ՀԱՅԵԼԻ

 

 

Իմ հին բարեկամ, անկեղծ, ճշմարիտ,
ինձ ցավ պատճառել, գիտեմ, չես ուզում,
բայց աչքերիցս երկու մարգարիտ
կախվել են անզոր, սիրտս են ակոսում։

Քո արծաթափայլ կտավի վրա
պայծառ ժպիտս կնճիռ է դարձել,
եղյամ է իջել վարսերիս ահա,
տարիքն ուսերիս ի՜նչ բեռ է բարձել։

Պղտորվել է քո պատկերը հստակ,
էլ լավ չենք տեսնում դու ինձ ու ես քեզ,
բայց, տե՛ս, մաքրում եմ արցունքներըս տաք
ու ծիծաղում եմ հին օրերի պես։

Եվ ժամանակի վրձինը անտես
որքան էլ կնճիռ-ակոս ավելի,
չեմ արտասվելու, ժպտալու եմ ես,
թող ժպիտը այս դեմքը ավերի։
04-02-2003