ՄԵԿ ՕՐ ԷԼ ԱՆՑԱՎ

 

 

Մտածում եմ, թե ժամացույցն ահա
տասներկու զարկով ավետիս կտա՝
այսօրը երեկ, վաղն՝ այսօր դարձավ։

Մտածում եմ, թե այն պահն է ահա,
երբ օրացույցից մեկ թերթիկ պոկվում,
տեղավորվում է անցյալի գրքում։

Մտածում եմ, թե քանի՞ մարդ ծնվեց
քսանչորս ժամում ու քանի՞սն արդյոք
անցան, գնացին դեպ հավերժություն։

Ժամացույցն ասես խոհերս կարդում,
սաստում է՝ քնի՛ր, գիշեր է հիմա,
օրվա այս պահին ոչ ոք չի հաշվում։

Երբ լույսը բացվի, հետն էլ բարին,
նստիր ու որքան սիրտդ ուզենա
կյանքի ու մահվան հաշիվդ արա։

Քունս չի տանում…

Մտածում եմ, թե այս կեսգիշերին
քանի՞սն են քնած երազներ տեսնում
ու քանի՞սն արդյոք՝ չիրականացած
երազանքների հաշվեհարդարը։

Մտածում եմ, թե ինչ դաժա՜ն բառ է
հաշվեհարդարը։ Մի՞թե արդար է
երազանքի հետ այդ ձևով վարվել։
Երազանքները պետք է փայփայել։

Իսկ ժամացույցը տիկ-տակ աշխատում,
շարունակում է խոհերս կարդալ՝
ինչ չէր լինելու երբեք չի լինում
ու լինում է այն ինչ պիտի լիներ։

Մտածում եմ, թե ժամանակի հետ
և երազների պետք է հաշտ լինել,
գիշեր է հիմա ու պետք է քնել։
Սակայն ապարդյուն։ Քունս չի տանում։

Կեսգիշերային խաղաղության մեջ
ժամացույցն ահա պտույտ է գործում
ու միապաղաղ իր տկտկոցով
օրոր է կարդում հոգնած աշխարհին։

Մտածում եմ, թե լույսը կբացվի,
բարի լույսն իր հետ կբերի բարին։
11-23-2000