ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ

 

 

Մտքում ամենքին քննադատելու՝
մեկին սիրելու, տասին ատելու
և շատ-շատերին չնկատելու
հին տարիների հին սովորությամբ,
որից ձանձրացել, բայց չե՜ն կշտացել,
թեյասեղանի շուրջը բոլորված՝
խոսում են տաք-տաք և ինքնամոռաց՝
մեկին բարձրացնում, տասին ցածրացնում
և շատ-շատերին անտարբերության
սառը երեսին լոկ արժանացնում,
հնից բողոքում, նորը այպանում,
ասում են՝ անուշ զրույց են անում։

Ու բորբոքվում են կրքերն անընդհատ
բողոքից-բողոք, գանգատից-գանգատ,
խարազանում են հերթով ամենքին
ու չեն խնայում տղամարդ թե կին,
մեկի ասածը մյուսը չի՜ լսում,
քանզի մեկտեղ են բոլորը խոսում։

Ես խցանվել եմ այս մղձավանջում
ծանոթ-անծանոթ-հարազատ-օտար,
լեզուս պապանձվել, ձայնս չի հնչում,
միտքըս հարցնում է՝ սա երա՞զ է չար,
աչքըս ուղղում է՝ եղիր անաչառ,
չե՞ս տեսնում, ինչ մեծ հաճու՜յք են ապրում։

Եվ մեկտեղվելով՝ գանգատից փոխվում,
աղմուկ է դառնում խոսքը տաքացած։
Սենյակում ոչ ոք ինձ չի նկատում։
Ինչու՞ են գոռում այսպես դառնացած՝
մտածում եմ ես, չեմ կարողանում
այլևըս լսել, հասկանալ նրանց,
քանզի բառերը դիպչում երեսիս
ու փախչում են ետ, կպչում պատերին,
բազմապատկըվում, արձագանք տալիս,
վերադառնում են, խրվում, մըխըրճվում
ականջներիս մեջ, և գլխուղեղիս
պրկված թաղանթը ուռում է, պայթում…

Մարմինըս տեղից պոկվում է հանկարծ,
սեղանը թողնում, տեղավորվում է
սենյակի շքեղ բազմոցի վրա…
Աստ, բարձերի տակ՝ ոտքերն հավաքած,
ծնկների միջև գլուխը հակած՝
ճիշտ սաղմի նման, ինչպես արգանդում,
աչքերը փակում, կծիկ է դառնում։

Աղմուկից, սակայն, չկա ազատում։
Բարձերի տակից զգում է, ինչպես
բառերը խրձով՝ ականջն են ծակում,
խրվում են քթի ու կոկորդի մեջ,
շնչահեղձ անում… Բարձերի տակից
զգում է, ինչպես սենյակի օդը
քիչ-քիչ պակասում և վերջանում է…
Բերանը բացվում ու բղավում է՝
բա՜վ է, վարագու՜յր, ընդմիջու՜մ է, վե՜րջ…

Սենյակում հիմա լռություն է լոկ։
Ոչ ոք չի շարժվում, չի խոսում ոչ ոք։
Թվում է, նույնիսկ ոչ ոք չի շնչում։
Անշարժ մարմինս զգում է, ինչպես
բոլոր շփոթված իր կողմն են շրջվում,
նայում եմ իրեն, նայում են իրար։
Եվ լռության մեջ դիտում է նրանց
անակնկալից մի պահ քարացած
դեմքերը երկար, բերանները բաց,
մի քիչ զարմացած, մի քիչ դառնացած
ու հիմնականում սաստիկ զայրացած…

Օ՜, ընդհատվե՜լ էր նրանց զըրույցը՝
կյանքն անիծելու հաճույ՜քը նրանց։

Քար լռության մեջ, հաջորդ վայրկյանին,
անշարժ մարմինս ոտքի է կանգնում,
գլուխը շտկում՝ խոր շունչ է քաշում,
և, այ քեզ զարմանք, բացվու՜մ է լեզուն
ու հանդիսավոր հայտարարում է՝
այստեղ ավարտվեց արարն առաջին։
Երկրորդի մասին, տիկնայք, պարոնայք,
երկրորդի մասին շուտ է մտածել,
պետք է պատրաստվե՛լ, պետք է սովորե՛լ…

Լռության մեջ այս ձայնն ահագնանում,
պատերին խփվում, արձագանքում է,
բազմապատկըվում ու ետ է գալիս…
Երկրորդի մասի՜ն, տիկնա՜յք, պարոնա՜յք,
շու՜տ է մտածել, պետք է պատրաստվե՜լ,
պետք է սովորե՜լ, սովորե՜լ, ե՜լ, ե՜լ…
08-27-03