Օ՜, դու ողկույզ ես, ողկույզ իսկական,
մնացածներից տարբեր չես, սակայն,
այնքան ես փոքրիկ, որ չես երևում
տերևների մեջ, նրանց ետևում…
Մի մտահոգվիր, թե չեն նկատի,
ամեն այգեպան տեղըդ լա՜վ գիտի,
բայց այգեկութը իր կարգը ունի,
քեզ էլ կքաղեն, այգում չեն թողնի…
Մեծ ողկույզներն են հավաքում հիմա,
համբերող եղիր, քո կարգն էլ կգա,
դեռ համբույր քաղիր շողից Արևի,
դեռ զրույց արա հետը տերևի…
Լսիր, սովորիր իմաստը օրվա՝
խաղողաքաղի ծեսերը օրհնյալ
և պատմություններ հին, նվիրական
ժամանակներից հեթանոսական…
Թե Այգեկութը տոն է բերկրալից,
որ ծայր է առնում վաղ առավոտից
խաղողին ձոնված բարեմաղթությամբ,
սրան հաջորդող խինդ-ուրախությամբ…
Թե այգեգործներ շարքերով անվերջ,
քաղցր ողկույզներ կողովների մեջ,
բերքը օրհնելով երգով բազմաձայն՝
տեղափոխում են խաղողը հնձան…
Թե ողկույզները ճզմում հնձանում,
հասուն խաղողի ավիշը հանում,
հյութը տանում են, պահում մառանում,
մինչև որ քաղցուն գինի է դառնում…
Դե, համոզվեցի՞ր, իմ մատնաչափիկ,
դու արևահամ մի քանի հատիկ,
թե հավաքում են մեծերին հիմա,
փոքրերի կարգը հետո պիտի գա…
Թե այգեկութը օրենքներ ունի,
թե քեզ կգտնեն, այգում չեն թողնի,
թե մաս կդառնաս այս տարվա բերքին,
անհոգ ըսպասիր քեզ քաղող ձեռքին…
Այգեպանը թող իր գործն ավարտի,
որ Այգեկութի տոնին հաջորդի
մեկ այլ խնդություն-տոնախմբություն՝
պաշաղ անելու արարողություն…
Որ ահել-ջահել իրար հետ մրցեն,
երգով ու խաղով քեզ գտնել փորձեն՝
քեզ ու քո նման ողկույզիկներ բյուր,
ամենից հասուն ու արևաբույր…
Հիմա հասկացա՞ր իմաստը օրվա՝
խաղողաքաղի խորհուրդը օրհնյալ,
դու՝ երեք հատիկ, հանց ոսկեղեն գինդ,
դու՝ Այգեկութի մատնաչափիկ խինդ…
05-05-06