«Հրեշտակաց գագաթ» կոչված դրախտում
ճերմակ էակներ դեմը դուրս չելան,
բայց մի այլ հըրաշք՝ ճերմա՜կ, անպատու՜մ,
դիմավորեց ու ընդունեց նրան…
Քաղաքից հեռու այդ լեռների մեջ
նա գտավ կորած երջանկությունը,
բոցկլտացին ի՜նչ հուզումներ անշեջ,
ո՜նց էր կարոտել ձմեռն ու ձյունը…
Թվաց՝ արթնացավ աշխարհը քնած,
թվաց՝ ականջը ձայներ է լսում,
որ վաղուց-վաղուց արդեն խլացած
ու անտարբեր էր, ոչինչ չէր որսում…
Ո՜նց էր կարոտել թովչանքը ձմռան,
մոռացավ տարիք, հոգսեր նոր ու հին,
ճերմակ հըրաշքը կախարդե՜ց նրան՝
ապրած օրերը վերապրեց կրկին…
Սիրտը հին ռիթմով բաբախեց հանկարծ,
սիրտ, որին ոչինչ, ոչինչ չէր հուզում,
որ ոչ կենդանի ու ոչ էլ մեռած՝
կրում էր իր մեջ Լոս-Անջելեսում
Ու նորից ընկավ գիրկը հեքիաթի
ու հիշեց նույնիսկ է՜ն անհիշելին,
թըվաց՝ առնում է բույրը մոր կաթի,
մանուկ է կրկին մի երանելի…
* * *
…Փոքրիկ աղջիկը տեսնում է ինչպես
թիթեռնիկների նման վետվետուն,
ճերմակ ու թեթև՝ հարսի քողի պես,
անթիվ փաթիլներ պարում են օդում…
Տեսնում է ինչպես նրանք կամացուկ
սահում են ներքև, հպվում են հողին,
ու մտածում է՝ հոգնեցի՞ն արդյոք,
արդյոք ուզում են մտնել անկողի՞ն…
Նա չի հեռանա իր պատուհանից,
կսպասի, մինչև քնից արթնանան,
որ դիտի նրանց հանդեսը նորից,
որ չվերջանա հեքիաթն աննման…
Իսկ փաթիլները՝ պարի հաճույքին
տրված ու հոգնած, իջնում շարունակ,
իջնում, պառկում են հների կողքին,
փոքրիկ աղջըկա խաղին անտեղյակ…
Բայց ինչու՞, ինչու՞ իջնում վերերից,
շարվում կողք-կողքի, մնում են քնած,
զրկվում են իրենց նախշուն թևերից,
սառցափշուրներ դառնալով անդարձ…
Ու հարց է տալիս աղջիկը հուզված՝
ինչու՞ չի գալիս կախարդը բարի,
որ շարունակի հեքիաթն ընդհատված,
որ փաթիլն օդում վերստին պարի…
* * *
… Հանդեսն այդպես էլ չի շարունակվում,
պարող փաթիլներ էլ օդում չկան,
երջանկության լույս ժպիտը չքվում,
խինդը լքում է փոքրիկ աղջըկան…
-Հեքիաթը ինձնից խռովեց, գնաց,
մայրի՜կ, հեքիաթը հետըս չի խաղում,-
գանգատվում է նա ու վիրավորված՝
մայրիկի գրկում լացից նվաղում…
Փոքրիկ աղջիկը դեռ չի իմանում,
թե հեքիաթները չեն չքվում երբեք,
քանզի լինում է, հետո չի լինում,
վաղը չի լինի, ինչ եղավ երեկ…
Փոքրիկ աղջիկը վաղը էլ չի լա,
վաղը կգտնի այլ գեղեցկություն՝
հեքիաթասացը օգնության կգա
ու կփըսփըսա մի նոր պատմություն…
Քանզի լինում է, հետո չի լինում՝
հեքիաթը չունի ոչ ըսկիզբ, ոչ վերջ,
հին հեքիաթները անվերջ նորանում,
հավերժ ապրում են հիշողության մեջ…
Փոքրիկը սա էլ չի իմանում դեռ,
դեռ որքա՜ն բաներ պիտի սովորի,
բայց փաթիլը միշտ կըմնա թիթեռ,
ու ձյան հեքիաթը երբեք չի կորի…
07-20-07