ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԵԼՈՒ ԴԻՄԱՑ

 

 

-Ո՞վ ես դու։
-Հյուլե։
-Եվ անու՞նդ։
-Մարդ։
-Դու ինձ ծաղրու՞մ ես։
Ես հարցընում եմ հատուկ անունդ։
-Անունս ասացի, հատուկ անուն՝ Մարդ։
-Հետդ խոսելը հեշտ չի լինելու, լինելու է բարդ։
– Բարդություն չկա: Պատասխան է սա
շատ սովորական։ Անունը բառ չէ՞
մի պայմանական ու հաճախ կատակ։
-Անու՞նը, կատա՞կ։
-Այո՛, չա՜ր կատակ։ Ահա, օրինակ՝
անլույս մի Պայծառ, աներգ մի Քնար,
անբույր Վարդուհի, կարճլիկ մի Չինար,
դառը մի Անուշ, փնթի Մաքրուհի,
հանգած մի Արփի կամ պիղծ Սրբուհի…
-Չար լեզու ունես։
-Ետ առ խոսքերդ. իմ լեզու՛ն չէ չար,
իրողությու՜նն եմ խոսում՝ անաչառ։
Հայելի՞ն է ծուռ, թե՞ ծուռ նայողը։
-Լավ, համոզեցիր։ Թողենք անունը,
անցնենք նոր հարցի։ Ե՞րբ ես դու ծնվել։
-Կնոջ տարիքը չեն հարցուփորձում,
բայց ես անկեղծ եմ նաև այս հարցում։
Տասնհինգ նահանջ ու քառասունչորս
ոչ նահանջ տարի եթե գումարես,
և ապա հանես երկու հազարից,
իմ աշխարհ գալուս թիվը կգտնես։
-Հետաքրքիր է հետդ զրուցել։
Հաջորդ հարցըս է՝ ինչու՞ ես եկել։
-Հասանելիքս առնելու համար։
-Հենց դրա՞ համար։
-Եվ միշտ սիրելու։
-Կեղծիք է։ Հապա ատելությու՞նը։
-Նաև ատելու։ Այն տարբերությամբ,
որ ես ատում եմ ատելությունը։
-Իսկ քեզ սիրու՞մ ես։
-Ամենից առաջ և անտարակույս։
Ու Աստված չանի, այդ սերը մարի,
այնժամ կմարի կրակը հոգվույս,
և կկորցնեմ երջանկանալու-հարստանալու՝
սերն արտածելու կարողությունս։
-Իմաստու՜ն բառեր, որ պատասխանն են
չտրված հարցի՝ ինչպե՞ս արարել
երջանկությունը և ինչո՞վ լցնել
ունայնությունը, որ այս աշխարհում,
այս արևի տակ հոգին չմրսի։
-Փոքրիկ մի շտկում՝ այս արևի տակ
ոչ ո՛ք չմրսի… Դու ըսկսեցիր
ինձ նման խոսել, նշանակում է՝
հարցազրույցը պետք է ավարտել։
-Եվ անպատասխան մնաց լոկ մի բան։
Ի՞նչ էր անունդ։
08-12-2000