Բարի ճանապարհ կասեմ ես մի օր՝
օրհնություն կտամ հին երազներին,
սիրով կկապեմ ազատության նոր
վկայականը նրանց թևերին։
Ձեր հղացումը, երազներ, կասեմ,
տասնյակ տարիներ առաջ կայացավ,
ձեր սաղմը ապրեց հոգումս վսեմ
իմ սիրո հաշվին ու հասունացավ։
Կասեմ՝ հասել է պահը երկունքի,
ցավերից պերճն է հոգիս համակել,
օ՜, պոկվեք ինձնից առանց արցունքի,
ժամանակն է ձեզ ազատ արձակել։
Կասեմ՝ այլ երազ հղացա այսօր,
որ և՛ սեր ունի, և՛ հույս, և՛ հավատ,
և՛ միանգամայն կյանք ու կամք հզոր,
որ անկոտրու՛մ է որպես ադամանդ։
Կասեմ՝ բարի երթ, թռե՜ք, գնացե՜ք,
մենք բաժանվում ենք ցավով, բայց հանդարտ,
աչքերիս փայլը արցունք չկարծեք,
դա նոր երազիս լույսն է անարատ։
03-20-03