ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

 

Չգիտեմ ինչպես, բայց գիտեմ ինչու,
մի օր զարմանքով ես նկատեցի,
որ դադարել եմ մարդկանց հետ խոսել
(և ինչու՞ խոսել, երբ լսող չկա,
բոլորը խոսում, լսել չեն ուզում),
որ իմ գլուխը մենակ լինելու,
մենախոսելու մարմաջ է մտել։
Անհանգստացա։

Ապա ինքս ինձ երկա՜ր խորհեցի։
Մտածեցի, որ ինձ պես երևի
շատերն են խոսում իրենք իրենց հետ։
Մտածեցի, թե՝ վերջապես չէ՞ որ
մարդ նախ մտածում, հետո է խոսում
(արդյո՞ք մտածում, հետո է խոսում),
ուստի՝ բոլորն էլ մտքում խոսում են։
Մխիթարվեցի։

Այս պատմությունը՝ մենախոսելու
հիվանդությունը որքան երկարեց,
այնքան հասկացա ինքս ինձ խոսելով,
որ կորցնելու են դատողությունս
(դե, եթե ինքդ քեզ չհասկանաս,
ուրիշը, պատրաստ դատապարտելու
առանց լսելու ու հասկանալու,
ի՞նչդ հասկանա)։

Վերջնականապես չբթանալու՝
մնացած խելքս պահելու համար,
գլուխս առա, տանս մոտակա
պուրակը տարա, որ միտքս մաքրեմ,
հոգիս ազատեմ, գլուխս ազատեմ
մոլախոտի պես ուղեղս աքցանող
հարցատարափից։ Նորը սկսեմ։
Սկսեմ ճիշտը։

Շրջեցի այգում, երկնքի տակ ջինջ,
ջանացի լռել, չխորհել ոչինչ,
վայելել այգու օդը անապակ
ու փափուկ խոտի գորգը քայլիս տակ։
Բայց միտքս խոսեց. “Տե՛ս, ճիշտ մարդկանց պես,
ծառերը ևս իրար քիթ մտել,
խումբ-խումբ բոլորվել ճիշտ մարդկանց նման,
փոխանակ արև, լույս վայելելու,
ստվեր են գցում իրարու վրա։
Հողի խորքերը փոխանակ խրվեն,
իրենց սնունդը վաստակով գտնեն,
կառչել են կողքի ծառի արմատին,
սոված են թողել ծառ հարազատին”։
Խայտառակությու՛ն։

Ծառերի հետ էլ ես խռովեցի։
Փորձեցի գտնել մի նոր հաշտություն
թռչունների հետ ճյուղերին թառած։
-Ծիվ-ծիվ, ծիվծիվիկ, ծվում, ծվծվում,
փոքրիկ ճնճղուկներ, դու՞ք ինչ եք ուզում։
Դուք էլ հո մարդ չե՞ք՝ անհաշտ ու ագահ,
որ փող, հող, սահման ունի կիսելիք,
ձերը երկինք է, անսահմանություն,
ինչու՞ եք վիճում, որ բերեք չարի՞ք.
որ չար մի տղա (հաճույքի՜ համար,
բարի՜ միտումով) պարսատիկն առնի՝
վե՞րջը տա երկու օրվա ձեր կյանքի։
Թռե՛ք, գնացե՛ք։ Ես զրույց ունեմ
իմ Աստըծո հետ։

-Հայր իմ երկնավոր, ես եկել էի
պուրակիդ գրկում միտքս մաքրելու,
միտքս՝ խենթացած այս մարդ կոչվածի,
քո իսկ պատկերով քո արարածի
բազում խաղերից, անթիվ դավերից։
Ես եկել էի հոգուս անդորրը
վերագտնելու ու հասկանալու
ցավի պատճառը։ Ու հասկացա այն,
որ տերունական մեր աղոթքի մեջ
ամեն ինչ խնդրել, բայց մոռացել ենք
բա՛նը էական, որ այսօր, հիմա
ես լրացնում եմ։

Տե՜ր, քեզ եմ դիմում ձայնով բոլորի՝
ի խորոց սրտի, երկյուղով խորին,
ընդունի՜ր խոսքըս և ի տրիտուր,
հանապազորդ սուրբ հացի հետ մեկտեղ,
իրար անսալու շնո՜րհը մեզ տուր,
իրար լսելու ու հասկանալու
պարգևը վերին տու՜ր մարդ կոչվածին,
քո իսկ պատկերով քո արարածին,
զի քո է երկնի արքայությունը
և զորությունը, փառքն հավիտենից
հավիտենական։ Ամեն։
03-12-2000