-Սա անարդար է, մենք քեզ չենք ների,
դու հեքիաթներըդ երեխաներին,
իսկ քարոզներըդ լոկ մեզ ես կարդում
ու ծանր բեռ ես մեր մտքին բարդում…
Թե իմաստուն ու բարի ես այդքան,
հույս, հավատ ու սեր մի կրկնիր միայն,
այդ քարոզները, թեև ներդաշնակ,
մեզ չեն կշտացնի, խոսքեր են դատարկ…
Մենք էլ ենք ուզում հեքիաթներ լսել,
դու պարտավոր ես մեզ հե՛տ էլ կիսել
ա՜յն խնձորները, որ ի հատուցում
երկինքը վերից քե՜զ է մատուցում…
Ամբոխը ցնծաց, քըրքըջաց քահ-քահ,
իմաստունը լուռ կարկամեց մի պահ,
բայց անմիջապես իրեն հավաքեց
ու նրանց հրաշք մի հեքիաթ պատմեց։
Ունկնդիրները ձևացրին լսել,
իսկ իրականում՝ անհամբեր սպասել,
զի հեքիա՜թ-մեքիա՜թ նրանց չէր հուզում,
խնձորներ էին միայն երազում…
Ոմանք քնեցին, ոմանք ձանձրացան,
համառներն, անշուշտ, արթուն դիմացան,
մինչև ավարտեց մարդը հեքիաթն այն,
սակայն, ո՜վ զարմանք, խնձորներ չընկան։
-Դու խաբեբա՛ ես, ո՛չ թե իմաստուն,-
ասացին նրանք ալեզարդ մարդուն
ու հայհոյեցին, ու անիծեցին,
եղան այնպիսիք՝ դեռ քարկոծեցին…
Հեքիաթասացը տրտմագին ժպտաց
ու, թաքցընելով իր աչքերը թաց,
ամբոխի մոտից թողեց-հեռացավ,
երեխաների խմբին միացավ։
Հույսի, հավատի ու սիրո մասին
նրանք խոսեցին այգում՝ միասին,
խնձորենին էլ լուռ ականջ դըրեց,
անթիվ-անհամար ծաղիկներ տըվեց…
* * *
…Գարունը անցավ, ամառը անցավ,
ամեն մի ծաղիկ մեկ խնձոր դարձավ,
ամեն մի խնձոր՝ հույս, հավատ ու սեր,
իսկ հասկացողին հեքիաթըս՝ նվեր…
05-31-07