Մանուկ հորեղբայրս մի շուն ուներ՝ բաց-սրճագույն թավիշ մաշկով, սև-թախծոտ աչքերով, բարալիկ-երկար ոտքերով աննման արարած, որին եղնիկ կարելի էր համարել, եթե շուն չլիներ։
Լեյդին բոլորի սիրելին էր։ Ոչ միայն նրա համար, որ գեղեցիկ էր ու բարի, այլ նաև նրա համար, որ տխրել և ժպտալ գիտեր։ Այո, իր ատամները բացել ու ժպտալ։ Զարմանալի կենդանին ասես հասկանում էր տիրոջ խինդն ու ցավը։ Նրա հետ հիվանդանում էր, կորցնում էր ախորժակը, նրա հետ առողջանում՝ վերջապես դուրս էր գալիս հորեղբորս մահճակալի տակից ու …բացում էր ատամները։
Հորեղբայրս ապրում էր մեր տան կողքին։ Լեյդին կամ իրենց տանն էր և կամ էլ մեր տանը՝ իր տիրոջ կողքին։ Երկու օր չերևացին. Մանուկ հորեղբայրս հիվանդ էր։ Երեք ժամը մեկ պետք է սրսկեի նրան։ Երբ առաջին ասեղը ձեռքիս մոտեցա, տեսա, որ Լեյդին տխուր աչքերով ինձ է նայում մահճակալի տակից։
Դա նորություն չէր։ Բայց երբ տուն էի դառնում, շունը եկավ ետևիցս, հասավ մեր դռանը ու թողեց, ետ գնաց։ Նույնը կրկնեց երկրորդ սրսկումից հետո՝ երեք ժամ անց։ Սա էլ չզարմացրեց։ Երբ պատրաստվում էի երրորդ սրսկումին գնալ, ես շանթահար եղա՝ Լեյդիին գտնելով մեր դռան առջև։ Շունը ճիշտ երեք ժամ անց ինձ էր սպասում… Այսպես ամեն երեք ժամը մեկ՝ մինչև վերջին ասեղը…
Միշտ անհամբեր սպասում էինք, թե երբ պիտի Լեյդին ձագ ունենա, իսկ նա, զարմանալիորեն, միայն մեկն էր ունենում, հիասթափեցնելով սպասողներին և ամեն անգամ առիթ տալով հորեղբայրս՝ հպարտորեն կրկնելու.
-Լեյդիս իսկակա՜ն լեյդի է…
Մի օր, խիստ հուզված, նա մեզ կանչեց, թե՝ տեսեք, շունը ինչ է անում։ Լեյդին նոր ձագ էր ունեցել, որ, ինչպես միշտ, տվել էին ծանոթներից մեկին….
Շունը կուչ էր եկել սենյակի անկյունում, գրկել էր հորեղբորս սրճագույն թավշե հողաթափը և տեղից չէր շարժվում։ Չէր արձագանքում ոչ տիրոջը, ոչ էլ մյուսներիս։ Հորեղբայրս գրեթե արտասվում էր, և մենք էլ սառել-մնացել էինք։ Լեյդին օրերով չկերավ ու չխմեց, մնաց իր անկյունում՝ հողաթափը գրկած…
-Աս շունին ըրածը մեռցուց ինծի,- կրկնում էր հորեղբայրս, որ նույնպես ոչ կարգին կերավ, ոչ էլ երևի քնեց մի քանի օր…
Այդ տարիներից անջնջելի մի պատկեր ու անպատասխան հարց է մնացել հոգումս՝ շան սերն ու կարոտը որքանո՞վ է տարբեր մեր ունեցածից…