…Արաքսի քեռկինը ոչ միայն զարմանալի հիշողություն ունի, այլև համով-հոտով պատմող է։ Նա նկարները երբեմն ցած է դնում, ետ ու առաջ է գնում խոհերի գիրկն ընկած, ինչ-որ լրացուցիչ բաներ է հիշում ու դրանով համեմում է իր պատմությունը։ Լսում եմ նրա մեղմ ձայնը, բառերը պատկերներ են դառնում և կինոժապավենի պես սահում են աչքերիս դիմաց։ Գիտե՜մ, պատրանք է, բայց ուզում եմ հավատալ, հավատու՜մ եմ, թե տատիկիս ձեռագործ տուփի հին նկարները կյանքի կոչվել ինչ-որ հրաշքով, նրա՜նք են խոսում, ինձ պատմում են իրենց բնիկ Կեսարիայի մասին… թե ես Թալասում եմ…
Տեսնում եմ 1835 թվականին ծնված պատվելի Գոնտուրուճյան Հակոբին՝ հայրիկիս մայրական կողմի մեծ հորը։ Նրան պատվելի են կոչել, բայց ոչ բողոքական քարոզիչ լինելու, այլ՝ պատվական անձը ընդգծելու համար: Կեսարիայի Ս. Կարապետ վանքի վարժարանն ավարտել, քառասունհինգ տարի (1860-1905) իրեն նվիրաբերել էր մանկավարժությանը՝ հայոց լեզու և կրոն դասավանդելով Թալասի Վերին Թաղի Վարդ-Պատրիկյան տղայոց և նույնանուն՝ աղջկանց վարժարաններում։
Տեսնում եմ Մարիցա Գոնտուրուճյանին՝ հայրիկիս մայրական կողմի մեծ մորը, որ մայրանալու աստվածատուր խինդ էր ապրել տասնմեկ անգամ, ավա՜ղ, որդեկորույս մոր անամոք վիշտ ապրելով բազում անգամներ, քանզի մահը նրա գրկից քանի՜ անգամ մանկիկ էր խլել… ամուսին ու կին քանի անգամ հողին էին հանձնել իրենց ձագուկին…
Տեսնում եմ Մարիցային իր տասնմեկերորդ, վերջին նորածնին գրկած: Թալասցի այս աղջնակը հասակ պիտի առնի Կեսարիայում, 1908 թվականին հարս պիտի գնա Ադանա, հայրիկիս մայրը դառնա 1913-ին… չիմանա, թե երկու տարեկան հասակում որբացած որդին լուսանկարով ճանաչած մայրիկի անունը՝ Եսթերիկ, պիտի տա ինձ՝ իր առաջնեկին 1941 թվականին…
Տեսնում եմ հայրիկիս մորեղբայր Հովհաննեսին, ընտանիքի տասնմեկ զավակներից երկրորդին, որ քսան տարի ավագ էր 1887 թվականին ծնված մեծ մայրիկիցս։ Հովհաննեսը, որ բարձրագույն կրթություն էր ստացել Կիլիկիայում (Տարսոնի Ամերիկյան Քոլեջ), լեզվական և գիտական մեծ պաշարի շնորհիվ փնտրված ուսուցիչ է եղել։ Պաշտոնավարել է Կեսարիայի զանազան վարժարաններում, ինչպես նաև Տերեվանքի նշանավոր Ս.Կարապետ վարժարանում, վարել է անգլերենի ուսուցչի և 1894-1896-ին նույն հաստատության տնօրենի պաշտոնը։ 1896-97-ին Կեսարիայի Հակոբյան, 1897-98-ին՝ Հայկյան վարժարանների տնօրենն է եղել։ 1898-ին նրան հրավիրել են Էվերեկ-Ֆենեսե՝ տնօրինելու Ռուբինյան վարժարանի կրթական աշխատանքները, 1900-ին էլ՝ Կիլիկիա, իբրև Ադանայի Աբգարյան Ազգային վարժարանի տնօրեն։ Հովհաննեսը 1892-ին ամուսնացել էր Պոլսի Ռոբերտ քոլեջն ավարտած մի օրիորդի՝ Եսթերի հետ, որ նույնպես մանկավարժ էր։
Տեսնում եմ տեր և տիկ. Հովհաննես և Եսթեր Գոնտուրուճյան ամոլին երեք որդիների՝ Վարդանիկ, Հայկակ, Գարեգին ու դստեր՝ Վերգինեի հետ: 1914 թվականին արված նկարում քսանմեկամյա Վարդանիկը Պոլսի Համալսարանի Երկրագործության բաժնի ուսանող է և այդ տարի ավարտելու է իր ուսումը։ Ինձ զարմացնում է նրա զինվորական համազգեստը, բայց Արաքսի քեռկինը սպառիչ պատասխան է տալիս նաև այս հարցիս:
-Օսմանյան Թուրքիան 1908-ի հեղափոխությունեն հետո օրենք մը հանած է եղեր, թե բոլոր քրիստոնյաներն ալ պարտադիր կերպով զինվորական ծառայություն պիտի ընեն։ Ասի խորամանկ քայլ մըն էր… «Սեֆերբելլիքը» կամ զորահավաքը հարկադրելով, լավ միջոց մը կունենային՝ հայերը բնաջնջելու իրենց ծրագիրին մեջ։ Մինչ այդ բանակ գտնվող հայ զինվորականներուն աս օրենքին համեմատ միացուցեր են հազարավոր հայ զորակոչիկներ՝ 18-են 45 տարեկան բոլոր «ռազմունակ» տղամարդիկը։ Ան, որ ուսում չուներ բանվորության դրեր են՝ ճամփա շինել, բեռ փոխադրել և այլն՝ մաս առ մաս ոչնչացնելու ծրագիրով, քանի որ Թուրք կառավարությունը կարգադրած է եղեր՝ բանակի բոլոր հայ զինվորականները մեռցնել։
Գալով ուսում ունեցողներուն, ասոնց իրենց հարմար աշխատանք տված են եղեր։ Օրինակ՝ Վարդանիկը, որ Պոլիս կուսաներ, 1914-ին անգլերենի դասեր կու տա եղեր Զինվորական Վարժարանի մը մեջ, իսկ պատերազմը սկսելե ետքը անոր թարգմանիչի պաշտոնին դրեր են իրենց բանակին մեջ՝ անգլիացի և ավստրիացի գերիներուն հետը հաղորդակցելու համար։ Ան սպա է եղած, և աս է իր համազգեստին պատմությունը։
-Այնքան երջանիկ եմ, որ ճակատագիրը քեզ հանդիպելու այս պատեհությունը շնորհեց ինձ… Դու ոչ միայն պատասխանում, այլև սպառիչ բացատրություն են տալիս հարցին։ Շնորհակալ եմ, քեռկին ջան… Եթե չես հոգնել, պատմի մեծ մայրիկիս երիտասարդության, թալասցի բժշկի հետ նշանվելու տխուր վերջաբանով պատմության, ապա Ադանա մեկնելու, Հովհաննես եղբոր տանը մնացած օրերին էլ Հարություն Բաստրմաջյանին հանդիպելու մասին…
-Ճանիկ, դուն անունիդ տիրոջ՝ մեծ մորդ մասին կը փափագիս լսել: Օ՜, ես շատ բաներ պիտի պատմեմ քեզի…
-Դե, ուրեմն սկսիր, քեռկի՜ն ջան…
-Հայաստանցիներուն ատ «ջան»-ը ուղղակի կը պաշտեմ. շատ անուշ է։ Մենք «ճանիկ» կըսենք, բայց, գիտե՞ս, նույն համը չի տար…
* * *
Հովհաննեսը առանձնահատուկ սեր էր տածում Եսթերիկի՝ ընտանիքի ամենակրտսերի նկատմամբ, որ, քսան տարով եղբորից փոքր լինելով, նրա ուշադրության առարկան էր մշտապես։
Ավագ եղբորն ու կրտսեր քրոջը կապողը, սակայն, ավելի շատ վերջինիս անսովոր հետաքրքրասիրությունը և տարիքի համեմատ զարմանալի պատրաստակամությունն էր՝ սովորել ամեն ինչ…
Քրոջ հետաքրքրություններին հագուրդ տալու, նրա արթուն միտքը բազմակողմանիորեն զարգացնելու համար Հովհաննեսը ոչինչ չէր խնայում։ Ուստի, սիրող եղբայր լինելուց առաջ ու ավելի մի շատ համբերատար ուսուցիչ էր եղել միշտ։
Գուցե դա խթան եղավ, որ մանկավարժությունն ընտրեր իբրև մասնագիտություն, ողջ կյանքը նվիրեր այդ գործին։ Անտարակույս, կար նաև նախապայմանը. չէ՞ որ 45 տարի նույն գործին էր ծառայել Հակոբ Գոնտուրուջյանը՝ հայրը: Եվ մասնագիտություն ընտրելու հարցում որդին հետևել էր հոր օրինակին. մի բան, որ չարեց կյանքի ընկեր ընտրելիս։ Հայրն ամուսնացել էր երեսունն անց։ Որդին շատ ավելի վաղ ամուսնացավ։
Զարմանալի պատահականությամբ նրա երիտասարդ կնոջ անունը ևս Եսթեր էր, ուստի մանկահասակ քրոջը սկսեց Եսթերիկ կանչել, և վերջինս, այդպես էլ, մնաց ու մնաց Եսթերիկ։
1893 թվականին, երբ ծնվեց Գոնտուրուճյան զույգի անդրանիկ զավակը՝ Վարդանիկը, Եսթերիկը վեցամյա աղջնակ էր։ Նորընծա հայրիկը, մեկ թևով կնոջը ու մյուսով քրոջը գրկած, հայտարարեց, թե ընտանիքի շատ կարևոր անդամներից մեկը այդ օրվանից նոր կոչում է ստանում։ Բայց, քանի որ փոքրիկ է տակավին, անունին կրկնակի՜«իկ» պիտի ավելանա, այսինքն՝ Եսթերիկ հորքուրիկ…
Աղջնակի ուրախությունը չափ չուներ։ Նա և Արուսյակը, տիկին Գոնտուրուճյանի կրտսեր քույրիկը, գրեթե հասակակիցներ, որ մինչև այդ էլ տան մշտական հյուրերն էին, հիմա ավելի հաճախ էին գալիս այցելության և միշտ դժկամությամբ էին իրենց տները վերադառնում։
Արուսյակը, թեպետ երկու տարով միայն մեծ Եսթերիկից, բայց միշտ ավագ քրոջ դերում, շատ սիրեց փոքրի այդ նոր հորջորջումը և սկսեց ինքը ևս հորքուրիկ կանչել Եսթերիկին։ Լռիկ մրցակցություն սկսվեց աղջիկների միջև. իրենց ողջ ժամանակը տրամադրել՝ հոգալ ու խնամել Վարդանիկին ։ Ահա այսպես՝ գրեթե միշտ իրար հետ ու, մանավանդ՝ տարիքով էլ իրար մոտ, երեքի միջև հատուկ մի կապ հաստատվեց. աղջիկները ավագ քույրերն էին, մանչուկը՝ կրտսեր եղբայրը։
Եսթերիկը քնքուշ սիրով կապվեց և հաջորդ տարի աշխարհ եկած Հայկակ եղբորորդուն, ապա Վերգինեին ու Գարեգինին։ Բայց Վարդանիկը առանձին տեղ ունեցավ հոգում ու հորաքույրիկ եղավ միայն նրա համար, մյուս երեքի համար եղավ պարզապես հորքուր։
Տարիներն անցան, նազելի օրիորդ դարձրեցին նրան։ …Կեսարիայի Թալաս քաղաքի աչքառու երիտասարդուհիներից էր՝ ուսումով ու բարեկիրթ, ներքին ու արտաքին գեղեցկությամբ, անուշ ձայնով ու, մանավանդ, դաշնամուր նվագելու իր շնորհով…
Բաղձալի օրիորդը, սակայն, ամուսնության մասին տակավին չէր մտածում: Հոր և Հովհաննես եղբոր օրինակով նա ևս փափագում էր նվիրվել մանկավարժությանը։ Երազում էր գնալ Պոլիս՝ ուսումը շարունակելու, մանավանդ որ այնտեղ հարազատներ ուներ. երկու եղբայրները իրենց գործի բերումով վաղուց հաստատվել Պոլսում, ամուսնացել, տուն-տեղ էին դրել այնտեղ։ Փափագն իրագործելու որևէ խնդիր, որևէ խանգարող հանգամանք կարծես թե չկար։ Բայց շաբաթը ուրբաթից առաջ եկավ։ Եսթերիկի ձեռքը խնդրեց թալասցի մի երիտասարդ բժիշկ, որ ուսումը Պոլսում ավարտել, վերադարձել էր հայրենի տուն, քանզի վաղուց «աչք ուներ» շնորհալի այդ աղջկա վրա։ Վերջինս պատճառ չգտավ մերժելու բժշկի առաջարկը, նրանք նշանվեցին։ Օրիորդը մոռացավ իր՝ մինչ այդ կազմած ծրագրերը…
Թալասցի երիտասարդները երանությամբ, իսկ տարեցները հիացումով էին նայում զույգին, որ, հիրավի, այնքա՜ն երջանիկ էր թվում։ Ճակատագիրը նրանց ճանապարհները խաչել էր մի կարճ ընթացքի համար սակայն։ Պատահեց այնպես, որ երիտասարդը հիվանդացավ, բուժման նպատակով մեկնեց Եգիպտոս։ Եսթերիկը մնաց Կեսարիայում, ու այդ ընթացքում նրանք հարաբերությունը շարունակեցին նամակներով։
…Մի օր էլ, երբ ուրախ լուրի ակնկալիքով Եսթերիկը բացեց նշանածի հերթական նամակը, դառը տողեր գտավ… Կարդաց մի քանի նախադասություն… Հետազոտություններից հետո պարզվել էր, թե նա տառապում էր լուրջ մի հիվանդությամբ… թե երկարատև բուժումի հարց կար, թե դեռ հայտնի չէր՝ ինչով էր ավարտվելու այդ ամենը… Նամակն ընկավ աղջկա ձեռքից: Նա հուսահատ նայեց աջ, ձախ՝ չիմանալով ինչ անել, ապա վերցրեց թուղթը, փորձեց կարդալ շարունակությունը, բայց արցունքը մշուշել էր տեսողությունը… Չէ, մտածեց Եսթերիկը, ծնողներին դեռ պետք չէ հաղորդել լուրը. ճիշտ կլիներ նախ խորհրդակցել մտերմուհու՝ Արուսյակի հետ, վերլուծել տագնապալի վիճակը: Մորը ձայն տվեց, թե Արուսյակին է գնում ու դուրս նետվեց։ Չզգաց, թե ինչպես անցավ իրենց տները բաժանող մի քանի փողոցները, չզգաց , թե ինչպես հասավ ընկերուհու տուն, թակեց դուռը… զարմացած ընկերուհուն մեկնեց ծրարը… խնդրեց՝ կարդալ եղելությունը… Շարունակությունը մղձավանջ էր… Ճիշտ ինչպես վատ երազում, երբ տեսնում, բայց ոչինչ անել չես կարող, տեսավ, որ ընկերուհին իրեն նստեցնում է բազմոցին, ստիպում է ջուր խմել, ցնցում՝ ստիպում է կենտրոնանալ, լսել իրեն…
…Եսթերիկն ու Արուսյակը հասակակիցներ էին, բայց լոկ դա չէր նրանց ընկերության շաղկապը։ Առաջինը Հովհաննեսի քույրիկն էր, երկրորդը՝ նրա տիկնոջ՝ Եսթերի։ Երկու աղջիկներն էլ՝ մեկն իր եղբորից, մյուսն էլ քրոջից տարիքով շատ փոքր էին, և ամուսինները նրանց հանդեպ առանձնահատուկ սեր էին տածում…Միգուցե հենց դա էր պատճառը, որ զույգի ամուսնության առաջին իսկ օրից տան մշտական հյուրերը եղան այս փոքրիկները, որ հիրավի հարազատ քույրերի պես մեծացան, կապվեցին անքակտելի սիրով։
Արուսյակը երկու տարով մեծ էր Եսթերիկից. իրոք չնչին մի բան, որը, սակայն, մշտապես մեծ տարբերություն էր արել, երբ էլ անհրաժեշտ էր եղել թևերի տակ առնել քույրիկին՝ ապահովել նրա բարօրությունն ու անդորրը։ Եվ, ահա, նա կրկին իր՝ ավագի դերում էր, մանավանդ հիմա արդեն ամուսնացած ու զավակի տեր, ուրեմն՝ փորձառություն ունեցող մի տիկին։
…Նամակը ցնցեց նաև Արուսյակին։ Նա ցավ ապրեց հրաշալի այդ երիտասարդի համար, որ, նամակի համաձայն, տառապում էր հեռավոր Եգիպտոսում, երևի երկար պիտի տառապեր, հայտնի չէ՝ ի՞նչ է սպասում: Բայց խելացի կինը ջանաց չտրվել զգացումներին։ Ինքը պետք է ուժեղ գտնվի, պիտի կարողանա օգնել հուսահատված աղջկան… պիտի օգնի՝ տեսնելու իրականությունը…
Մտերմուհու փաղաքույշ, սակայն և զգոնության կոչող խոսքը արթնացրեց Եսթերիկին։ Նա կրկին կարդաց նամակը…Այս անգամ՝ մինչև վերջ…
«…Ես բարոյական ո՜չ մեկ իրավունք ունիմ անորոշ ժամկետով գերի պահելու քեզի, սիրելիդ իմ Եսթերիկ… Այո, անորոշ…Աստվա՜ծ գիտե… Կը հավաստիացնեմ քեզի, թե գրիչս է համարձակը, սիրտս տերևի մը պես կը դողա աս տողերը գրած ատենս… Դուն կյանքիս ամենեն շքեղ երազը եղար, և, ավա՜ղ, երազն ալ պիտի մնաս՝ քանի դեռ շունչ ունիմ… Երազս ինչպե՞ս բանտարկեմ… Չե՜մ կրնար…Եվ ալ՝ իրավու՜նք չունիմ…Դուն ազատ ես… ես քեզի սիրով, հոգվու՜յս ամբողջ սիրով կարձակեմ՝ հետս անորոշություն ապրելու աս բիրտ մղձավանջեն… Դուն, անուշ, քնքու՜յշ արարած մը, պարտավորված չես հետս տառապելու… Կուզեմ, որ գոնե դու՜ն ազատ ու երջանիկ ըլլաս… Արժանի ես… Առողջությանս համար աղոթելուս ատենը նաև երջանկությանդ համար պիտի աղոթեմ… Հավատա՜ ինծի… Եվ՝ մնա՜ս բարյավ…»
-Հիմա ես ի՞նչ պիտի ընեմ… Արուսյակ, խելք տուր ինծի… Ի՞նչ գրեմ, ի՞նչ պատասխանեմ աս նամակին. ավելի շիտակը ան չէ՞, եթե ելլամ, Եգիպտոս, քովը երթամ…
-Նայե, անուշս, ասի շիտակի-ծուռի խնդիր չէ. դուն ոչ մեկ բան կրնաս ընել այս պարագային։ Տղան, Աստվա՜ծ իրեն օգնական, քեզի շա՜տ պարզորեն գրած է իր որոշումը… Ան ասկե պարզ չէ՜ր կրնար գրել։ Դուն ալ, վստահ եմ, հասկցար, թե ձեր ճամփաները զատված են՝ այլևս չի միանալու համար։ Իրողությունը աս է, քույրիկս…
-Բայց ես ի՞նչ պիտի ընեմ…
-Պիտի համակերպիս։ Ժամանակ կառնե, և կը համակերպիս։ Ուրիշ ձև չիկա։ Մենք շատ բաներ կը ծրագրենք ու կուզենք իրական տեսնալ զանոնք։ «Մարդս կը ծրագրե, Աստված է որ կը կարգադրե»։ Պիտի ընդունիս Աստծո կարգադրությունը՝ ուզես կամ չուզես…
-Արուսյակ, հապա մերիննե՞րը՝ ծնո՜ղքս, եղբայրնե՜րս…
-Ատ խնդիրը ինծի ձգե… Հատե, խելքդ գլուխդ ժողվե ու աչքերդ ալ չորցուր։ Կարծեմ թե պզտիկիս արթննալուն ժամանակն է։ Դուն իրեն հետևե, ես ալ խոհանոց երթամ՝ աննուխով թեյ եփեմ, խմենք, հետո միասին կը ճաշենք, վերջը ձեզի կերթանք… Նամակին խոսքը կը բանամ ծնողքիդ, կը խոսինք, կը լմննա, կերթա…
-Դուն չըլլայիր, ի՞նչ պիտի ընեի… ի՞նչ պիտի ըսեի ծնողքիս…
-Ինչ պիտի ընեի՞ր։ Դուն բան մըն ալ չի պիտի ընեիր. ընելիքն ալ, ըսելիքն ալ ես ունիմ, սակայն հիմա չէ… Քանի մը ժամ վերջը կը հասկնաս… Հատե, ես խոհանոց գացի…
…Ճաշելուց հետո Արուսյակը կերակրեց նաև փոքրիկին, նրան հանձնեց մեծ մորը։
-Մայրիկ, ես չեմ ուշանար, մեկ ժամեն ետ կը դառնամ,- ասաց և Եսթերիկի հետ շարժվեցին դեպի նրանց տուն։ Արուսյակը, առանց ավելորդ ձևականությունների, իրողությունը ներկայացրեց աղջկա ծնողներին… Որոշ ժամանակ նրանցից ոչ մեկը որևէ բան չասաց…
-Աղջիկս, շատ կը ցավիմ ասանկ արժեքավոր երիտասարդի մը անհույս ըլլալուն լուրը լսելով,- ի վերջո խոսեց հայրիկը… Շա՜տ կը ցավիմ, սակայն ո՛չ քեզի, ո՛չ ալ անոր օգնել չեմ կրնար։ Աստված թող օգնե։ Կարծեմ, մայրիկդ ալ նույնը պիտի ըսե՝ Աստվա՜ծ անոր դարմանում մը թող տա, խնայե՜ անոր երիտասարդությունը… Մենք անզոր ենք։ Քովս եկուր, աղջիկս, աղոթենք …
Սենյակում դարձյալ լռություն տիրեց։
-Եսթերիկ, աղջիկս, սիրտերնիս ասանկ նեղելով եղածը փոխել չենք կրնար։ Բախտ չէ եղեր։ Արուսյա՜կ, քու՞ գաղափարդ ինչ է, չե՞ս խորհիր, որ տղաներուն լուր տալ պետք է,- խոսեց մայրը։
-Եթե ինծի կը հարցնեք, պետք է լուր տանք, լուրը տալեն ետքն ալ Եսթերիկը պետք է որոշ ատենով մը Պոլիս կամ Ատանա ղրկենք: Ոևէ ցնցումե ազատելու լավագույն միջոցը ճամփորդելն է… Գիտեք, թե ամուսինիս՝ Վահանին մեկ ոտքը Պոլիս է, մյուսը Ատանա է։ Երբ ալ որոշումնիդ առնեք, երկուքը միասին ճամփու կը դնենք…
Գոնտուրուճյանները Թալասի հարգելի ընտանիքներից էին ու նրանց մասին միշտ էլ խոսում էին ակնածանքով միայն, իսկ նրանց դստերը՝ Եսթերիկին, չսիրող չկար։ Նորությունը, իհարկե, շուտով հայտնի դարձավ ամենքին, և բոլորը ցավ ապրեցին երիտասարդ զույգի ճակատագրի ու բախտի համար։ Սակայն ո՛չ ցավակցական խոսքերով, ո՛չ էլ ավելորդ հարցումներով չուզեցին նեղել ո՛չ աղջկա, ո՛չ տղայի ծնողներին, ոչ էլ, նամանավանդ, աղջկան: Իսկ ժամանակ անց եղածը մոռացվեց, գնաց։
* * *
Որոշումն արդեն տրված էր՝ Եսթերիկը միառժամանակ պետք է հեռանար Թալասից։ Դա անհրաժեշտ էր նրա հոգեկան աշխարհի համար։ Երկու եղբայրները Պոլսում էին ապրում, մեկը՝ Ադանայում։ Ծնողները նրան էին թողել ընտրությունը՝ Պոլի՞ս, թե՞ Ադանա… Եվ
քանի որ Եսթերիկը շատ ավելի կապված էր Հովհաննեսի, նրա կնոջ և զավակների, մանավանդ Վարդանիկի հետ, որոշումը կանգ առավ երկրորդի վրա… Մի քանի օր անց, 1908 թվականի գարնանային մի առավոտ, նա և Վահանն արդեն Ադանա տանող ճանապարհին էին։
Մեկնելու նախօրյա երեկոյան Արուսյակը եկավ՝ ընկերուհուն հրաժեշտ տալու, և Վահանը անշուշտ հետն էր։ Նախկին ուսուցչին հանդիպելու առիթը վերջինս բաց չէր թողնի։ Մինչ նա զրուցում էր Եսթերիկի ծնողների հետ, աղջիկներն առանձնացան։ Եսթերիկը, որ կարծես բավական խաղաղված էր թվում վերջին օրերին, հանկարծ փաթաթվեց Արուսյակին, սկսեց լաց լինել և խնդրել, որ կարելվույն չափ հաճախակի այցելի տարեց ծնողներին։
-Աս ըրածդ ու ըսածդ նախ չեմ հասկնար, հետո ալ՝ քեզի բնավ չեմ վայլեցներ…
-Գիտեմ, ավելորդ էր խոսքս… բայց դուն առաջվա չափ ազատ չես հիմա, ամուսին, կեսուր, մանավանդ՝ պզտիկ ունիս…
-Դուն մոռցա՞ր, Վահանը որչափ կը սիրե ձեր ընտանիքը, կը պաշտե վարժարանի իր պարոնը. բնավ հոգ չընես, ամուսին-կին-պզտիկ ու կեսուրս՝ ամենս միատեղ պիտի այցելենք իրենց… երբեք մինակ չի պիտի ըլլան։
Եսթերիկը, այնուամենայնիվ, մտահոգվելու պատճառ ուներ։
Հովհաննեսը 1900 թվականից ստանձնել Ադանայի Ազգային Աբգարյան Վարժարանի տնօրինությունը, ապրում էր Կիլիկիայում։ Կինն ու զավակները մնացել էին Կեսարիայում: Ընտանիքը կիսվել էր երկու մասի մինչև 1907 թվական, երբ տիկին Գոնտուրուճյանին էլ հրավիրեցին դասավանդելու Ադանայում (Աշխենյան Աղջկանց Վարժարանում), որը հրաշալի մի առիթ էր՝ ընտանիքը վերջապես միավորելու համար, մանավանդ՝ Վարդանիկ որդին փափագում էր կրթությունը շարունակել Պոլսում, իսկ Ադանայից ավելի դյուրին պիտի լիներ կարգադրել այդ հարցը։
Այսպես, ընտանիքը միավորվեց Ադանայում, և Հովհաննեսը, որ մինչ այդ կնոջը, զավակներին ու ծնողներին տեսնելու համար Թալաս-Ադանա ուղին բռնում էր ամեն առիթով, վերջապես այդչափ ժամանակ չէր տրամադրում հոգնեցուցիչ ճամփորդություններին և ամառային արձակուրդի օրերին էին միայն այցելում Թալաս… Ահա թե ի՜նչն էր մտահոգում աղջկան… նա համոզված էր, թե Ադանայում երեք ամիս մնալու հեռանկար է սպասում իրեն. երե՜ք ամիս, քանզի լավ գիտեր, եղբայրը և կինը կհամոզեին մնալ, ամռանը իրե՜նց հետ վերադառնալ Թալաս։
Օ՜, աղջկա համար միշտ էլ անասելի հրճվանք էր եղել նրանց հետ լինելը: Չէ՞ որ Եսթերիկի մանկությունն էլ, պատանեկությունն էլ հայրական տնից ավելի եղբոր տանն էր անցել։ Ի՜նչ ժամանակներ էին… Ինչու՞ այսպես դառնացան օրերը… Որքան անհանգստություն պատճառեց ծնողներին… Ու հիմա, ամիսնե՜ր շարունակ, տան ողջ հոգսերը թողնի մայրիկի ուսերի՞ն…
Արուսյակը, որ լուռ նայում էր նրա դեմքին և բառերի կարիքը չուներ նրա տագնապներին հաղորդվելու համար, գրկեց նրան.
-Հոգիս, մոռցա՞ր մը, քույրդ հոս է. դուն անհոգ եղիր հայրիկիդ, մայրիկիդ համար. չեմ ձգեր, որ բացակայութենեդ նեղվին։ Նեղվողը ես պիտի ըլլամ, պիտի փնտրեմ, կարոտնամ քեզի։ Բայց աս մասին խոսիլս ավելորդ է. բարի ճամփա մաղթեմ։ Հավատա՜, ես գիտեմ, որ ճամփորդությունը և Ատանան պիտի վերածնեն քեզի… Այո, վստահ եմ, վերադարձիդ նախկին խանդավառ քույրիկս պիտի գտնամ։ Իսկ հիմա երթանք, նայինք, թե հայրիկդ Վահանին հետ ի՞նչ հետաքրքիր նյութերու շուրջը կը խոսին…
* * *
Արուսյակի ու Վահանի գնալուց հետո Եսթերիկը ստուգեց իր ճամպրուկը՝ համոզվելու, թե ոչինչ չի մոռացել, հետո եկավ, նստեց հոր ու մոր միջև։ Երեքն էլ լուռ էին մի որոշ ժամանակ՝ ամեն մեկն իր մտքերով տարված։
-Ինչու՞ չես խոսիր, յավրում, ուրախ չե՞ս… դուն միշտ երազած ես ճամփորդել: Ահավասիկ, առիթը ներկայացավ, մանավանդ հիմա գարուն է՝ Թալասեն դեպի Ատանա լեռներ, անտառներ կանաչցած ու ծաղկած են…
-Հայրիկ, անշուշտ ուրախ եմ, բայց մեջս տեսակ մը վախ կա…
-Բայց ինչու՞, աղջիկս…
-Կը կարծեմ, թե Հովհաննեսը երկու-երեք շաբաթեն ավելի զիս պիտի պահե… կը խորհիմ, թե ան պիտի ուզե մինչև ամառ Ատանա մնալս, որ վերջը միասին ետ դառնանք…
-Բայց ատի մտահոգվելու պատճառ մը չէ. և ի՞նչդ կը պակսի, եթե երկու-երեք ամիս մը Թալասեն հեռու ըլլաս։ Այո, ես և մայրիկդ շատ պիտի կարոտինք քեզի, և դուն ալ՝ մեզի… ժամանակը կը սահի շուտով, ետ կուգաս…
-Աղջիկս, յավրուս, մեծ եղբորդ ընտանիքին հետը աղվոր օրեր պիտի վայելես,- միջամտեց նաև Եսթերիկի մայրիկը, որ լուռ նստած էր մինչ այդ։ -Հանգիստ միտքով գնա, Աստված հետդ… Ի՞նչ է, ինծի չե՞ս վստահիր. ես հայրիկիդ պետք եղած գուրգուրանքը ավելիով ալ պիտի տամ… Գնա, քիչ մը կը փոխվիս. ասկե զատ ալ, անհոգ եղիր, աղջիկս, Թալասը իր տեղեն չի՜ փախչիր…
-Ա՜խ, մայրիկ, դուն չե՜ս գիտեր, թե որչափ կը սիրեմ Թալասը։
Թալասին ամեն մեկ անկյունը հեքիաթ մըն է… Ես ուրիշ տեղ ապրիլ չեմ կրնար, չեմ ուզեր… Երբ արևը ողողե Արգեոսի գագաթները, երբ փռե իր ոսկեթել շողերը դաշտին վրա մինչև հեռու-հեռուներ, սիրտս կուրծքես կարծես դուրս կը թռչի… տեղս նստիլ չեմ կրնար… պարե՜լ կուզեմ… Երբ երկինքը ամպոտի, մանավա՜նդ, երբ Չարտաք Պաշին ալ երգել սկսի, ես լուռ կենալ չեմ կրնար, երգե՜լ կուզեմ, դաշնակիս քովը նստիլ, մատներովս ստեղներուն հպիլ, գահավիժող ջուրերու մեներգին նվագակցիլ կուզեմ… Ես երբեք չէի հասկցած՝ Թալասին արև՞ը ավելի կը սիրեմ, թե՞ անձրևը… Սակայն հիմա, աս օրերուն հասկցա, թե արևն ալ, անձրևն ալ ես հավասարապե՜ս կը սիրեմ… որովհետև Թալասին ամեն մեկ անկյունը հեքիաթ մը կը պատմե ինծի…Թալասեն զատ ուրիշ տեղ մը ապրիլ չեմ կրնար… չեմ ուզեր…
Մինչ աղջիկը ինքնամոռաց մենախոսում, ետ-առաջ էր անում սենյակում, հայրն ու մայրը իրար փակած անշարժ-անձայն նստած էին ու չէին համարձակվում որևէ բան ասել։ Ի՞նչ ասեին… Նամակը ստանալուց հետո Եսթերիկը անճանաչելի էր։ Ինչ-որ աներևույթ ուժ ասես քամել էր կենսախինդ աղջկա ավյունը և շրջապատի հանդեպ անտարբերության էր մատնել նրան: Վերջապես խոսում, բացում էր հոգին… Ծնողները լավ գիտեին, թե որքան խորունկ է իրենց սիրելի դստեր էությունը, թե ինչպիսի ապրումներ ունեցավ այդ նուրբ էակը վերջերս՝ տառապելով լռությամբ, առանց տրտնջալու. հիմա նրանք՝ հայրն ու մայրը, որ շվարած, լռիկ նստած էին կողք-կողքի ու ներքին վախով լսում, սակայն դեռ չէին հասկանում աղջկա անակնկալ այդ ոգևորությունը, խաղաղվեցին, շունչ առան: Աղջիկը վերջապես ափ էր հանում օրերով հոգին ալեկոծող զգացումների փոթորիկը…
1908 թվականն էր… Գարուն…