Դու ծիծաղում ես։ Չէ, ի՜նչ ծիծաղել,
դու քրքջում ես ճիշտ խենթի նման
ու ոչինչ ասել չես կարողանում։
Մի պահ շունչ առնում, ուզում ես խոսել,
բայց ծիծաղի նոր նոպա է բռնում։
Փոթորկի պահին ծովին հանձնված
նավակի նման հույզերիդ ձեռքին
դարձած խաղալիք՝ դու քրքջում ես…
Ես շվարում եմ։ Թեև առիթը
դեռ չեմ իմանում, այնպե՜ս վարակիչ,
այնքա՜ն անսանձ է քո այդ քրքիջը,
որ ես ակամա քեզ եմ միանում։
Հիմա միասին մենք ծիծաղում ենք,
դու՝ քեզ կորցրած, ես՝ քեզ կորցնելու
վախով համակված ու հասկանալով,
որ չես ծիծաղում, որ այս քրքիջը
ծիծաղի նոպա դարձած մի ճիչ է…
Ու ոչինչ ասել չեմ կարողանում։
Ես գիտեմ ինչով պիտի վերջանա
այս փոթորիկը։ Հետդ ծիծաղում
ու սպասում եմ, որ որոտն անցնի,
անձրևը տեղա, ծիծաղիդ նման
արցունքդ էլ կիսեմ… Եվ երբ մաքրվի
հոգուդ երկինքը, քեզ կրծքիս սեղմեմ
ու միայն ասեմ՝ հասունանում ես…
06-29-2000