(նվիրում եմ Քյարոլայն Քունտարջյանին)
Օ՜, այդ երեկոն տոն էր իսկական,
այսօր դառնում էր նա վեց տարեկան։
Բայց դա այնքան էլ նրան չէր հուզում,
ոչ էլ սեղանը՝ ուտեստով լեցուն։
Նա կարկանդակն էր անհամբեր սպասում՝
մոմը փչելու պահն էր երազում,
որ նվերների տուփե՜րը բանար,
նոր խաղալիքներ, հագուստներ ստանար։
Օ՜, այդ երեկոն տոն էր իսկական,
որքա՜ն նվերներ բերեցին նրան
մորքուր ու քեռի, հորքուր, հորեղբայր,
ուրախությունը չափ չուներ ու ծայր։
Մինչև ուշ գիշեր նա արթուն մնաց,
համառեց՝ իբրև քունը չի տանում,
երգեց ու պարեց, թռչկոտեց, խնդաց,
խաղից երեխան ե՞րբ է կշտանում…
Չէր ուզում քնել ու գտավ ճարը,
և կարևոր չէր՝ ինչն է պատճառը՝
իմ նապաստակն եմ, ասաց, ես ուզում,
ուզում եմ իր հետ խաղալ պարտեզում։
Մինչ այդ առավոտ կար մի նապաստակ,
որը ապրում էր նույն այս հարկի տակ,
իր ընկերոջ հետ ցատկոտում, խաղում,
աշխարհը քաղցըր գազար էր թվում։
Տղայի մայրը՝ տիկինը այս տան,
օրեր շարունակ խնամել նրան,
պարարտացրել էր, թըմբըլիկացրել՝
գլխին գալիքը խեղճը չգիտեր։
Կեսօրից առաջ ամեն ինչ փոխվեց։
Տղային տարան։ Պետք է լողանար,
երկու ժամ քներ, քիչ հանգստանար,
որ մինչև գիշեր արթուն դիմանար։
Եվ մինչ փոքրիկը իր լոգարանում
խաղում էր ջրով, չոփ-չոփ լողանում,
մենակ ձանձրացավ խեղճ նապաստակը,
կլորիկ պոչը դրեց իր տակը,
ուզեց մռափել, բայց …չհասցըրեց,
տանտերը եկավ, գլխին հասցըրեց:
Օ՜, այդ երեկոն տոն էր իսկական,
ու երջանիկ էր փոքիկը այնքա՜ն։
Իսկ հիմա… հայրն ու մայրը չգիտեն
ինչ ասեն նրան, ինչպես բացատրեն։
Եվ իրար անցած խոսում-համոզում,
խաղալիքներն են դիմացը դիզում,
իսկ նա գոռում է անհույս, կատաղի
ու արցունքներ է թափում դառնաղի…
-Իմ նապաստակը, իմ նապաստակը,
իմ նա-պաս-տակը, իմ նա-պաս-տակը…
* *
*
Զանգը ծըղըրտաց գիշերվա կեսին,
և Քյարոլայնը՝ հարևանուհին,
ընկալուչի մեջ աղմուկը լսեց,
բանը հասկացավ ու իսկույն վազեց։
Ջահել մայրերը դժվար պահերին
նրան էին միշտ օգնության կանչում,
նա թաղի բոլոր մեծ ու փոքրերին
իր հինգ մատի պես լավ էր ճանաչում։
Նա լռել գիտեր և գիտեր լսել,
գիտեր հմայել երեխաներին,
մանուկների հետ մանկացած խոսել,
կյանքի դասերը խառնել խաղերին։
Գիտեր և սուտը գեղեցիկ ասել,
բայց ոչ խաբելու, կեղծիքի սիրույն,
այլ ճշմարտության հոգսերը կիսել՝
տգեղ-ատելին դարձընել սիրուն։
Թե ինչ հնարով ինչպես համոզեց,
տղայի մայրն ու հայրը չիմացան,
փոքրիկը, սակայն, քիչ-քիչ հանդարտվեց,
թաց աչուկները քիչ-քիչ չորացան։
Անպաճույճ խոսքով կինը բացատրեց
ճշմարտությունը ծննդյան-մահվան,
հեքիաթի լույս կար այդ պատմության մեջ,
խաղաղվեց-քնեց խոնջած երեխան։
Հաջորդ առավոտ նրանք միասին
պարտեզի ծայրին մի փոս փորեցին
և նապաստակի մորթին երկուսով
մի կարճ աղոթքով մեջը թաղեցին։
Հետո կլորիկ մի թուփ տնկեցին
պարտեզի խորքում այդ թմբի վրա
և նապաստակի անվամբ կնքեցին,
որ հիշատակը միշտ կանաչ մնա։
Օ՜, այդ առավոտ տոն էր իսկական
և երջանիկ էր դարձյալ այն տղան…
11-13-03