ՆԱՏԱՇԱՆ ՈՒ ՏԱՇԱՆ (իրական հեքիաթ)

 

 

ՆԱՏԱՇԱՆ ՈՒ ՏԱՇԱՆ (իրական հեքիաթ)

Մեծ մայրիկը մտավ տուն, զամբյուղ բերեց մի փոքրիկ,
մեջը՝ քնած մի կատու, գնդակի պես կլորիկ։
Ոսկեծամիկ թոռնիկը իսկույն գրկեց կատվիկին
ու նրա թաց դնչիկը դեմքին հպեց կաթոգին։
Ու մտածեց, մտածեց, թե նրան ի՞նչ անուն տա,
հետո զնգուն ծիծաղեց. -Ես ճիշտ անունը գտա՜։
Ինձ մայրիկս ու տատիկս անվանել են Նատաշա,
ուրեմն ես կատվիկիս պիտի կոչեմ կարճ՝ Տաշա։
Տեսան ուրիշ ճար չկա՝ պիտի՜ լինեն համաձայն,
որոշումը աղջկա ընդունեցին միաձայն։

Եվ կապտավուն մազերով այդ ձագուկը կլորիկ
իր կատվային նազերով գերեց սիրտը բոլորի։
Անհանգիստ էր միշտ Տաշան, տունը խառնում էր իրար,
մտահոգված Նատաշան՝ փորձեց գտնել ինչ-որ ճար։
Մինչ նա ճարն էր որոնում, գժուկ Տաշան երջանիկ
պատից պատ էր ցատկոտում՝ ճանճը դարձրած խաղալիք։
Կատվիկը մեկ ակնթարթ անշարժ մնալ չէր ուզում
ու կորչում էր անընդհատ տան մեջ կամ էլ պարտեզում։
Չարաճճին շարունակ թաքնվում էր ամենքից,
մինչև որ մի զանգուլակ կախ տվին նուրբ վզիկից…

Որ երբ Տաշան անհանգիստ շարժվի մերթ աջ ու մերթ ձախ,
նրա տեղը մատնի միշտ զանգուլակը վզից կախ…
Կատվիկը նախ ողոքեց, չսիրեց իր «մանյակը»,
մլավեց ու բողոքեց, ուզեց պոկել զանգակը։
Բայց հենց զանգի մեղեդին լսեց կատվիկը հանկարծ,
տեղից պոկվեց վերստին՝ խաղին անցավ իր սիրած։
Նա վազում էր, որ լսեր անուշ ձայնը զանգակի,
զի թե կանգներ, լա՜վ գիտեր՝ իր զանգը չէր նվագի։
Տաշան առավ տարիքը, էլ կատվիկ չէր, մեծացավ,
ուստի զանգի կարիքը կարծես արդեն վերացավ…

Այդ օրերին Նատաշան նոր որոշում կայացրեց՝
զի լրջացել էր Տաշան, զանգը վզից հեռացրեց։
Բայց արի տես, որ կատուն չհասկացա՜վ, զայրացա՜վ,
բակու՜մ քնեց, չեկա՜վ տուն, իր տիրուհուց հեռացավ։
Ի՜նչ իմանար Նատաշան, թե խոցվել էր Տաշիկը,
քեն էր պահել ու անգամ չէր կերել իր ճաշիկը…
Առավոտյան, երբ կատվին գտան բակի անկյունում,
Տաշան՝ խռով տակավին, չարձագանքեց տիրուհուն։
Իսկ երբ փորձեց աղջիկը նրան սեղմել իր կրծքին,
Տաշան շրջեց դնչիկը ու մլավեց տխրագին։

Շատ զարմացավ Նատաշան, վիրավորվեց հիրավի,
իրեն ատու՞մ է Տաշան, լուրջ պատճա՞ռ կա երևի։
Կամ էլ հիվա՞նդ է իրոք, քանի որ էլ չի խաղում,
բժշկի հա՞րկ կա արդյոք՝ ո՛չ ուտում է, ո՛չ վազում։
Մինչ պատճառներ էր փնտրում խեղճ աղջիկը սրտնեղած,
կատուն տխուր գնաց տուն, բայց …դուրս թռավ մի քիչ անց։
Զանգուլակն էր կախ ընկած թաց դնչիկից Տաշայի,
ու կատուն հաղթանակած մոտեցավ Նատաշային։
Կարծես ասել էր ուզում, թե խռով չէր կամ տկար,
ոչ էլ տիրոջն էր ատում, ուներ ուրիշ՝ լու՜րջ պատճառ։

Ե՜րգն էր փնտրում խեղճ կատուն, որ կորցրել էր զանգի հետ,
մլավում էր, պաղատում՝ զանգն ու երգն էր ուզում ետ։
Դե, իհարկե, Նատաշան զանգակը կապեց նորից,
այդ օրվանից Տաշիկը անբաժան է նրանից։
Ու սա դեպք էր բացառիկ, երբ հաղթող են բոլորը…
և՛ Տաշան էր երջանիկ, և՛ զանգակը կախողը…
Ես ոչինչ չեմ հորինում ու պատմում եմ՝ ինչպես կա,
բայց ունեմ մի հավելում՝ նկարները այսօրվա։
Չէ՞ որ արդեն սահել են երկար ու ձիգ տարիներ,
որոշ բաներ փոխվել են, որոշ բաներ նույնն են դեռ։

Նույն տունն է ու նույն բակը Փասադենա քաղաքում,
բայց նույնը չէ աղջիկը, որ խաղում էր այդ բակում։
Տարբեր աղջնակ է հիմա բակում վազում դես ու դեն,
չէ՜, չեմ ասի՝ մտածեք, մի՞թե գլխի չընկաք դեռ։
Գուշակեցի՜ք։ Նատաշան՝ամուսնու հետ ու դստեր,
անտարակույս և՛ Տաշան, նույն հին տանն են ապրում դեռ։
Ու Նատաշան հիմա նոր գանձեր ունի թանկագին,
երջանիկ ու բախտավոր մայրիկ է ու տանտիկին։
Ոսկեծամիկ դստրիկը շատ է սիրում մայրիկին,
նրա ամեն պաչիկը հրաշք է մի անմեկին։

Իսկ հիմա ձեզ իմ վերջին նկարն եմ ես ցույց տալու,
պայմանով, որ Տաշային տեսնելով՝ չեք խղճալու։
Կատուն շատ է ծերացել, էլ չի վազում աջ ու ձախ,
զանգակն էլ է ծուլացել, մնացել է վզից կախ։
Բայց բախտավոր է Տաշան, ունի սիրող ընտանիք,
հար անբաժան՝ նրանց հետ, ապրում է գոհ, երջանիկ։
Ու նա հիմա թեև խեղճ, անօգնական է թվում,
սակայն կատվի սրտի մեջ միշտ ցնծություն է տիրում։
Ու սա դեպք է բացառիկ, երբ հաղթող են բոլորը՝
և՛ լսողն է երջանիկ, և՛ հեքիաթը պատմողը…