Այս տարին էլ նախորդի պես թռավ-անցավ՝
սրտիս խորքում խինդ ու լացի դողը թողած,
հին շրջանին մի նոր պտույտ ավելացավ՝
ծառիս բնին իր թռիչքի տողը թողած…
Օղը օղին ագուցելով վզիցս վար,
ժամանակը իր շղթան է հյուսում այսպես՝
դրսից մանյակ է զարդարուն՝ ժպիտ պայծառ,
ներսից, սակայն, կարոտ-արցունք՝ ցավ է անտես…
Բայց չեմ ուզում լինել լալկան, լինել տկար,
ճակատագրի ծանր խաչից չեմ դժգոհում,
հոգիս հույսով ու հավատով գիտե տոկալ,
սիրտս հույզով սնվել գիտե այս աշխարհում…
Միտքս հեքիաթ հյուսել գիտե սիրով լեցուն,
մութը ցրող հրաշք մոմեր գիտե վառել,
ու մուսայից՝ երկնում ապրող լույսով օծուն,
խնդրել գիտե ներշնչումի թովիչ պահեր…
Բառին այնպե՜ս տրվել գիտե՝ ինքնամոռա՜ց,
որ տաղի տեղ ազատ թռչուն ծնունդ առնի,
որ հոգիս էլ՝ հավքի նման թևատարած,
երազներիս ուղեծիրով վեր սավառնի…
09-14-05