ՁԵՎ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաճախ եմ տեսել, երբ հանդիպելիս՝
հարազատ-ընկեր թե յոթը օտար,
ողջույնը միայն բառով չեն տալիս,
տալիս են նաև ձեռքերը իրար…

Սովորությու՞ն է, պետք չէ՞ զարմանալ,
պարզապես դատարկ ձե՞ռքը երկարել,
սակայն ուզում եմ ես ընդդիմանալ
և ձևն իմաստի լույսով զարդարել…

Զի նկատել եմ, թե ոչինչ այնքան
հոժարությամբ ու սիրով չի տրվում,
ինչ դատարկ ափը, որ ամեն անգամ
մյուս դատարկ ափի մեջ է հայտնըվում…

Սխալ հասկացված ի՜նչ շռայլություն,
թե ձեռք մեկնելն էլ մի ձև է տալու…
և ի՜նչ անիմաստ ձեռնաբացություն,
ինչպիսի՜ առիթ խնդալով լալու…

Թե ձեռք տալն իրո՜ք տալու մի ձևն է,
և ձեռքն էլ սրտի թարգմանն է արդար,
ողջունելու իմ նոր բանաձևն է՝
մեկ ափ ջերմություն փոխանցել իրար…
08-02-07