Մանուկ օրերի մի ոտանավոր,
անշուշտ միամիտ ու պակասավոր,
որ ծվարել ու այսքան ժամանակ
ապրել էր մտքիս խոր ծալքերի տակ,
այսօր փորձում է վերստին հառնել,
մի նոր քերթվածի մարմինը առնել…
Բառապաշարս տկար էր այնժամ,
տողըս, իհարկե, թոթովանք մանկան,
բայց զարմանալին մտահղացել,
Արևի շողով այնքա՜ն հիացել,
պատասխան էի ուզել նրանից՝
սիրու՞մ է արդյոք Արեգակն էլ ինձ…
Ի՞նչ երեխայի բան էր դա, Աստված,
նման հարց տալը որտե՞ղ էր լսված…
Հետո, շատ հետո հասկացա միայն,
թե հիացումս կա՜նչն էր իմ արյան,
թե արևապաշտ իմ նախնիների
ոգին էր խոսել մի պահ երևի…
Հետո, շատ հետո իմացա և այն,
թե հիանալը հերիք չէր միայն,
թե հարց չեն տալիս, մինչև չիմանան՝
պատասխանն արդյո՞ք պիտի հասկանան…
Զի պատասխանը օդից չի ծնվում,
ճիշտ հարցի նման մտքով է սնվում…
Հետո, շատ հետո իմացա և այն,
թե հարցեր տալը հերիք չէր միայն,
ոտանավորն իմ Արևին ձոնած
այդ տարիներին անավարտ մնաց,
քանզի իմ միտքը՝ տակավին խոպան,
հարց ուներ, բայց դեռ չուներ պատասխան…
Ու հիմա, այսօր, երբ հասունացել,
ի՜նչ փակ դռներ եմ բախել ու բացել,
ամեն նոր երգով նոր հարց հարուցում,
ամեն նոր երգով գտնել եմ փորձում
մի ճշմարտություն ու մի պատասխան,
պետք է ավարտեմ ոտանավորն այն…
Օ՜, Արևի հետ զրույց ունենալ
խաղ ու կատակ չէ։ Այո՜, հիանալ
նրա ադամանդ շողերով հույսի,
բայց սուզվել է պետք և վերջալույսի՜
խորհուրդների մեջ ու ձուլվել անհետ
իրիկնաժամի հասունության հետ…
Այո՜, հիանալ, այո, լիանա՜լ,
սակայն հաղորդվել պետք է կարենալ
ոչ միայն լույսին, ըստվերի՜ն նաև
և երկրագնդի մյու՜ս կեսին նայել,
որպեսզի հոգին երբե՛ք չըդողա,
երբ ցուրտ է ու մութ այս կեսի վրա…
Որ երբ պըտըտվի հուր-գունդը նորից,
երբ Արփին ժպտա երկնքի մովից,
երբ լույսո՜վ օծվես, աչքերդ բանաս,
որ թմբիրիդ մեջ մեռած չմնաս,
զի ամեն գիշեր ու ամեն մահիճ
հանգիստ է բերում, բայց և մահ մի քիչ,
էլ չկասկածես, էլ չհարցընես՝
սիրու՞ մ է արդյոք Արեգակը քեզ…
06-29-05