ԿԱՐՈՏԻ ՇՂԹԱ

 

 

Գիշեր է նորից, մեկ դժվար օր էլ պատմություն դարձավ,
փորձություններիս վրա գումարվեց նորը, մեկ հատ էլ,
օ՜, այս տարիքում ինձ չի զարմացնում ո՛չ խինդ և ո՛չ ցավ,
թե լավից լավ կա, վատից վատն էլ կա, պետք չէ վհատվել։

Ամենօրյա իմ աղոթքների ու խոկումի պահին,
երբ փակ աչքերով ես կարոտներիս լուծումն եմ փնտրում,
մարմինս թողած՝ դեպի սարերն է թռչում իմ հոգին
ու գագաթներին անհուն երկնի տակ թևերը փռում։

Այս թռիչքը իմ հոգու զրույցն է սեգ սարերի հետ՝
արցունք ու ժպիտ, աղերս ու բողոք, տագնապ ու կարոտ,
որ ինձնից պոկվում, աստղերի լույսին խառնըվում հավետ,
անքուն աչքերիս երազն է դառնում մինչև առավոտ։

Ես լեռներին եմ միայն վստահում հույզերս անանուն,
հետո զղջում եմ՝ բայց ինչու՞ հոգիս օտարին բացի…
Բընության դեմ այս մեղավոր մտքից խիղճըս ծանրանում,
սիրտս հառաչում ու հառաչանքս փոխվում է լացի։

Լեռները լուռ են։ Նայում են, տեսնում, ոչինչ չեն ասում,
բայց ես լսում եմ նրանց լռության խորհուրդը օրհնյալ՝
հողն է քեզ օտար, մեր եղբայրն է քո լեռը սիրասուն,
մի լար, մենք գիտենք քո կարոտները ներկա ու անցյալ։

Եվ այսպես ահա ամեն Աստծո օր, ամեն իրիկուն,
երբ փակ աչքերով իմ ճակատագրի էջերն եմ թերթում,
երբ սավառնում եմ, հանգրվանում եմ լեռների գրկում,
կարոտից ծնված մի նոր աղոթք է հոգուցս հորդում…
01-03-03