման, օ՜, Աստվա՜ծ չանի,
եթե պակասեց՝ շնչահե՜ղձ կանի…

Ասում էի՝ հենց օդ է կարոտը։
Առանց կարոտի սիրտը կմարի
օդից զըրկըված կրակի նման։
Միամտորեն և բարյացակամ,
հավատում էի, թե կհավատան,
և չի չխավարի լույս առավոտը…

Բայց ամեն անգամ ցավում էր հոգիս
անսիրտ-անհոգի այն պատասխանից,
թե իմ կարոտի այս անբուժելի
հիվանդությունից ազատվել է պետք։

Ես …ազատվել եմ հիվանդությունից։
Կարոտիս մասին հիմա չեմ խոսում։
Խորհում եմ միայն մտքում՝ ինքըս ինձ,
մարգարիտներ եմ տողերիս հյուսում,
և դու՛, ընթերցող, հի՜ն, նո՜ր բարեկամ,
կարդում ես գիրքս և ամեն անգամ
միամտորեն և բարյացակամ,
տողերիս ճամփով խառնըվում երգիս,
միանում անուշ կարոտի երթիս,
ճախրում ես ինձ հետ թռչունի նման…

Եվ օդի մասին ո՞վ է մտածում։
Չէ որ թոքերի գոյության մասին
չենք էլ կասկածում հե՛նց նրա համար,
քանզի …շնչում ենք ինքնաբերաբար։

Մտածիր նաև կարոտի մասին
միևնույն ձևով։ Օ՜, մի կասկածիր։
Հիշի՜ր, սիրելի՜ս, անգիտակցաբար
կամ գիտակցաբար, ճիշտ շնչելու պես
ու շնչելու հետ՝ ուզես թե չուզես,
դու կարոտու՜մ ես։ Եվ անուշ ցավից
չըհըրաժարվես.. Ճախրե՜նք միասին…
06-02-04