Հանիր դիմակդ պաղ ու անարյուն,
մի փորձիր խաբել, զուր է, ապարդյուն։
Տե՛ս, քո աչքերի աստղերում շողուն
բռնկված հոգիդ ինչպե՜ս է դողում։
Հանիր դիմակդ։ Դա միայն նեղում
ու խեղդում է քեզ։ Քեզ քեզնից շեղում,
մարում է հուրդ, մոխիրը թաղում՝
խորքերդ է վառում։ Ինչու՞ ես խաղում։
Հանիր դիմակդ, էլ մի հապաղի,
վաղու՜ց անցել է տարիքը խաղի,
սիրո տարիքդ կրակ է հեղում,
կրակն անթեղել, հոգիդ ես խեղում։
Հանիր դիմակդ, օգնիր ինքդ քեզ,
մերկացրու հոգուդ հմայքները բյուր,
աշխարհին պարզիր տենչերդ հրկեզ
ու բընությանդ ազատություն տուր…
08-02-2001