Արձակեցեք այս ձիերին, բարի՜ մարդիկ։
Խորհեք ապա, ի՞նչ կանեիք, ի՞նչ կզգայիք,
եթե ձեզ էլ առավոտից մինչ երեկո
և ամեն օր՝ տարին բոլոր ու շարունակ,
լծված, կցված այս անզգա, այս պտտվող
շրջանակի՝ կարուսելի շառավիղին,
ըստիպեին տեղում դոփել նույն երգի տակ…
Եվ ավելին՝ վերելքների, վայրէջքների
պահին էլ դեռ ձեր կողերը խթանեին։
Խորհեք ապա, ի՞նչ կանեիք, ի՞նչ կզգայիք։
Ի՞նչ, քարի՞ց են, և գլուխս զու՞ր տաքացավ,
ասել կուզեք՝ քարի՜ց ձիեր, թախի՞ծ, կամ ցա՞վ…
Արդարությունն այս մարդկային ունի՞ սահման,
եթե ունի, անմարդկային է անպայման։
Քարսի՛րտ մարդիկ, արձակեցեք խեղճ ձիերին,
ես չեմ կարող հանգիստ նայել այս քարերին,
էլ չեմ կարող ես հանդուրժել այս քարակերտ
տխրությունը, աղաղակող լռությունը…
Արձակեցե՛ք, արձակեցե՜ք այս ձիերին։
03-19-2001