ՀԻՇՈՒ՞Մ ԵՍ, ԱՇՈՒՆ ԷՐ

 

 

Հիշու՞մ ես, վաղուց էր, ի՜նչ կարմիր աշուն էր,
հիշու՞մ ես, խշշում էր բարդին։

Հիշու՞մ ես, արցունքիս երկու տաք կաթիլը
սրբեցիր, ժպտացի կրկին։

Հիշու՞մ ես, ժպիտս արցունքից տխուր էր,
կարկամեց խշշացող բարդին։

Հիշու՞մ ես, ինչ լու՜ռ էր, պահը ի՜նչ տխուր էր,
քարացավ մեր սիրո այգին։

Մենք վաղու՜ց հեռացել, իբրև թե մոռացել,
պահում ենք այն հուշը անգին։

Մենք վաղու՜ց հեռացել, բնավ չենք չարացել,
ավելի ենք այսօր մտերիմ, ավելի հարազատ,
քան երեկ, քան կարմիր այն աշնան օրերին։

Ու թեև հասել է մեր կյանքի աշունը,
այգին է մեզ կանչում կրկին։

Դու քնքուշ սրբում ես արցունքիս կաթիլը՝
հին հուշի մարգարիտ անգին։

Փայլում է ժպիտս, աշխարհն ի՜նչ անուշ է,
թվում է՝ երգում է այգին…

Չորս կողմը խշշյուն է, մենք ենք, մեր աշունը
ու մեզ հետ արծաթած բարդին։

Մենք վաղուց հեռացել, երբեք չենք մոռացել,
քայլում ենք մեր այգում կրկին։

Մենք վաղու՜ց հեռացել, բնավ չենք չարացել,
ավելի ենք այսօր մտերիմ, ավելի հարազատ,
քան երեկ, քան կարմիր այն աշնան օրերին…
02-30-2000