ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

 

 

Քեզ թվում է ինձ այնքան լավ գիտես,
այնքա՜ն ես ծանոթ իմ լծակներին,
որ բավական է մի հայացք նետես,
պիտի ենթարկես քո քմայքներին։

Իսկ ես լռում եմ։

Օ՜, լռությունը համաձայնության
նշան չէ միայն։ Իմ լռությունը
այլ իմաստ ունի ու մեկ այլ սահման,
ուր հեզությունս մեծ բաժին ունի՝
առյուծի՜ բաժին, բայց ոչ արուի,
դա է՛գ առյուծի համբերություն է…

Դեռ թողում եմ քեզ ինքնագոհ կայթել,
ուզում եմ՝ կարծես, թե դու ես հաղթել,
զգու՞մ ես, սակայն, որ կամաց-կամաց
օտարանում ես, փակվում իմ դիմաց,
հարազատ չեղած խորթանում ես ինձ,
սիրտս չմտած դուրս գալիս աչքից…

Եվ կըրկընվում է նույնն ամեն անգամ՝
նայում ես աչքիս, նայում ես, սակայն
դարձյալ մոլորվում, չես գտնում ճամփան,
որ աչքից դեպի հոգի է տանում,
հին առեղծվածին նորն է գումարվում…

Քեզ՝ այնքան վստահ, թե ինձ լավ գիտես,
թե բավական է մի հայացք նետես,
քո քմայքներին պիտի ենթարկես…
զարմացնում եմ միշտ, երբ կանգնում հանդարտ,
նայում եմ դեմքիդ անհույզ ու անթարթ,
անխոս, անմռունչ թողնում եմ լինես
«ամենակարո՜ղ» և «ամենատե՜ս»…

Միամի՞տ եմ։ Ո՜չ։ Խե՜լքս եմ գործածում՝
մի քիչ ավելի, քան դու ես կարծում։
Չեմ հակաճառում քո ոչ մի խոսքին՝
ես հավաքում եմ լռության ոսկին,
քանզի լավ գիտեմ և չեմ սխալվում՝
ճանաչելով քեզ՝ անձս եմ ճանաչում։

Օ՜, լռությունը համաձայնության
նշան չէ միայն։ Իմ լռությունը
այլ իմաստ ունի ու մեկ այլ սահման,
ուր բաժին ունի իմաստնությունը։

Ուստի լռում եմ։ Ես դեռ լռու՜մ եմ։
Որքան ավելի, ավելի այնքան
նոր դաս եմ քաղում ինքնահաստատման՝
այնքան ավելի ուժեղանում եմ…
05-06-04