Վերջերս իմ տրամադրության տակ դրվեց Էսթեր Դավիթյանի տպագրված և անտիպ բանաստեղծությունների մի մեծ փունջ։
Ուշադիր կարդացի։
Էսթերի բանաստեղծությունները նորություն են բերում։ Նա աշխարհին, մարդկանց, կյանքին, մահվան ու այլ երևույթների նայում է իր ներաշխարհի պատուհաններից։ Իր պոեզիան հանգստացնում է քեզ։ Տանում է մտորումների։ Լույս է սփռում մութ ու խրթին հարցերի վրա։ Բանաստեղծորեն մխրճվում է մահվան ու կյանքի առեղծվածային ծալքերի մեջ։
…Մարմինն ի՞նչ է որ,
մի քանի տասնյակ տարիների հյուր
այս հողի վրա։
Մի քառակուսի, որը կլորվում,
ապա գլորվում
ու վերջացնում է իր պատմությունը։
Էսթերը հրաշալիորեն պատկերացնում է կյանքը։ Հասկանում ապրելու իմաստը։ Գիտի երջանկանալու գաղտնիքն ու նրա արժեքը։ Զգում է նաև տառապանքի ծանրությունը։ Բայց չի կքում նրա տակ։ Հուսահատության վիհերի մեջ չի ընկնում։ Չի կորցնում դժվարին վիճակներից դուրս գալու ճանապարհները։ Քանի որ ուժեղ է հոգին։ Դատողությունը առողջ է ու հստակ։ Մտածողությունը պարուրված է փիլիսոփայության շղարշներով։ Ուղեղը արթուն է ու զգաստ։ Կյանքի ու մարդկանց փոխհարաբերությունները լավ է հասկանում։ Ծնունդն ու վախճանը համարելով բնական երևույթ, փորձում է ապրել կյանքը այնպես, ինչպես կա։ Ինքնախաբեությամբ չի տարվում։ Միամիտ չէ, որ հավատա ամեն ստի, պատրանքի։ Չի վախենում դժվարությունից։ Նույնիսկ սիրում է. բայց ոչ ինչպես հացն են սիրում, այլ՝ ինչպես աղը, “անբաժանելի բաղադրությունը հացի խմորի”։ Բանաստեղծուհին չի վախենում ձախորդությունից, վախենում է «ձախորդությունից վախեցող մարդուց…» (ընդգծ. Վ. Հ.)։
Ճշմարիտ ու անվիճելի կեցվածք է ցուցաբերում, երբ ասում է.
Երջանիկ մարդիկ ժամացույցներին
կարծեմ չեն նայում։ Իսկ ես խափանված
իմ ժամացույցով փորձում եմ սանձել
չսանձահարվող այս ժամանակը։
Քառյակում դրսևորվում է նաև Էսթերի կամքի զորեղությունը։ Ժամանակը սանձահարելու նրա ապշեցուցիչ հանդգնությունը։
Սիրո մեջ անգամ նա ունի իր բանաստեղծական-խոհական յուրահատուկ կեցվածքը։ Իր ընդգծված անհատականությունը։ «Ես սավառնում եմ» բանաստեղծության մեջ նա ասում է.
Հոգին անսկիզբ,
հոգին անվախճան,
տիեզերքի մեջ մի այլ տիեզերք անսահմանության…
Ես սավառնում եմ։
Իսկ դու՞, կարո՞ղ ես։
Եթե կարող ես, բառեր մի ասա,
պահն հավերժացրու, սավառնիր ինձ հետ՝
լցրու անդունդը մենություններիդ, մենություններիս…
Ինձ ուրախացնում և հիացնում է բանաստեղծուհու՝ իր մտքերն ու հույզերը պատկերներով արտահայտելու ակնառու կարողությունը։ Նա, ինչ թեմայով էլ գրի ու որքան էլ հախուռն լինեն զգացումները, իր խոհերի ու փիլիսոփայության միջով է անցկացնում յուրաքանչյուր տողը։ Այդ պատճառով էլ նրա բանաստեղծությունները հագնում են իմաստության պատմուճաններ և ունեն բացառիկ ինքնատիպություն։
Վերցնենք սիրո մի երգ, օրինակ՝ «Քեզ որոնեցի»։ Իր կառուցվածքով, մտածողությամբ, ապրումների գունագեղությամբ որքան տարբեր է Էսթերի սիրո այս երգը (որ բարեբախտաբար միակը չէ), մեր կարդացած ու մեզ հայտնի այլ սիրային բանաստեղծություններից։ Այս տարբերությունը ընդգծելով հանդերձ, բոլորովին այն մտքին չեմ, որ սիրո տաղերը նրա մնացած գործերից ավելի բարձրարվեստ ու անգերազանցելի են։
Որպեսզի ինձ սխալ չհասկանան, հստակորեն ասեմ, որ Էսթերի պոետական ինքնատիպությունը շեշտելով, նկատի չունեմ արվեստի նրա չափանիշները, որ բարձր են, հատուկ՝ կատարյալին ձգտող ամեն ստեղծագործողի։ Նկատի ունեմ նրա մտածողության թարմությունն ու յուրահատկությունը։
Էսթերի բոլոր բանաստեղծություններն էլ մենախոսություններ են։ Մտերմության, կարոտի աղաղակներ։ Տառապանքի ու մենության դեմ ծառանալու կամքի ուժեղ ու սրտառուչ արտահայտություններ։ Ճշմարտությունը տեսնելու և կյանքի դատարկությունը ըմբռնելու իմաստության դրսևորումներ։ Ապրելը իմաստավորելու ձգտում։ Երանությունը գտած և կորցրած մարդու բավարարվածության ու ափսոսանքի ճիչեր։ Երջանկությունը արարելու և դատարկությունը լցնելու փորձեր։
Ինչպե՞ս արարել երջանկությունը
և ինչո՞վ լցնել ունայնությունը,
որ այս աշխարհում, այս արևի տակ ոչ ոք չմրսի։
Նա երազի, սիրո, հոգու, ոգեղեն թռիչքի բանաստեղծուհի է։
Հասկանալի, պարզ ու գեղեցիկ լեզու։ Ոճային ընդգծված առանձնահատկություններ։ Վառ երևակայություն։ Պատկերավոր միտք։ Խոհերն ու հույզերը բառերով և խոսքերով գեղանկարելու ընդունակություն։
Գիշերը՝ անխոնջ մինչև առավոտ,
թավիշ է հինում թելերից մութի,
հսկում հանդեսը, որ ոչ մի կարոտ
չմնա կիսատ, մերկ ու անոթի…
Էսթեր Դավիթյանը այն բանաստեղծուհին է, որ ասելիք ունի։ Իրականության բազմազանության բանաստեղծական յուրացման ցայտուն ունակություն։ Կյանքի մի վիճակից, մի դիպվածից, մի հատվածից ընդհանրացումներ անելու, բանաստեղծական բովանդակալից մի ամբողջություն կերտելու յուրահատուկ ձիրք։ Ունի յուրահատուկ մտածելակերպ և քերթողական բռնկուն, խոհական խառնվածք։ Նա երկար տարիների մտերմության մեջ է ներշնչանքների հետ։ Օժտված է գրելու բնատուր ձիրքով։ Միաժամանակ հիմնավորապես, մասնագիտորեն տիրապետում է թե՛ տաղաչափության նրբություններին, թե՛ համաշխարհային ու հայ պոեզիայի պատմությանը։ Էսթեր Դավիթյանի ստեղծագործական ճանապարհը հարթ է և գնում է կյանքի բարդ խաչմերուկներով։
ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ