Նրա անունը չէր արտասանվում,
նրա անունը շուրթերը այրում,
տղայի հոգում դառնում էր հառաչ…
Բանաստեղծության մեկ տողը դարձավ
հառաչը մի օր, տողը երգ դարձավ
ու խոստովանանք՝ գաղտնիքը բացեց…
Աղջիկն անփորձ էր՝ շիկնեց, քարացավ
և ոչինչ ասել չկարողացավ,
գլուխը կախեց, հուշիկ հեռացավ…
Տղան էլ անփորձ, գոռոզ էր, սակայն,
ու չհասկացավ շիկնած աղջկան,
խոցվեց, դառնացավ, ինքն էլ հեռացավ…
Աղջիկը երկար հուսաց, երազեց,
անհույս երազանք, որ անլուր մարեց,
պատմություն դարձավ, երգի մեջ ապրեց…
Ու սիրո երգը շրջեց ամենուր,
խոսեց ու պատմեց ամենքին ի լուր,
այդ պատմությունը անավարտ տխուր…
Պատմեց, թե ինչպես մոռացավ տղան
առաջին սերն ու սիրած աղջկան,
բայց հետո լռեց, հառաչեց միայն…
Երգը խռովեց, չխոսեց ոչինչ,
բայց հառաչը, որ գիտեր ամեն ինչ,
գնաց ու ապրեց տղայի հոգում…
Ու նորից փորձեց տղային այրել,
ասել, թե ինքն էր իր սերը մարել,
ու ամեն անգամ հարցըրեց նրան՝
եթե երկի՜նքն էր ընտրած նըժարըդ,
անմեղ էա՜կն էր թե կշռաքարըդ,
ինչու՞ վար իջար մաքուր երկնքից…
ինչու՞ կորցըրիր սերըդ աստղային,
լույս որոնեցիր լամբարների մեջ
ապակեհոգի, ապակեմարմին…
11-07-03