ՓՇՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թե ինչ է փչել խելքիդ, ո՞վ գիտե,
դու բակ ես տարել հայելիդ մի օր,
նայել ես նրա դեմքին արծաթե,
նայել ես երկար ու մտամոլոր։
Վերջին մի հույսով՝ որպես բարեկամ,
հոգուդ նկարն ես ցույց տալ թախանձել՝
քո պատկերից դեն գոնե մե՜կ անգամ
անտեսանելի խորքըդ թափանցել։
Ապակին սակայն՝ սառը, անզգա,
արծաթից անդին չի թողել անցնել,
դալկացած դեմքըդ հայելու վրա
ևս մեկ անգամ սառույց է դարձել։
Սահման է դարձել քո ու քո միջև,
անդրադարձիդ հետ վիճել ես, վիճել,
ո՛չ նա է զիջել, ո՛չ դու ես զիջել,
մինչև հայելուն բռունցքդ է իջել։
Պարպել ես գինու գավաթը վերջին՝
ինքդ էլ փըշըրված քո պատկերի պես,
որթատունկի ծեր, կորացած մեջքին
տարել, կախել ես հայելին։ Թե՞ քեզ…
Նա հիմա բակում՝ խոցված-վիրավոր,
ապրում է գինու դատարկ շշի հետ
ու լուռ նախատում, իսկ դու՝ մեղավոր,
արդարանում ես՝ արվեստ է, արվե՜ստ։
Եվ ի՞նչ շահեցիր։ Հին բարկությունդ,
նոր պարտությունդ միայն քեզ մնաց,
և փշուր-փշուր արձանագրություն
դարձած հայելիդ՝ աչքերիդ դիմաց։
ՓՇՐՎԱԾ ԵՐԵԿՈ
Դու ինձ կանչեցիր, որ խոսք ու հացի
հաճույքը ապրենք միատեղ մի օր,
որ սեղանի շուրջ հարց ու զրույցի
մտերմության մեջ կիսենք հին ու նոր։
Աշուն էր խորունկ ու ցուրտ էր այնքան,
և հաճելի էր տաքուկ սենյակում,
չկարողացա առարկել սակայն,
պնդեցիր՝ սուրճը ըմբոշխնել բակում։
Ճաշեցինք, հետո երբ կողքիդ նստած՝
սուրճս էի խմում դողալով դրսում,
երբ աչքս ընկավ հայելուն խոցված,
կարծեցիր, թե լոկ ցրտի՞ց եմ մրսում…
Ես դողում էի՝ խորհելով թաքուն՝
չէ՜, զրույց չէ սա, այլ՝ խոստովանանք,
ոչինչ ասացի այդ պահին բակում,
հետս տուն տարա լուռ մի պարսավանք։
Ցուրտը պատճառ էր, շուտ գնացի տուն
և այդ օրվանից, օ՜, մի կասկածի,
ամեն երեկո հացի եմ նստում
ինքս ինձ ուտելով՝ ինչու՞ չասացի…
Ինչու՞ չասացի, թե փշրել ես քե՜զ,
ոչ թե ապակու արծաթը անկյանք,
կոտրած հայելում՝ հիմա թե նայես,
պիտի ծռմռվես որպես տառապանք…
Պիտի տրոհվես հայելու վրա
քո անդրադարձի բյուր պատկերներում,
և ամեն բեկոր, թե նայես հիմա,
պիտի նախատի, թե քեզ չի ներում…
Կոտրած հայելին չէ՞ որ վերջապես
ի՜նչ բամբասանքի դուռ պիտի բացի,
լկտին բարձրաձայն պիտի ծաղրի քեզ,
միամիտն անձայն տխրի ու լացի…
Սնահավատը պիտի գա, խոսի
չարագույժ լեզվով, սիրտդ ավերի,
քո առանց այն էլ փլուզված եսի
հին տառապանքին նորը հավելի…
Ո՞վ գիտե, գուցե մի լավատես էլ
ջուր լցնի հույսիդ հին ջրաղացին,
բայց կա՞ մեկը, որ օգուտ է տեսել՝
խոսքի կարագը քսելով հացին…
Օ՜, անիմաստ էր կոտրել հայելին,
անմեղ հայելին պատճառ էր միայն,
արածըդ, անշուշտ, դատապարտելի,
տխուր հետևանք լոկ տկարության…
Ոչին՜չ շահեցիր։ Հին բարկությունդ,
նոր պարտությունդ միայն քեզ մնաց,
և փշուր-փշուր արձանագրություն
դարձած հայելիդ՝ աչքերիդ դիմաց…
Եվ, վերջիվերջո, բյուր ձևերի մեջ
մարդը անտեղյակ, աշխարհն՝ անտարբեր,
հայելիներում հար ու անընդմեջ
կըշարունակեն ցոլալ անարգել…
ՀԱՅԵԼՈՒՑ ԱՅՍ ԿՈՂՄ
Օ՜, բարեկամս, գործերդ բարդ են,
սա սովորական կռիվ չէ արդեն։
Չէ՞ որ հայելին, որքան էլ նայես,
պատկերից այն կողմ չի տանելու քեզ։
Պատճառ-հետևանք կապն իհարկե կա,
ջարդուխուրդ եղած հայելիդ վկա։
Բայց բացատրություն չկա իսկապես՝
ի՞նչը մղեց քեզ խենթանալ այսպես…
Զայրույթըդ իզու՜ր, իզուր չէ՞ր միթե,
դու տառապանքիդ պատկերն ես գտել,
ու այն ջնջելու ջանքով միամիտ՝
փշրել ապակին, փշրել ես հոգիդ…
Քեզ չեմ այպանում, անսիրտ չեմ, գիտես,
իմ տողերում էլ տառապանք կա, տե՜ս…
Լսի՜ր, որպեսզի սիրտըս քեզ բանամ,
խոստովանեմ ու քիչ թեթևանամ…
Թող անկեղծորեն խոստովանեմ քեզ,
թե քո ու մյուսի ու ամենքի պես
ես էլ երկփեղկվել իմ ու իմ միջև
և հարց եմ դրել հայելուս առջև…
Արդյո՞ք կթողնի հասնել իմ հոգուն,
որ տեսնեմ ներսըս՝ ծալքերըս թաքուն…
Բայց շուտ եմ զարթնել, հենց մտածելիս,
քանզի պատասխան չուներ հայելիս…
Չէ՞ որ հայելին, որքան էլ նայես,
պատկերից այն կողմ չի տանելու քեզ։
Հայելին չունի պատուհան ու դուռ,
ներսը չի բացվի ինչպես հասած նուռ,
որ հատիկները՝ մեկական հակինթ,
իրար ագուցված տառապանք ու խինդ,
խորհուրդը խորին բացեն մեր դիմաց,
աչքերը տեսնեն հոգին անթափանց…
ՀԱՅԵԼՈՒՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Հայելին չունի պատուհան ու դուռ,
ներսը չի բացվում ինչպես հասած նուռ…
Բայց կա խենթության՝ հրաշքի՜ վայրկյան,
անբացատրելի՜, անպայմանակա՜ն,
երբ մոռացումի մեկ ակնթարթում
աչքերս, արդեն տկարած այնքան,
որ ակնոցով եմ տեսնում ու կարդում,
ինչ-որ հրաշքով սևեռվում անթարթ,
ինչպես ռենտգենյան հզոր ճառագայթ
կտրում-անցնում են հայելի-սահման,
հաղորդվում լույսին տիեզերական,
ինչ-որ հրաշքով այնտեղ՝ վերերում,
տեսնում են բաներ, որ չեն երևում
հայելիների անդրադարձներում…
Ու սա վիճակ չէ մի սովորական,
երբեմն նույնիսկ ահով եմ լցվում,
քանզի ի՜նչ մտքեր խև ու խոլական,
ի՜նչ պատկերներ են իմ դիմաց բացվում…
Պատկերներ, որոնք երբեք չեմ տեսել,
քանզի նայել եմ, դիտե՜լ եմ միայն,
դրա համար էլ մտքիս չեն հասել
իմաստները և խորհուրդները այն,
լոկ գրանցվել են մտքիս շերտերում
որպես անդրադարձ՝ պատկեր հայելում…
Լսու՞մ ես, ընկեր, անգին բարեկամ,
չէ՞ որ հայելին առօրեական
կյանքի ճշմարիտ նկարը գծում,
կեղևից անդին չի անցնում սակայն…
Արտաքին շերտն է լոկ վերադարձնում,
դեմքն ու հագուստն է լոկ ներկայացնում
հայողի աչքին՝ կեղևը միայն։
Ու թե խորանանք, մտորենք էլի,
կեղև չէ՞ միթե նաև հայելին,
քամելյոնային այնքան ակներև
հատկանիշներով արծաթե կեղև…
Ամեն նայողի կրկնօրինակող,
ամեն նայողի դիմագիծն առնող,
և հաճախ պատկեր անշունչ դիմակի,
հետևաբար և անշունչ կրկնակի։
Ու թե խորանանք քիչ էլ ավելի՝
հայելի-հայող-հայող-հայելի
շրջապտույտում անըսկիզբ-անվերջ
դիմակահանդես դարձած կյանքի մեջ
զատելու համար չորը ու թացը,
որ բկից իջնի մեկ կտոր հացը,
որ չխեղդըվենք այս մթնոլորտում՝
պատճառ-հետևանք խառնաշփոթում,
պատճա՜ռը պետք է կարենանք զատել
ու հետևանքից հոգին ազատել…
Պատճա՜ռը պետք է գտնել իմանանք,
որ տառապանքից լուռ չխենթանանք
հայելու դիմաց՝ անմիտ, անհեթեթ
կռիվ մղելով այս աշխարհի հետ,
մեր ներաշխարհի դեմ ծառանալով,
սեփական անձին թշնամանալով…
Պատճա՜ռը պետք է գտնել իմանանք,
այլապես ինչպե՞ս քանդել կարենանք
իմաստազրկված սեր ու հարգանքի,
չափը կորցըրած գընահատանքի
սարդոստայնները, որ մարդն է հյուսում
սուտ ու կեղծիքի թելերով բազում…
Պատճա՜ռը պետք է գտնել իմանանք,
այլապես ինչպե՞ս խոսել կարենանք,
ասել կամենանք, թե չենք հանդուրժում
կեղծարարներին, որ կյա՜նքն են դրժում
իրենց ունեցած միակ հանճարով՝
իրենց չունեցած հոգու պատճառով…
Պատճա՜ռը պետք է գտնել իմանանք,
այլապես ինչպե՞ս, ինչպե՞ս կարենանք
այսպիսիններին որսալ ու պատժել
հենց իրենց զենքով՝ այսինքն մերժել
անմարդկային այն տարատեսակը,
որ գլխին դըրած լուսապսակը՝
անմեղ ու անբիծ հրեշտակ է խաղում,
բայց սատանայի աղունն է աղում…
Որ գիտե ոչինչ, բայց գործե՜լ գիտե։
Անսխալական գործածել գիտե
ուժը դիմակի։ Գիտե ձևացնել,
գիտե շատերի օրը սևացնել,
գիտե կուրացնել աչքն արդարության,
ոչինչ, թե շիլ է աչքը սեփական,
և շլությունը կեղև չէ միայն,
ներսի՝ ուղեղի պատկերն է համայն…
Քարը գլուխը պատկերն ուղեղի,
երբ սիրտն է շլված մտքից ավելի,
որ մաղձ է մղում, ոչ թե տաք արյուն,
դեմքին նկարում ժպիտ պաղարյուն,
որ արհեստական լուսավորությամբ
գայլը քողարկվի մեկ մտադրությամբ՝
որ ներկայանա բոլորին հայտնի
անմեղ կենդանու միամըտությամբ…
Որ իր գործն անի… Որ չհասկանան…
Որ կարծեն գառ է, ոչ թե գայլ-գազան…
Օ՜, մարդանման գազանն աշխարհում
խորոված մսով լոկ չի կշտանում…
Եվ չի հագենա, մինչև չըփորձի,
գառան դիմակով մինչև չըկրծի
միսը ցեղակցի ու արյունակցի…
Այստեղ վերջակետ։ Պետք չէ ավելին։
Արդեն ասացի մի քիչ ավելին,
և դու լռեցիր մեծ խոհեմությամբ
ու ինձ լսեցիր մեծ համբերությամբ։
Քո կարգն է հիմա։ Նույն համբերությամբ
ու խոհեմությամբ քո գործը արա։
Նայիր հայելուդ, բայց մի մըտմըտա
դեմքըդ տեսնելու և այլնի մասին,
ուշադրությունըդ մի տուր քո եսին։
Նայի՜ր պարզապես։ Նայիր տասն անգամ
կամ հարյուր անգամ, մինչև այլևս
դադարես տեսնել դեմքդ սեփական,
մինչև մոռանաս մարմին ու սահման…
Մինչև հայելիդ այլ պատկեր ցույց տա,
որ հանգիստ նայի ու բարի ժպտա,
դու փոխադարձես ժպիտով քնքուշ՝
խաղաղված արդեն ու այնքա՜ն անուշ…
Օ՜, չկասկածես, այնժամ, բարեկամ,
ինչ-որ հրաշքով, աչքդ փակ անգամ,
կտեսնես բաներ, որ չեն երևում
հայելիների անդրադարձներում…
ՆՌԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Միշտ լինում է այն, ինչ պիտի լիներ,
պիտի կայանար հանդիպումը մեր,
պիտի խմեինք սուրճը պարտեզում,
որ հասկանայի խոհերիդ լեզուն…
Աչքըս հայելուդ պիտի որ ընկներ,
պիտի կայանար լուռ բախումը մեր,
պիտի չասեի, սակայն, քեզ ոչինչ,
որ չխաթարվեր այն երեկոն ջինջ…
Հայելիդ ինձ հետ տունըս պիտի գար,
պիտի տանջեր ինձ ու հանգիստ չտար,
պիտի պըտըտվեր գլխումըս այնքան,
մինչև հայտնըվեր խորհուրդը նռան…
Պիտի հանդարտեր մտքերիս դողը,
ինձ պիտի տրվե՜ր բանալի տողը՝
հայելին չունի պատուհան ու դուռ,
ներսը չի բացվում ինչպես հասած նուռ…
Տրված խորհուրդը դարերի խորքից
հին առասպելներ պիտի պատմեր ինձ,
պիտի մայրանար իմ մտքի այգին՝
ալ կարմիր հագներ նռնենին կրկին…
Բոսոր ծաղիկը իր կանաչ ճյուղին
պիտի ծնունդ տար հըրաշք պտուղին,
նուռը պիտ ժպտար, ճաք տար հաճույքից,
պիտի մոռացներ արցունք ու թախիծ…
Պատկերը պիտի հմայեր այնպե՜ս,
որ չհիշեի ո՛չ ինձ, ո՛չ էլ քեզ,
մոռանայի և կոտրած հայելին,
նուռն իմ դեմ բացեր անտեսանելին…
Եվ հատիկներում՝ մեկական հակինթ,
իրար ագուցված տառապանք ու խինդ,
խորհուրդը խորին բացվեր իմ դիմաց
ու գաղտնարա՜նը՝ հոգին անթափանց…
Ականջներիս մեջ կաթե՜ր մեղեդին,
խենթացներ իմ մեջ ապրող պոետին,
ճերմակ թղթի հետ գրիչըս խոսեր
ու ա՜յդ մեղեդու բառերը հյուսեր…
02-09-06