Ասում են իբրև երջանիկ զույգից
մանուշակագույն շող է ճառագում
և հավատում են, թե Տերը վերից
սիրահարներին լույս է առաքում:
Եվ ինչու՞ արդյոք հավատում լույսին,
իսկ երջանկության ճամբան չենք տեսնում:
Զարմանալի բան, շա՜տ զարմանալի…
Քեզ՝ գտանելի ամեն, ամեն տեղ,
ամեն, ամեն պահ, հետդ առնչվում,
քո օդը շնչում, քեզ չենք ճանաչում…
Քեզ՝ ամեն մարդու ծնունդով տրված
անպայմանական պարգև՜ Աստըծո,
փոքրիկ և կամ մեծ, զարդարուն, շքեղ
և կամ անպաճույճ ու սովորական,
քեզ՝ ամենքի տան սահմաններից ներս,
ամեն օջախի օդի ու ջրի ու սեղանների
հանապազօրյա սուրբ հացի ձևով,
քեզ՝ամեն բացվող նոր օրվա շողի
լուսեղեն թևով, ամեն գիշերվա
աստղերի փայլի դողով ու խաղով,
քեզ՝տրոփի մեջ ամեն մի սրտի
և ամեն աչքի հույսի, հավատի,
սիրո երազում, քեզ՝ ամենուրե՜ք,
ամենքի՜ն տրված, քեզ չե՜նք ճանաչում:
Դու այն բառը չես, ա՛յն բառերից չես,
որ թոթովախոս լեզվին բողբոջում,
հետո են բացվում ծաղիկների պես,
գույներ են դառնում, իրերն աշխարհի
և՛ տեսանելի, և՛ հասկանալի
իմաստներ առնում, հասունանում են
ու հասունացնում խորհուրդը կյանքի:
Դու՛, դու ա՜յն բառն ես, որ արարվում է
հասուն տարիքում, երբ ոչ թե լեզուն,
այլ միտքն է խոսում, հյուսում աշխարհի
բոլոր գույների ծիածանը վառ,
ցրում է կասկած, ցրում է խավար,
երկնում, ծնում է բառը մոգական,
տիեզերական ճառագայթների
մանուշակագույն լույսի մյուռոնով
կնքում է նրան, երջանկություն է
դնում անունը խորհրդով խորին՝
հանձնում է միայն արժանավորին:
Դրա համար էլ տիեզերածին
ճառագայթների լույսի շողի պես
անտեսանելի, անշոշափելի,
ճիշտ շողի նման Արեգակից ես
սնվում, զորանում, և նրանք, որոնք
տասնմեկ տառըդ հեգում են սիրով,
թակում ամեն դուռ հույսով, հավատով,
անտրտունջ փնտրում ու չեն փնթփնթում,
գտնում են ճամբան քո լուսավոր տան:
Իսկ նրանք, ովքեր անունդ գիտեն,
անունդ միայն, ինչպե՞ս տունդ գան՝
հասցե՜դ չգիտեն, չե՜ն գտնում ճամփան:
Եվ սրանց համար երջանկությունը՝
տիեզերածին ճառագայթների
լույս ու շողի պես անշոշափելի,
մնում է օտար, անհասկանալի,
դառնում պարզապես չորս վանկանի բառ…
Ասում են իբրև երջանիկ զույգից
մանուշակագույն շող է ճառագում…
Ես հավատում եմ, նաև աղոթում
այդ լույսի համար… Ամենքի՜ համար…
04-30-04