ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹԸ

 

 

Թաղում ամենքը գիտեին իրար,
թաղն ընտանիք էր համերաշխ ու մեծ,
միայն մեկը կար գոռոզ ու օտար,
որտեղի՞ց եկավ, ինչպե՞ս հայտնըվեց…

Ոչ ընկեր ուներ, ոչ էլ բարեկամ,
ոչ մեկը նրա հացը չէր կիսել,
ահել թե ջահել, մանուկներն անգամ
խուսափում էին նրա հետ խոսել…

Ո՛չ ժպիտ ուներ երեսի վրա
և ո՛չ էլ թախիծ աչքերում հանգած,
դժվար էր որսալ հայացքը նրա,
անհաղորդ տիպ էր՝ դառն ու մթագնած…

Բարև չէր տալիս, բարև չէր առնում,
արհամարհում էր կարծես ամենքին,
խոսել փորձողին թշնամի դառնում՝
սառը հայացքով խոցում էր հոգին…

Մտածում էին՝ թույն է ու թարախ,
նախընտրում էին հեռու մնալ միշտ,
և ինչու՞ դառնալ կամավոր թիրախ
մի մարդու համար կոշտ ու ամբարիշտ…

Թե ինչու՞ էր նա չարացած այդքան,
ոչ ոք չգիտեր, ի՞նչ իմանային,
երբ անհնար էր մոտենալ նրան,
նրա փակ սիրտը ինչպե՞ս բանային…

Ու համակերպվել, անհաղորդ մարդուն
ընդունել էին ինչպիսին որ կար՝
առանց բարի լույս, բարի իրիկուն,
որպեսզի հանկարծ լուտանք չկարդար…

* * *
Բայց զարմանալին պատահեց ահա,
հրաշք կատարվեց մի օր այդ թաղում,
տեսան, որ մարդու ծնկների վրա
թաղեցի մի մանչ խայտում էր, խաղում…

Չհամարձակվեց ոչ մեկը, սակայն,
մոտենալ, հարցնել՝ ինչպե՞ս պատահեց,
սառած-քարացած նայեցին միայն,
և լուռ ապշանքը ամենքին պատեց…

Եվ մարդը՝ ինքը, ինքն էր քարացել,
անշարժացել էր, վերացե՜լ այնպես…
Չէ, ի՞նչ վերանալ, ոգիացե՜լ էր
ու անջատվել էր աշխարհից ասես…

Աշխարհը նրա գրկում էր հիմա,
դեմքին ժպիտ կար անբացատրելի,
ու փակ աչքերով ըմբոշխնում էր նա
անծանոթ մի ցավ այնքա՜ն հաճելի…

* * *
Ու՞մ երեխան էր… Որտեղի՞ց եկավ…
Ինչու՞ է սիրտը այսպես տրոփում…
Այդ փոքրիկ տղան ինչու՞ լաց չեղավ…
Ինչու՞ է եկել, նստել իր գրկում…

Ախր նրա հետ այնքա՜ն կոշտ վարվեց,
պետք է, որ թողներ, լացով հեռանար,
մինչդեռ մանչուկը վզովը փարվեց
ու տեղավորվեց գրկի մեջ օտար…

Դե, նա ի՞նչ գիտեր դաժանությունը,
զույգ թևիկներով փաթաթվեց անուշ,
մարդը՝ մոռացած ատելությունը,
մի պահ կարկամեց անխոս ու անուժ…

Հետո մտածեց՝ պատի՞ժ էր, փորձա՞նք,
միասի՞ն գուցե և որքա՜ն հարմար
իրեն փորձության մի նոր տառապանք՝
ատելության նոր դաս տալու համար։

Որպեսզի իսկույն գրկից շպրտեր,
ասեր՝ քո խաղը իմ սրտովը չի,
և հոգեառից հոգին ազատեր,
ուզեր, որ տղան չքանա, կորչի։

* * *
…Չքանա՞, կորչի՞… Գիրկը այդքան տաք
չէր եղել երբեք, ինչպե՞ս վռնդեր…
Քարացած սիրտը այդքա՜ն ներդաշնակ,
այդքա՜ն երջանիկ չէր տրոփել դեռ…

Նայեց չորս կողմը։ Թաղը շվարած
դիտում էր, թե նա ի՞նչ պիտի անի։
Նայեց մանկիկին։ Գրկում ծվարած
մի աղավնի էր՝ խաղաղ ու բարի…

Էլ չմտածեց՝ պատի՞ժ էր, փորձա՞նք,
արժանի էր և՛ մեկին, և՛ մյուսին,
բայց հիմա գրկում Աստըծո օրհնանք
և մյուռո՜ն ուներ՝ օծված իր հույսին…

Լույս ժպիտ եկավ երեսի վրա,
ու շողը վառեց հայացքը հանգած,
օղակվեցին զույգ թևերը նրա,
մանկան մարմինը գրկեցին հանկարծ…

Մարդն անէացել, ձուլվել էր կարծես
մանչուկի մարմնին՝ իրեն մոռացած,
ու երջանկության արձան էր ասես՝
մարդկանց աչքերի դիմաց ծառացած…

* * *
…Թաղը շունչ քաշեց բերկրանքով անլուր,
թաղը մեկ սիրտ էր՝ համերաշխ ու մեծ,
որ նորոգ հոգու գալստյանն ի լուր
վերածնության խորհուրդը տոնեց…
07-27-05