ՀՈԳՈՒ ՆԺՈՒՅԳԸ

 

 

Այնպես սիրում եմ հեռվից հետևել
երեխաներին ու դիտել նրանց
դեմքից ճառագող բերկրանքն այն պահին,
երբ խաղալիքը, կամ նման մի բան,
որ խաղալիք է իրենց կարծիքով,
ձեռքներին բռնած ուսումնասիրում,
հայտնագործում են աշխարհը այս հին
ևս մեկ անգամ մի նոր հրճվանքով,
հայտնագործում են մի նոր զարմանքով…

Մանկան խաղի մեջ սիրում եմ դիտել
հիացումի այս բնազդը անսանձ՝
ամեն մանկան հետ նորից մանկացած,
այս պատճառով էլ մանուկի նման
մաքուր ու անբիծ, աննենգ-աննախանձ…

Ցնծու՜մ է հոգիս ուրախությունից։
Եվ սակայն սիրտս, սիրտըս չի ցնծում։
Միայն անտարբեր ուսերն է ցնցում,
ապտակի նման երեսով տալիս՝
հասկացա՞ր, սա՛ ես կորցրել, սիրելի՜ս…

Ա՜խ, կորցըրել եմ, կորցըրել առանց
ըզգալու անգամ՝ ինչ-որ բանի մեջ
մանուկի նման առանց գիտնալու
երջանկանալու ոսկե բանալիս…
Կորցըրել եմ հենց հասունանալիս…

Ի՜նչ կարճատես ենք մեծերըս իրոք,
ակնհայտի դեմ երբեմըն էլ կույր,
սրա համար էլ կիսկատար, տխուր…
Ինչի՞ց է արդյոք… Չէ՛, հասկանում եմ,
ի՜նչ օգուտ, սակայն, երբ հասունացած
և տարիների փորձ ու փորձանքով
իմաստուն դարձած՝ գերին ենք դառնում
մեր փորձառության, բթանու՜մ այնքան,
արհամարհում ենք ձայնը բնության
ու սանձահարում բնազդը մանկան՝
նժու՜յգը հոգու, հետո բորբոքվում,
հետո բողոքում… բայց ումի՞ց, բայց ու՞մ…

…Այնպես սիրում եմ երեխաներին
հեռվից հետևել, տեսնել, թե ինչպես
շնիկի նման հոտոտում ասես,
փնտրում, գտնում են սիրելի մեկին,
շնիկի պես էլ մտերմանում են
ու սիրում նրան, բարեկամանում
ու վստահում են այդ մեկի՛ն միայն,
խոստովանում են գաղտնիքը և կամ
գաղտնիք կարծըվող հնարած մի բան…

Օ՜, մանուկները հորինել գիտեն,
մեծերը պետք է աներկբայորեն,
ան-երկ-բա-յո-րե՜ն նրանց հավատան,
մարմին ու թև տան երազ-թռչունին,
հոգու շքերթին անխոս միանան,
եթե չեն կարող, եթե չգիտեն,
պե՛տք է՝ սովորեն հենց մանուկներից
ու չմոռանան՝ աշխարհը դիտեն
մանուկի՜ աչքով, մանուկի սրտո՜վ
հրճվել կարենան, այլապես կգա
երաշտը հոգու, գլխին խփելը
շատ ուշ կլինի, չի բերի օգուտ,
արցունք չի լինի, որ կորուստը լան…

Օ՜, մանուկները արարել գիտեն
անբացատրելի մի վարպետությամբ։
Մեծերը պետք է լռել իմանան,
լսել իմանան խիստ բացատրելի
անհրաժեշտությամբ, որ կարողանան
արարումի էն անխարդախ-անեղծ
օզոնը շնչել, իրենց չտանջել
ձևապաշտությամբ՝ հոգին չջնջել։

Քանզի բառերին երեխաները
արժեք չեն տալիս մեծերի նման,
և իմաստները չեն ծանրաբեռնում,
գերի չեն դառնում պերճախոսության։

Նրանց հորինած լեզուն, օրինակ՝
չունի հասարակ և հատուկ անուն,
բնականաբար՝ չունի գլխատառ,
չունի փոքրատառ, բառը չի ասվում
տպավորություն թողնելու համար…
Երեխաները չեն զանազանում
ոչ ստորոգյալը, ոչ էլ ենթական…
Նրանց աշխարհում քերականական
օրենքներ չկան՝ բայ ու գոյական
ոչ խոնարհվում են, ոչ էլ հոլովվում,
համաձայնվու՜մ են բնազդով միայն՝
մանկան բնազդով անպայմանական…

Օ՜, մանուկները գոհանալ գիտեն
միայն եղածով, երբեմըն կարծես
նույնիսկ չեղածով ու հորինածով…
Ի՜նչ երանություն… Ինչ վարձատրությու՜ն…

Սրա համար էլ երեխաների
աչքը միշտ լեցուն, կյանքն է միշտ լեցուն,
կասկածը նրանց սիրտը չի կրծում,
ոչ էլ նախանձն է խաղալիք դարձնում…

Երեխաները բնազդով միայն
փնտրում, գտնում սիրելի մի բան,
տրտինգ են տալիս հորթուկի նման
հենց իրենց գյուտի երջանկությունից…
Մեծերը ախր ո՞նց երջանկանան,
երբ ընտրությունը աչքով են անում,
տասը հա՜տ ունեն, դեռ չե՜ն կշտանում,
աչքը գցում են ուրիշի մեկին
ու մոռանում են, թե հին այն հարցին՝
աչքածակն ինչպե՞ս և ե՞րբ է արդյոք
հագուրդ ստանում, կա մի պատասխան,
որ հին է նույնքան, դարերո՜վ փորձված
մի ճշմարտություն՝ խոր գերեզմանում…
այն էլ իր տիրոջ ձեռքերով փորված…

Երեխաներից պետք է սովորել
փոքրիկ բաներով հիանա՜լ այնքան,
այնպե՜ս լիանալ մանուկի նման,
որ կյանքի բեռը չնստի ուսին,
ինչ-ինչ հաշիվներ անիմաստ ու սին
չկրճատեն այս երկօրյա ճամփան,
որ կարճանում է վայրկյան առ վայրկյան…
Երեխաներից պե՛տք է սովորել
աշխարհը սիրել մանուկի նման…
զի միայն նրա՜նք ունեն բանալին
անպայմանական այս երջանկության…
06-14-04