ՃԵՐՄԱԿ

 

 

(նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց կտեսնեն տողերիս մեջ)

Ես աչքը սիրեմ աչքը կուշտ մարդու,
որ արև ունի հոգում մշտարթուն,
որ տունդ է մտնում ժպիտի լույսով,
օջախդ լցնում հավատով, հույսով:
Քո երջանկությամբ ինքն է լիանում,
քո հաջողությամբ՝ քեզանից առաջ,
քեզնից ավելի սրտանց հիանում:

Որ տու՜նդ է մտնում, ո՛չ թե կյանքիդ մեջ
սողոսկում թաքուն, տալիս է անվերջ՝
առանց հոգնելու, առնել չի փորձում:
Չի զննում, քննում, չի հարցաքննում,
կյանքդ չի մաղում, գաղտնիք չի քաղում,
հետո մի բան էլ վրան գումարած՝
մըտքով անցածն ու իր հորինածը
չի տանում-շաղում այս ու այն թաղում:

Ես հոգին սիրեմ աչքը կուշտ մարդու,
որ տունդ է մտնում սրտի դուռը բաց,
տընիցըդ գնում՝ բերանը կողպած:
Ես ցավը տանեմ աչքը ու սիրտը
լեփ-լեցուն մարդու՝ բարին վարարող,
չարը խավարող, աշխարհի համն ու
հոտը արարող իսկական մարդու:
07-11-03