Դու՝ զարմացող մարդ և զարմացնող մարդ,
քանզի պարզագույն և բարդերից բարդ,
քանզի դու տերը է՜ն մեծ հրաշքի՝
քո անձի՜ տերը, տե՜րը քո կյանքի,
ծննդյան օրից հրաշք ես խնդրում,
հրաշքը ամեն, ամեն տեղ փնտրում
և զայրանում ես, քանզի չես գտնում…
Ուստի՝ զայրացող և զայրացնող մարդ,
քեզ, որ կոչում են տիեզերքի զարդ,
կոչում բնության հրաշակերտ զավակ՝
կատարելության սահմանված էակ,
զայրանալ գիտես, խորհե՜լ չգիտես,
սա՛ է հիրավի միակ պատճառը,
ահա թե ինչու չես գտնում ճարը։
Ախր դու հոգուդ խորքը չե՜ս մտնում…
Ախր չգիտես, թե քե՜զ ես փնտրում…
Քեզ՝ բարձրագույնին բարձրագույններից,
զի կյանք արարող սեր ես ճառագում,
քեզ՝ ցածրագույնին ցածրագույններից,
զի ատելության ժահր ես ճարակում,
քեզ՝ բարու-չարի մի համադրություն,
հետևաբար և մի հակադրություն,
այսքանով հանդերձ կատարելություն
մարմնի ու հոգու միատեղությամբ,
բանականության քո կարողությամբ
ու անհերքելի այն իրողությամբ,
թե քեզ է տրված երկրում, երկնքում,
օվկիանոսներում, ծովերում համայն՝
կենդանական այս անծի՜ր աշխարհում
մարդ հորջորջվելու պատիվը միայն։
Հըրաշք մի՜ փնտրիր, փնտրիր ինքըդ քեզ,
գոյի իմաստն ու խորհուրդը դու ես…
Գոյի իմաստն ու խորհուրդները տես
այս անչափելի տարածության մեջ
թեկուզ քո փոքրիկ, չափելի անկյամբ,
անըսկիզբ-անվերջ ժամանակի մեջ
թեկուզ անցողիկ քո տևողությամբ,
և քանի ունես տեղ ու ժամանակ
այս հողի վրա՛, ա՛յս երկընքի տակ,
մարմինդ ու հոգիդ պահիր ներդաշնակ
մեծ աշխարհի հետ ծննդյան օրից,
զի նման պարգև չեն տա քեզ նորից…
Ուստի՝ զարմացող և զայրացող մարդ,
հըրաշք մի փնտրիր, փնտրիր ինքըդ քեզ,
զի և պարզագույն և բարդերից բարդ
հըրա՜շքն իրական պարզապես դու՜ ես…
Զարմանալի մա՜րդ, զարմանալի՜ մարդ…
03-31-06