Երանի մեկը գործիք հնարեր,
որ մանկան մի՜տքը լուսանկարեր։
Բանաստեղծական երեք տո՞ղ է լոկ,
լավատեսական խաբկա՞նք է, ցընո՞րք,
հըրաշք տեսնելու տ՞ենչ է հերթական՝
երազային ու անհավանական…
Թողեք հըրաշքը, հետևեցեք ինձ,
հետըս ճամփորդեք, վերապրեք նորից,
զի ձեզ տանում եմ մի ուրիշ եզերք,
մի անապական, փոքրի՜կ տիեզերք…
Հեքիաթներ պիտի անդ կենդանանան,
ու երազները իրականանան,
ի՜նչ հիշատակներ պիտի արթնանան
բանաստեղծության տողերում վառման…
Հըրաշքը այնժա՛մ պիտի կայանա՝
հեքիաթը պիտի ձեզ ներկայանա
ու ներկայացնի ճիշտ լույսի նման
մաքուր, անաղարտ աշխարհը մանկան…
* * *
Մեր տունը մեծ է ու շատ սիրելի,
այլ հմայք ունի մեր բակը սակայն,
բակը աշխարհ է զարմանքներով լի՝
հայրիկիս պատմած հեքիաթի նման։
Եվ այս աշխարհը երկու մաս ունի։
Պտղատու պարտեզ՝ փոքրիկ ուղղանկյուն,
և ծաղիկներով երիզված գունեղ
քառակուսաձև մի տարածություն։
Մայրս սիրում է ծաղկանոցը մեր,
և ծաղկանոցն է մայրիկիս սիրում,
մինչև ուշ աշուն, մինչև ձյուն-ձմեռ
ի՜նչ ծաղիկներ է նրան նվիրում։
Հայրիկս գիտե ծառերի լեզուն,
ծառերն էլ նրա ձայնը լավ գիտեն,
հայրըս նրանց հետ այնպես է խոսում,
կարծես ոչ թե ծառ, երեխաներ են…
Հայրիկիս ձայնով երգ ու հեքիաթ է
դառնում ամեն ինչ մեր շրջապատում,
մայրըս բառերով սիրել չգիտե,
ժպիտի լեզուն գիտե անպատում։
Լռակյաց մայրըս մեզ հետ միասին
սիրում է նստել, հայրիկիս լսել,
հետն էլ շյուղերով լսածի մասին
ձեռագործո՜վ իր հեքիաթը հյուսել։
* * *
Աչքիս տեսածը այդ տարիներին
վերլուծում էի ուղեղով մանկան,
իմ ինչուները այնքա՜ն շատ էին,
իմ զարմանքները՝ անհավանական,
զի իրական ու երևակայած
երկու աշխարհի միախառնուրդից
միշտ մի նոր պատկեր հորինվում ու ինձ
առնում-տանում էր իրեն ետևից։
-Խաղողի թուփը ոսկի՜ է հագել,-
ասում է հայրըս, ցույց տալով այգին,-
ու չի հասցընում բերանը փակել,
գլխիս մեջ հարց է արթնանում կրկին…
-Մամա՞ն է կարել շորերը նրա,
ինչու՞ իմ աչքը չի տեսնում ոսկին։-
Ու այս միամիտ հարցերիս վրա
հայրըս հյուսում է հրաշքն իր խոսքի։
Իմ մտքի աչքը առաջին անգամ
բացվում է այգում՝ հորս հեքիաթով,
տեսնում հագուստը ու ոսկին աշնան
հորս բառերում պարզ ու հոգեթով…
Հայրըս՝ խաղընկեր, հայրըս՝ բարեկամ,
հայրըս առաջին ուսուցիչն է իմ,
իմ ամեն հարցը՝ զարմանք հերթական,
իր պատասխանը՝ հայտնություն անգին։
* * *
…Մայրըս կտորին ճյուղ է նկարում
ու տերևներ է կողք-կողքի շարում։
Բայց ես չեմ տեսնում իր մատիտները,
տեսնում եմ միայն շարժվող մատները
ու կանաչ թելը՝ ասեղից կախված,
որ կարճանում է ու հետո հանկարծ
իր գույնը փոխում, նորից երկարում,
կարմիր ծաղիկ է հիմա նկարում…
…Մայրիկըս դարձյալ ծաղկանոցում է,
ես արդեն գիտեմ, ես մեծ եմ արդեն,
նա չի՜ նկարում, ձեռագործու՜մ է՝
ասեղնագործ են ասում այս զարդին։
Ես արդեն գիտեմ, որ մայրիկները
պես-պես շորեր են կարում ու հյուսում,
որպեսզի փոքրիկ, լավ աղջիկները
գեղեցիկ հագնեն տանը թե դրսում…
…Մայրիկըս նախշուն շա՜տ թելեր ունի
և իմ քույրերից ու ինձնից բացի
մեր բակում ապրող աղջիկներ ունի,
նրանց էլ հագուստ չի՞ ձեռագործի։
Ոգևորվում եմ գաղտնի այս մտքից,
պտտվում եմ իմ անկողնում փափուկ,
մայրիկիս ձայնը համոզում է ինձ՝
փակել աչքերըս ու քնել տաքուկ…
…Մայրըս ժպտում է, իսկ ես զարմացած
կանգնել եմ բակում, չորս կողմս եմ դիտում,
նայում գունավոր շորիկներ հագած
մեր ծաղիկներին ու չեմ հավատում։
Ինչպե՞ս իմացավ մայրիկըս արդյոք,
թե ես իմ մտքում ինչ եմ մտածել,
մարդու գլխի մեջ չի մտնում ոչ ոք,
ինչպե՞ս կարող էր մայրիկըս մտնել…
…Հայրիկն ասում է, թե մամաները
մինչև ուշ գիշեր մնում են արթուն,
հսկում, որ իրենց երեխաները
խաղաղ, ապահով մտնեն անուշ քուն։
Թե աշխատում են վաղ առավոտից
և չեն դադարում մինչև իրիկուն
տան, խոհանոցի բազում գործերից,
քանի որ ունեն ծո՜վ համբերություն…
* * *
…Մեր տունը մեծ է, մեծ ու սիրելի,
մեր բակը ուրիշ, ուրիշ է սակայն,
քանի որ բակը հրաշքներով լի
խաղի անկյուն է մի կախարդական…
Ահա թե ինչու մենք՝ երեք քույրիկ,
բակի անունը հեքիաթ ենք դրել,
և մեր հայրիկն ու մայրիկը քաղցրիկ
ասում են՝ ի՜նչ ճիշտ անուն եք ընտրել…
* * *
Երանի մեկը գործիք հնարեր,
որ մանկան միտքը լուսանկարեր,
որ ներկայացներ աշխարհը մանկան՝
մաքուր ու անբիծ, ճիշտ լույսի նման…
03-20-05