Երազներ փունջ-փունջ, երազներ հատ-հատ,
երազներ թախծոտ, երազներ զվարթ,
պատուհաններից ու երդիկներից
փողոց են հորդել, շրջում են նորից։
Թափառում են մութ գիշերվա խորքում,
զեփյուռի թևով երկինքն են գրկում,
լուսնի շուրթերն են համբուրում գունատ,
աստղերին փարվում կարոտով հրատ։
Նոր գաղտնիքներ են փսփսում նրանց,
հին գաղտնիքներ են նրանցից պոկում,
իրար փաթաթված մինչև լուսաբաց՝
անքուն խայտում են գիշերվա գրկում։
Սիրում, իրար են տրվում խենթացած
երազները բյուր գիշերվա կեսին,
այնտեղ, ներքևում երկիրն է քնած՝
անլուր-անտեղյակ երկնի հանդեսին։
Գիշերը՝ անխոնջ մինչև առավոտ,
թավիշ է հինում թելերից մութի,
հսկում հանդեսը, որ ոչ մի կարոտ
չմնա կիսատ, մերկ ու անոթի…
Իսկ արշալույսին մարում է հոգնած
երկնի ջահերը, հանդեսը փակում,
արևածագ ու լույսը չբացված
երազներին վար՝ տուն է ուղարկում։
Երազներ փունջ-փունջ, երազներ հատ-հատ,
զարթնող աշխարհին փարվում են հանդարտ,
մարմին են առնում ծագող արևից,
երկրի հանդեսը բացում խնդալից։
09-05-2001