ՃԻՇՏ ՉԵ՞Մ ՄՏԱԾՈՒՄ

 

 

Մտածում եմ, թե չէր կարող լինել
պատահական բան, ծրագրված էր,
կանխամտածված, երբ մարդուն Աստված
երկու ականջի, աչքի հետ երկու
տվեց մեկ բերան և մեկ հատ լեզու,
դեռ դեմն էլ լեզվի երեսուներկու
ատամով հյուսված երկու հարկանի
ցանկապատ քաշեց։

Ինչու՞ ենք հապա խոսում, հա խոսում,
լռել չենք ուզում։ Ինչու՞ ենք հապա
խոսում ավելի, լսում ենք պակաս,
իսկ առավելի՝ խուլ ենք ձևանում։
Տերը զետեղեց սիրտը մեր կրծքում
ու սրտից վերև ուղեղը դրեց։
Մտածում եմ, թե չէր կարող լինել
պատահական բան։

Լավ ծրագրված, կանխամտածված՝
զգացումները արարեց, պահեց
կրծքի վանդակում ու ապարանքը
մտածողության կերտեց մեր մարմնի
բարձրագույն կետում, որ ոչ թե սրտով,
ուղեղով դատենք, բանականությա՜մբ,
որ միտքը տիրի ու զգացումներին
չդառնանք գերի։
10-01-2000