ԿՈՀԱԿՆԵՐ

 

 

Ցերեկվա տապի հետքն իսկ չկա, ասես չի էլ եղել։ Զովաշունչ երեկոն իր հետ սրբել-տարել է տաքի սրտմաշուկը՝ հազիվ նշմարելի մի զեփյուռ միայն թողնելով պարտեզում, որ դեռ խաղում է ծառերի կատարներին՝ սաղարթների մեջ։ Փորձում է փախցնել նրանց քունը։
Ապարդյո՜ւն։ Պարտեզը քնած է արդեն։
Իմ հոգու հետ է խաղում… Փախցնում է իմ քունը…
Ջրավազանն էլ արթուն է։
Լուսինը կախվել, իր անդրադարձն է նկարել ջրերի վրա։
Աստղերը չեն կարող… հեռո՜ւ են։ Դիտում են միայն, աչքով են անում…
Անշարժ, ակնդետ՝ զմայլվում եմ պատկերով։
Պարտեզի անդորրը փոխանցվում է հոգուս։ Խոկումի խաղաղությունն եմ ըմբոշխնում լռության մեջ։
-Ինչ հրա՜շք է գիշերը…
Խոհը լողում է կոհակ առ կոհակ, երկարում է թևերը, հասնում է լույսին։
-Ես քե՜զ էի սպասում…
Ջրավազանի շափյուղա ջրերի մեջ Խոհ ու Լույս փաթաթվում են իրար։
Լուսինը սարսռում է հանդիպման հաճույքից… դողում է… օրորվում մի պահ… ապա պոկվում է տեղից, լողում-միանում է կոհակների շուրջպարին՝ ալեկոծելով ջրերի հանգիստը։
Ջրավազանի հայելին անդրադարձնում է լուսնալույսի խաղը՝ ցոլացումներով վետվետուն… ու խոհերիս տրոփը՝ կոհակների մեջ անսանձ, գիշերով գինովցած…