-Ահավասիկ ձեր աղջիկը՝ ողջ-առողջ հասցուցի Ատանա։ Ես հիմա պիտի երթամ։ Որոշ գործեր ունիմ կարգադրելիք։ Բայց մեկ ժամ վերջը կու գամ, կը նստինք, երկար-բարակ կը խոսինք։ Վաղը առտուն ալ Պոլիս պիտի մեկնիմ,- ասաց Վահանն ու շտապեց իր գործերին։
Իսկ շարունակությունը եղավ ճիշտ այնպես, ինչպես արդեն մտովի տեսել էր Եսթերիկը… Այսինքն՝ կատարյալ տոնախմբություն սկսվեց Հովհաննեսի հարկի տակ: Երեխաները՝ չորսը չորս կողմից, գրկում, համբուրում էին աղջկան՝ ամեն մեկը քաշելով դեպի իրեն, կախվում էին ուսերից ու թևերից, շոյում ու նորից էին համբուրում…
Դա իրոք զգայացունց տեսարան էր, որ ամենապաղարյուն մարդուն իսկ կարող էր ջերմացնել: Հովհաննեսն ու կինը, դեռ անշարժ, քանի որ նրանց հերթ տվող չկար, հրճվանքով վայելում էին զավակների անհուն ցնծությունը, որ այդպես էլ՝ գրկախառնված, ներս տարան հորաքրոջը և, իրենց մեջն առած՝ տեղավորվեցին մեծ բազմոցի վրա։
Տղաները անվերջ հարցեր էին տալիս Թալասի, մեծ հայրիկի և մեծ մայրիկի, իրենց ընկերների մասին, իսկ Վերգինեն փաթաթվել, նստել էր հորաքրոջ գրկում…ո՞վ կարող էր նրան խոսք հասկացնել՝ իջնելու միայն իրեն պատկանող աննման այդ բազմոցից…
-Ալ կը բավե… հորքուրը հոգնած է, հանգիստ ձգեցեք իրեն քիչ մը. ամեն մեկը թող իր սենյակը անցնի։ Վարդանիկ, գիտես ընելիքդ. հետևե Վերգինեին։ Եսթերիկը դեռ շատ երկար ժամանակ մեզի հետ պիտի ըլլա, անանկ որ վաղը կը շարունակեք հարցաքննությունը, կը խոսիք, մինչև լա՜վ մը կշտանաք։ Հիմա շիտակ ներս գացեք և ձեր դասերուն անցեք, ժամը իննին ալ բոլորդ սեղանին շուրջը տեսնալ կուզեմ՝ թեյերնիս խմելու համար։
Օրը շաբաթ էր։ Ու թեև նրանք կարող էին պատճառաբանել, թե «դասերնիս վաղը կը սորվինք», բայց նրանց մայրը անխախտելի կանոն էր հաստատել՝ «դասը՝ ամեն բանե առաջ, օրը երկուշաբթի ըլլա կամ շաբաթ»: Այսինքն՝ մինչև իսկ ա՜յդ շաբաթը բացառություն լինել չէր կարող։ Ուստի երեխաները հերթով պոկվեցին Եսթերիկից:
Հաջորդ վայրկյանին տանը խաղաղություն տիրեց։ Հարս ու տալ վերջապես առանձնացան։ Մինչ նրանք անհրաժեշտ զրույցն էին անում տիկին Եսթերի ննջարանում, Հովհաննեսը զբաղված էր ընթերցանությամբ: Բայց շուտով թողեց գիրքը և խոհանոց մտավ։ Սիրում էր օգնել կնոջը, մանավանդ՝ թեյ պատրաստել։ Հաճախ իր վրա վերցնում այդ գործը ու դեռ սպասքն էլ ինքն էր դասավորում սեղանին…
Ժամը իննին, ճիշտ ինչպես մայրն էր կարգադրել, ընտանիքը, այդ թվում և արդեն վերադարձած Վահանը հյուրասենյակում էին, բոլորված թեյասեղանի շուրջը: Տունը կրկին լցվել էր աշխույժ խոսք ու ծիծաղով։ Օրը շաբաթ էր, ու կարող էին մինչև ուշ գիշեր արթուն մնալ։ Այդպես էլ եղավ։ Երեխաները մեծերին խոսելու առիթ իհարկե չէին տալիս. այնքան նյութ էր հավաքվել: Թե ո՞վ էր ավելի աղմկում, հեշտ չէր ասել, քանզի բոլորն էին խոսում։ Ինչ-որ բաներ հիշում ու քրքջում էին… Իսկ ամենից զրնգուն հնչում էր Եսթերիկի ծիծաղը…
Ամուսինները և Վահանը դիտում էին նրանց ուրախությունը՝ ամեն մեկը խորհելով իր մտքում…
Վահանը, որ ծնողների միակ զավակն էր, խորհում էր, թե ի՜նչ անպատմելի երջանկություն է քույրեր ու եղբայրներ ունենալը… Չէ՜, ինքն ու Արուսյակը պետք է շտապեն մեծացնել ընտանիքը… իրենց դստրիկն էլ եղբայրներ ու քույրեր պետք է ունենա, որ ինքն ու կինն էլ այսպես վայելեն ձագուկների միատեղ հրճվանքն ըմբոշխնելու երկնային պարգևը…
Տիկին Գոնտուրուճյանը խորհում էր, թե հիրավի օրհնությու՜ն է նման ամուսին ու այսպիսի զավակներ ունենալը…
Հովհաննեսը խորհում էր՝ ինչ երանություն պիտի լիներ, եթե իր բոլոր եղբայրները և քույրերը ողջ մնացած լինեին… հսկայական տունը չէր բավարարելու՝ բոլորի զավակներին միատեղելու համար: Մինչդեռ հիմա, ավաղ, երեք եղբայր, մեկ քույրիկ էին մնացել միայն։ Մեկ հատիկ քույրիկ: Ինչպես կուզեր Եսթերիկին մշտապես այսքան ուրախ, այսքան երջանիկ տեսնել… Ինչ օրհնություն է Եսթերի նման կողակից ունենալը… միայն մե՜կ զրույցով նա իր քույրիկի խոցված հոգուն ի՜նչ խաղաղություն հաղորդեց… Քիչ առաջ, երբ Եսթերիկը կառքից իջավ, ի՜նչ ընկճված տեսք ուներ… Եվ երկար ճանապարհի հոգնությունից չէր դա… Իսկ հիմա, իր աննման կողակցի, իր կյանքի ընկերուհու հետ զրույցից հետո, նախկին զվարթ քույրիկն է կրկին… Ի՜նչ բախտավոր մարդ է ինքը… Հովհաննեսի դեմքն արտահայտում էր նրա ներքին անդորրը, և աչքերում երախտապարտ մի ժպիտ էր փայլում։ Դրա իմաստը լոկ կնոջն էր հայտնի: Ավագ եղբայրը, խիստ մտահոգ երիտասարդ քրոջ ճակատագրով, կնոջ փորձառությանն ու հմտությանն էր թողել նրա հետ զրուցելու պարտականությունը: Եվ, ահա, տեսնելով աղջկան այդպե՜ս խաղաղված ու այդքա՜ն երջանիկ, ինքն էլ վերագտել էր հոգու անդորրը…
-Երկուշաբթի քեզի մեր դպրոցը տանիմ, տես, թե ի՜նչ խելացի, որչա՜փ շնորհալի աշակերտուհիներ ունինք Աշխենյան Աղջկանց Վարժարանին մեջ: Քեզի պիտի ներկայացնեմ մեր տնօրեն օրիորդ Սիրանույշ Տեր-Աբրահամյանին, որ երկրորդական ուսումը Պոլսո Եսայան Վարժարանին մեջ ըրած է: Կը հիանամ իրմով։ Բարեկիրթ օրիորդ ազնվական հպարտության հովով մը, որ ավելի՝ մարդու մը ինքն իր արժանիքներուն ներքին գիտակցութենեն կուգա։ Գիտե՞ս, ես անոր քեզի նմանցուցած, իրմե առած եմ կարոտդ… Կարծեմ թե Հովհաննեսն ալ իր աշխատած դպրոցը տանելու է քեզի։ Անանկ որ՝ Ատանային հետ ծանոթությունդ դպրոցներեն պիտի սկսինք, քանի որ մեր տունին ամենեն սպասված հյուրերը աս երկու դպրոցներուն ուսուցիչներն են: Քանի մը օրեն կը համոզվիս։ Հովհաննես, հուսամ չես մոռցած. գալ շաբաթ օրը իրիկվան հոս, մեզի պիտի հավաքվինք դարձյալ…
* * *
…Եսթերիկն իր համար անբացատրելի անհամբերությամբ էր սպասում շաբաթ օրը եղբոր տանը կայանալիք երեկույթին: Եվ դա անբացատրելի էր ոչ թե անհասկանալի, հակառակը՝ հասկանալի լինելու պատճառով… նրան հաճելիորեն տարօրինակ մի զգացում էր համակել, որին անուն տալ դեռևս չէր համարձակվում… Հարսի փորձառու աչքից դա վրիպել չէր կարող, թեպետև բոլորովին ցույց չէր տալիս, թե նկատում էր սիրելի տալոջ իրարանցումը… Ավելին, տիկին Եսթերը գիտեր դրա դրդապատճառը։ Բայց ինչու՞ միայն նա. Հովհաննեսն էլ գիտեր, թե քույրիկը համակրում էր Հարությունին։ Ամուսինները խոսել այդ մասին և որոշել էին՝ առայժմ Եսթերիկի մոտ «միամիտ» խաղալ. գիտեին, որ Հարությունը երկար չի սպասի, քանի որ սիրահարված երիտասարդը ամենևին չէր էլ թաքցնում իր անհամբերությունը… Զարմանալի էր… Շա՜տ… Հարությունը նրանց կյանքում հայտնվել էր մի քանի օր առաջ միայն, բայց այդքան կարճ միջոցին հասցրել էր դառնալ ամենքի սիրելին։ Եվ, ընդհանրապես, ամեն ինչ տեղի էր ունեցել անսովոր արագությամբ…
…Տիկին Եսթերը, ինչպես որ խոստացել էր, Եսթերիկին իր հետ դպրոց էր տարել։ Երկուշաբթին նրա աշխատանքային ամենակարճ օրն էր. նա մինչև կեսօր էր դաս տալիս, ու այդ օրերին Հովհաննեսը, եթե ժամանակ էր ունենում, գալիս, կնոջը տուն էր ուղեկցում կամ էլ դրսի գործերն էին հոգում միասին։ Այդ երկուշաբթի օրը, երբ նրանք Եսթերիկի հետ էին, Հովհաննեսը պատվիրեցին կառապանին ուղիղ տուն տանել իրենց։ Հազիվ կես ժամ անց, մեկ ուրիշ կառք կանգնեց տան առաջ: Բարձրահասակ մի երիտասարդ, իջնելով այդ կառքից, մոտեցավ ու ձգեց դռան զանգի լարը։
-Հրամմեցե՜ք, պարոն,- սիրալիր ասաց տանտիրուհին ու ներս հրավիրեց անծանոթին։ -Հովհաննես, հյու՜ր ունինք…
-Եվ այս անակնկալ հյուրին անունը Հարություն է,- ասաց նա, հարգալից խոնարհվեց տիկնոջ առաջ ու ձեռքը մեկնեց արդեն կնոջ մոտ կանգնած Հովհաննեսին։ -Հարություն Բաստրմաջյան։ Սակայն նախ՝ բարև…
-Հովհաննես Գոնտուրուճյան, բարի եկաք, հրամմեցեք,- և նա անծանոթին առաջնորդեց հյուրասենյակ, խորհելով՝ ո՞վ էր արդյոք արտիստի նմանող այս երիտասարդը։
-Պարոն Գոնտուրուճյան, ես Ձեզի կը ճանչնամ. այսինքն Ձեզի ո՞վ չի ճանչնար։ Դուք, անշուշտ, ով ըլլալս չեք գիտեր։ Կարճ ըսեմ, թե բնիկ ատանացի եմ։ Ծնողքիս՝ Հակոբ ու Հեղինե Բաստրմաջյան, երկուքն ալ վաղաժամ հանգուցյալ, երրորդ զավակը: Ինծմե ավագ եղբայր ու քույր մը և ինծմե փոքր եղբայր մը ունիմ: Ավագ եղբայրս այգեգործությամբ կը զբաղի, կրտսերը դերձակ է, ես հորս գործը կը շարունակեմ, որ հմուտ կահույքագործ էր: Արհեստը իրմե սորված էի, երեք տարի առաջ ալ գործատուն մը բացի և տասը-տասներկու վարպետներ հավաքելով, մեծաքանակ կահույքագործության, նաև վաճառականության ձեռնամուխ եղա։ Ահավասիկ պատմությունս,- հանդարտ, անշտապ ինքն իրեն ներկայացրեց նա։
-Հարություն, անշուշտ, հաջողակ վաճառական մըն եք Դուք, և, չեմ կրնար չըսել, աչքառու երիտասարդ մը, բայց ինծի հիացնողը Ձեր աս մաքուր հայերենն է…
-Ես ութ տարի Աբգարյան հաճախած և ատկե առաջ ալ խիստ ուսուցիչ մը ունեցած եմ, մորաքույրիս՝ ինծմե քսան-քսանմեկ տարի ավագ տղան՝ Հարություն Պետելյանը, որը հետո ալ ուսուցիչս եղավ պաշտոնապես. իր աշակերտներեն ո՞վ կը համարձակեր անմաքուր կամ աղավաղված հայերենով խոսիլ։ Հուսամ՝ կը ճանչնաք իրարու։
-Անշուշտ կը ճանչնամ: Մեր Աբգարյան դպրոցին մեջ ամենուն կողմե հարգված, սիրված ավագ ուսուցիչ է։ Դուք ատկե սկսելու էիք։ Հիմա՜ հասկցա… Բայց չե՞ք ուզեր ըսել, թե ինչո՞վ կը պարտինք Ձեր աս հաճելի այցելությանը…
-Ըսեմ, պարոն Գոնտուրուճյան։ Նախ ըսեմ՝ ամեն բանե առաջ պարզ ըլլալ կը սիրեմ, շատ անկեղծորեն պիտի խոսիմ։ Կեսօրները միշտ տուն կերթամ՝ մեկ ժամ մը հանգիստ առնելու… Այսօր քովես անցնող կառքի մը մեջը օրիորդ մը տեսա քովերնիդ նստած, որը ոչ թե աչքս, սիրտս գրավեց։ Չեմ գիտեր, թե ի՞նչ եղավ ինծի։ Երբեք չէի խորհած, թե ասանկ խենթության մը ընդունակ եմ… Կառավարիս պատվիրեցի, որ հետևի և, ահավասիկ, նստած եմ Ձեր դիմաց… Աս ալ ըսեմ, դրացիեն հասկցա օրիորդին՝ Ձեր քույրիկը ըլլալը… Չե՜մ կարծեր, թե վռնդվելու պիտի արժանանամ… Խնդրեմ, առիթ տվեք ինծի՝ օրիորդը ճանչնալու։
Հովհաննեսը պապանձվել, ժպտում էր միայն։
Տիկին Եսթերը, բերանը բաց ու անթաքույց հիացմունքով, մեկ ոգևորված երիտասարդին էր նայում, մեկ զարմացած ամուսնուն և մտածում էր՝ իրակա՞ն էր արդյոք այս ամենը… Իսկ եթե իրական էր, արդյոք ի՞նչ դիրք պիտի բռներ Հովհաննեսը… Իսկ երիտասարդը, որ իր ասելիքն ավարտել էր, հիմա լուռ՝ «դատավճռին» էր սպասում …
-Ուրեմն, ասանկ խենթություն մինչև հիմա չե՜ք ըրած,- խոսեց վերջապես Հովհաննեսը։ -Ես ալ ասանկ խենթություն չէի ըրած դեռ մինչև օրս։ Սակայն ինծի քանի մը վայրկյան պետք է,- ասաց, դուրս գնաց, քիչ անց վերադարձավ քրոջ թևը մտած ու ասաց.
-Ներկայացնեմ։ Քույրիկս է՝ Եսթերիկ Գոնտուրուճյան։
Երիտասարդը, արտաքուստ հանգիստ ու հավասարակշռված, ոտքի կանգնեց, մեկ քայլ առաջացավ, խոնարհվեց օրիորդին, ապա նստեց տեղը: Իսկ թե ներքուստ ի՞նչ զգաց, հայտնի էր միայն իրեն:
…Քիչ անց, երբ տիկին Եսթերը բերեց սուրճը, քույր ու եղբայր այնպես էին զրուցում հյուրի հետ, կողքից դիտողի մտքով չէր անցնի խորհել, թե հենց նոր ծանոթացած մարդիկ էին նրանք։
-Մադամ, այս իրիկուն կրնա՞նք ճաշի հրավիրել Հարությունը։
-Անշուշտ կրնանք, մե՜ծ սիրով։ Ժամը 7-ը հարմա՞ր է։ Ուրեմն, պիտի սպասենք Ձեզի։
Շնորհակալություն հայտնելով իրեն ջերմորեն հյուրընկալելու և երեկոյան էլ ճաշի հրավիրելու համար, Հարությունը խոնարհվեց կանանց, ամուր սեղմեց Հովհաննեսի ձեռքը և, ժպիտ դեմքին, դուրս եկավ Գոնտուրուճյանների տնից…
* * *
Հարությունի մեկնելուց հետո տիկին Եսթերը գնաց խոհանոց՝ ճաշի պատրաստությունը հոգալու, իսկ Եսթերիկը՝ այն է, ուզում էր հետևել նրան, երբ եղբայրը խնդրեց մնալ մի քանի րոպե։
-Հետդ խոսելիք ունիմ, հոգիս,- սկսեց նա։ -Չեմ կրնար պահել, ճիշտը պիտի ըսեմ՝ ես ուղղակի հիացած եմ մեր անակնկալ հյուրով։ Անշուշտ հասկցար ինչ կակնկալե. հետդ մտերմություն ստեղծել։ Ես դեմ չեմ, հակառակը՝ համամիտ եմ… Բայց որոշումը իմս չէ։ Ի՞նչ էր տպավորությունդ… Չե՞ս ուզեր փորձել և մոտեն ճանչնալ զինքը…
-Հովհաննես, դուն թեպետ դեռ հետս չես խոսած անցուցածիս մասին, սակայն գիտես անշուշտ, թե որչա՜փ նեղ է սիրտս… որչա՜փ վախ կա հոգիիս մեջ. կը սոսկամ նոր հարաբերություն հաստատելե։
-Անցածը անցյալ է, քույրիկս։ Դուն կյանքով լեցուն աղջիկ մըն ես, և կյանքն ալ ներկային մեջն է։ Ետ մի նայիր… դիմացդ լուսավոր ուղի մը ունիս։ Վախնալը ճիշտ չէ, փորձե… Թերևս ճակատագի՜րը ատ երիտասարդը բերավ հոս։ Ազնիվ և շնորհալի մարդ մը երևցավ ինծի։ Ընտանի՜քն ալ գիտեմ. շա՜տ պատվական մարդիկ են…
-Այո, ես ալ ախորժեցա իրմե… Եվ գիտե՞ս անոր ինչը սիրեցի… պարզությունը։ Չէ որ ան կրնար նախ տուն երթալ, հագվիլ-շքվիլ ու հատուկ պատրաստված ներկայանալ մեզի. բայց առօրյա, գործին հագուստներովը եկավ: Ասի շատ գնահատելի է, ուրեմն արտաքին տպավորություն ձգելու աշխատող մեկը չէ… ներքին արժեքներուն կարևորություն կուտա։ Քու հավնիլդ ալ շատ կարևոր է ինծի, բայց… մեկ ժամ հետը խոսելով ի՞նչ կրնամ հասկնալ…
-Ճիշտ ատոր համար էր, որ իրիկվան իրեն ճաշի հրավիրեցի։ Քանի մը ժամ կունենաս, թերևս սիրտդ կը թելադրե ընելիքդ։ Բայց ըսեմ, իրապես սիրվելիք տղա մըն էր։ Հիմա գնա խոհանոց, Եսթերը երևի քեզի կը սպասե։
Տիկին Եսթերը, իհարկե, սպասում էր նրան, բայց ոչ այն բանի համար, որ աղջկա օգնության խի՜ստ կարիքը ուներ, այլ…
-Հովհաննեսը մեր հյուրը շատ սիրեց. քու՞ գաղափարդ ինչ է…
-Իսկ քու՞ գաղափարդ ինչ է։
-Հարցին հարցով պատասխանելը մեկ իմաստ ունի, անշուշտ գիտես, թե ի՞նչ կը նշանակե… պատասխանդ կուզեմ, անուշի՜կս…
-Ա՜խ, Արուսյակը քովս ըլլալու էր… ան ինծի առանց բառերու պիտի հասկնար։ Ես առանց անոր ինքզինքս կեսկատար մարդու մը պես կը զգամ… Սակայն ասի ըսել չէ, թե քեզի պակաս կը սիրեմ…
Աղջիկը փաթաթվեց տալոջը, ականջին փսփսաց, թե ինքը ևս շատ էր հավանել այդ վայելուչ երիտասարդին… սակայն…
-Սակայն-մակայնդ մեկ կողմը ձգե և օգնե ինծի, որ գործերնիս շուտ լմնցնենք և հանգիստ առնելու ժամանակ ալ ունենանք՝ մինչև Հարությունին գալը…
* * *
Երեկոյան ողջ ընտանիքը՝ կազմ ու պատրաստ հավաքված հյուրասենյակում, սպասում էր հյուրին։ Հարությունը հայտնվեց ճիշտ ժամը 7-ին՝ վարդերի երեք շքեղ փունջ գրկած։
-Կարմիրը տիկնոջը, վարդագույնը՝ մեծ օրիորդին, ճերմակը պզտիկ օրիորդին,- ասաց նա,- և բարի իրիկունս ալ՝ բոլորիդ…
Վերգինեն առաջին անգամ էր ծաղկեփունջ ստանում։ Սակայն նա շատ աչքաբաց աղջիկ էր. վայրկենապես նկատել էր, որ մայրիկն ու հորաքույրը փնջերը ստանալիս շնորհակալության թեթևակի մի խոնարհություն էին արել գլխով։ Ուստի հետևեց նրանց օրինակին, այնպիսի՜ մի նազանքով խոնարհեց գլուխը, որ հյուրը պարզապես չդիմացավ… կռացավ, համբուրեց նրա թաթիկը… Դա չէր կարող վրիպել Եսթերիկի աչքից. գնահատականիդ մեկ նիշ ևս ավելցավ, խորհեց հաճույքով, մոտեցավ երիտասարդին ու առաջնորդեց դեպի սեղան։
Ճաշելու ընթացքում, ապա՝ սեղանի շուրջը զրուցելիս, աղջիկը նկատեց նաև, թե հյուրի նկատմամբ ի՜նչ սիրալիր էր Վարդանիկը, որ նստած էր իր դիմաց, ուստի Եսթերիկը տեսնում էր եղբորորդու դեմքի ամեն մի արտահայտությունը։ Նկատեց, քանզի կասկած իսկ չուներ՝ եթե հյուրը իրապես գրաված չլիներ տղային, նա, անշու՜շտ, բարեկրթության սահմաններում կմնար, բայց նման ջերմությամբ չէր արձագանքի: Աղջիկը վստահում էր Վարդանիկի զգայնաչափին նամանավանդ հիմա, երբ իրարամերժ զգացումները կարող էին ապակողմնորոշել իրեն։ Իսկ Վարդանիկի համակրանքը դեպի այդ երիտասարդը ակնհայտ էր ու ոգևորող։
Քիչ անց Եսթերիկն էլ ավելի համոզվեց, թե ճիշտ էր կարդացել
Վարդանիկի վերաբերմունքը։ Նա խոհանոց էր գնացել՝ ինչ-որ բան սեղան տանելու համար, երբ հանկարծ հայտնվեց նաև եղբորորդին ու կամացուկ ասաց.
-Ի՜նչ սիրվելիք մարդ է պարոն Հարությունը: Իրեն շատո՞նց կը ճանչնաս:
-Այո, շուտով ութ ժամ պիտի ըլլա…
-Չի հասկցա, բայց վերջը կը խոսինք… Իսկ հուսա՞մ, թե իրեն ասկե ետքը հաճախ պիտի տեսնանք: Հուսա՞մ:
-Հուսա՞լ, թե՞ չհուսալ… այս է խնդիրը…
-Համլետը հարցումի պատասխան տալ չի կրնար, կը կարծեմ՝ Ռոմեոն ավելի հարմար մեկն է աս պարագային…
-Ես քու դասդ վերջը կուտամ, չար տղա…
Վարդանիկը փախավ խոհանոցից…
Երեխաները ճաշն ավարտել ու թույլտվություն էին ստացել թողնել սեղանը: Ուստի, բարի գիշեր մաղթեցին հյուրին ու գնացին իրենց սենյակները։ Վարդանիկը, սակայն, գնալուց առաջ մոտեցավ, սեղմեց նրա ձեռքն ու ասաց.
-Ուրախ եմ Ձեզի ծանոթանալուս համար։ Հուսամ, թե դարձյալ հանդիպելու հաճույքը պիտի վայելեմ։ Գիշեր բարի։
-Մեկ վայրկյան, տղաս։ Շաբաթ օրը մայրիկդ հավաքույթ ունի մեր տունին մեջ. կարծեմ գոհ պիտի մնաս, եթե նոր բարեկամնիս ալ հրավիրենք, ի՞նչ կըսես,- որդուն դիմեց Հովհաննեսը, ապա դարձավ հյուրին։ -Այս շաբաթ օրվան համար որևէ արգելք ունի՞ք…
-Այո, ունիմ: Երեքշաբթի՜, չորեքշաբթի՜, հինգշաբթի՜, ուրբա՜թ, շաբա՜թ, հինգ օրերը արգելք չեն՞: Հուսամ, մինչ այդ այցելություն մը ևս պիտի արտոնեք ինծի,- պատասխանեց Հարությունը՝ լայն ժպիտ դեմքին, ապա ճիշտ Հովհաննեսի նման դարձավ պատանուն ու նրա հոր հարցը կրկնեց,- Վարդանիկ, ի՞նչ կըսես։
Վարդանիկը՝ նուրբ հումորի սիրահար, արձագանքեց իսկույն.
-Կըսեմ միայն այն, թե չորեքշաբթին կրնա կիսել արգելքը, եթե համաձայնինք իրիկվան թեյը միասին վայելելու:Մայրիկ, դու՞ն ինչ կըսես: Ի հաստատումն ամուսնու և որդու հրավերի, տիկին Եսթերը նշեց, թե աղվոր խոսք մը կա՝ դուռերնիս միշտ բաց է կըսեն, ապա և ավելացրեց՝ մասնավորաբար համակրելի երիտասարդի մը դիմաց։
-Լավ, մինչև չորեքշաբթի իրիկուն,-ասաց Վարդանիկը, կրկին սեղմեց նոր բարեկամի ձեռքն ու դուրս եկավ սենյակից: Իսկ զրույցը դեռ շարունակվեց, զի սեղանի շուրջ նստած խմեցին Հովհաննեսի պատրաստած անուշաբույր թեյը, մինչև որ ժամացույցը հիշեցրեց, թե ժամը տասն է արդեն…
-Ինչ արագ անցավ ժամանակը,- նկատեց Հարությունը և ոտքի կանգնեց։ -Հետս պիտի տանիմ այս հրաշալի իրիկվան պատճառած հաճույքը։ Շնորհակալ եմ ամենուդ և հուսամ, թե լավ բարեկամներ պիտի ըլլանք…
Ապա, բարեկիրթ խոնարհվելով կանանց, նա երկարեց ձեռքն և հատուկ շնորհակալություն հայտնեց Հովհաննեսին՝ «հարազատի մը պես» իրեն ընդունելու համար…
-Չորեքշաբթի պիտի սպասենք,- ասաց Հովհաննեսը դռների մոտ, երբ արդեն միայն երկուսով էին։ -Ո՞վ գիտե, թերևս հարազատ ըլլանք օր մը… Գիշեր բարի…
Հովհաննեսի նման ծանրակշիռ մեկը ավելորդ բառեր չէր ասի: Հարությունին ասես թևեր տվին… Նա յոթերորդ երկնքում էր…
* * *
Շաբաթ օրը երեկոյան, երբ Եսթերիկը հագնված, ճոխ մազերը հարդարած մտավ հյուրասենյակ, Հովհաննեսը չկարողացավ զսպել հիացմունքը.
-Ի՜նչ գեղեցիկ ես, քույրիկս… ատ խեղճ տղան քիչ վերջը քեզի տեսնալով խելքը պիտի կորսնցնե։ Խոստովանե, որ հատուկ իրեն համար ասանկ հագվեր-շքվեր ես… Լավ, կատակ մըն էր ըրածս ու լուրջ ըսելիք ալ ունիմ. Հարությունը այսօր առաջարկություն պիտի ընե քեզի…
Եսթերիկը նման խոսակցություն չէր սպասում։
-Հովհաննես, կատակդ կընդունիմ և, չեմ պահեր, այո, շա՜տ կը սիրեմ գեղեցիկ երևնալ… Բայց ատ լուրջ ըսածդ շա՜տ լուրջ էր։ Դուն ուրկե՞ գուշակեցիր անոր ընելիքը…
-Մոռցա՞ր, չորս զավակի հայր ըլլալե առաջ Հարությունին պես երիտասարդ մըն ալ ես եղած եմ։ Ուրեմն, եկուր քովս և, քանի հյուրերը չեն եկած, «գուշակությունս» շարունակեմ։ Դուն ալ գիտես, թե այսօր կամ վաղը ան պիտի բացահայտե իր զգացումները։ Դուն ալ գիտես, թե անտարբեր չես, անհամբեր ես նույնիսկ: Ատ ալ շա՜տ բնական է: Հակառակը չէիր կրնար զգալ բացառիկ երիտասարդի մը հանդեպ… Է՜, քույրիկս, ինչպե՞ս էր, լա՞վ գուշակ եմ…
-Ասչափ գեշ ըլլալդ չէի գիտեր,- ասում է աղջիկը, համբուրում է եղբորն և շարունակում,- ուղղակի կը զարմանամ զգացումներուս: Չեմ հասկնար՝ ի՞նչ գաղտնիք է, բայց ատ տղան կարծես հետս ծնած երկվորյակս ըլլա, որ կորսնված էր, հիմա, հանկա՜րծ, հայտնվեցավ։ Հավատա ինծի, Հովհաննես. սիրահարած չեմ, ապշա՜ծ եմ… ասանկ մեկու մը դեռ չէի հանդիպած…
-Ես քու զարմանալուդ չեմ զարմանար, հոգիս։ Դուն՝ երեկ մեկ, այսօր երկու՝ անփորձ էակ մը տակավին… Ես ի՜մ զարմանալուս կը զարմանամ: Տարիքիս, նամանավանդ գործիս բերումով հարյուրներ ճանչցած եմ, Հարությունին նման երիտասարդի մը առաջին անգամ կը հանդիպիմ…
-Սակայն ես Թալաս, ան Ատանա, ինչպե՞ս կըլլա… երկու-երեք շաբաթ վերջը ես քաղաքս, տունս պիտի դառնամ։ Չըլլար, չըլլա՜ր…
-Ատ քու որոշումդ է, քույրիկս։ Մի մոռնար. մարդս շատ բաներ կը ծրագրե, սակայն կըլլա այն, ինչը պիտի ըլլար։ Հիմա, երբ գիտես վերաբերմունքս, հուսամ, թե ավելի դյուրավ պիտի կողմնորոշվիս, առիթը չփախցնես. շարունակությունը ապագային հայտնի կըլլա…
Տիկին Եսթերը, որ մինչ այդ եկել, միացել էր նրանց և դեռ լռիկ լսում էր, ավելացրեց, թե համամիտ էր ամուսնու բոլոր ասածներին, ապա հարցական նայեց տալոջ վառվող դեմքին…
-Ատ անպիտան Արուսյակն է մեղավորը… Ատանա գալս անոր գաղափարն էր… նայե, թե ի՜նչ բերավ գլխուս… ես ի՞նչ պիտի ընեմ…
Եսթերիկը իսկապես շփոթված էր և շփոթված էր հաճելիորեն, որն ավելի էր գեղեցկացրել նրան։ Բայց նա քսանմե՜կ տարեկան էր, շատ երիտասարդ, ուստի անկանխատեսելի… Արուսյակին այսպես՝ իբր թե մեղադրելուց հետո, նա հանկարծ հայտարարեց.
-Այո, ընդհանրապես դեռ չեմ գիտեր՝ ի՞նչ պիտի ընեմ, սակայն հիմա քեզի ու եղբորս պաչիկ պիտի տամ, իսկ ամբողջ գիշեր միայն պիտի ուրախանամ և պիտի պարեմ…կարծեմ միայն Հարությունին հետը…
Գարուն էր Ադանայում…
1908 թվականի գարունը…