ՈՂՋՈՒ՜ՅՆ, ՍԻՐԵԼԻՍ

 

 

Հայելու միջից աչքիս է նայում
դեմքըս սեփական՝ չգիտես ինչու
ուրախ ժպիտով։ Ծաղրու՞մ է արդյոք։
Նրա ժպիտը փոխադարձում եմ
տխուր հայացքով և անմիջապես
գլուխըս թեքում։ Չե՜մ ուզում նայել։

Հետո զղջում եմ արածիս համար,
նույնիսկ բարկանում ինքս իմ վրա՝
բայց ինչու՞ տխուր, ի՞նչ է պատահել։
Ասում եմ՝ հաշտվեմ ու ետ եմ նայում։
Ա՜խ, ուշացել եմ, հայելին հիմա
ինձնից խռովել, չի պատասխանում։

Սառույց է դառնում արծաթի վրա
ժպիտս զղջման, որ ավելի շատ
լացի է նման ու ծամածռության։
Ես ամաչում եմ ինքս ինձանից։
Երկու ափերով փակում եմ դեմքս,
ասես թաքնըվում ինքս ինձանից։

Ու տաքանում է իմ ձեռքերի տակ
ճակատըս սառած, միտքըս հանդարտվում,
էլ չի վազվզում մեկ ետ, մեկ առաջ:՝
Օգտագործում եմ այնքան ցանկալի
հարաբերական խաղաղությունը,
մտքում որոշում իմ անելիքը։

Ու զարմանալի մի թեթևությամբ
ես սրբագրում եմ մի կնճիռ այստեղ,
մի կնճիռ այնտեղ, նկարչի նման՝
աչքս նեղացնում, իբրև թե հեռվից,
գնահատում եմ։ Կարծես թե, ոչի՜նչ։
Տխուր պատկերը փոխվում է քիչ-քիչ։

Ոգևորվում եմ։ Հիմա շտկում եմ
բերանիցս վար աջ ու ձախ կողմից
կախված մկանը՝ բարձրացնում եմ վեր։
Ծամածռությունը շուրթերիս վրա
դառնում է կոկոն, կոկոնը՝ ժպիտ,
վարդագունում են դժգույն այտերըս ։

Շարունակում եմ սրբագրությունը
գոհ ինքս ինձնից ու այս պատկերից։
Մատների թեթև հպումով ձգում,
ուղղում եմ մաշկըս և տաք ափերով
արդուկում-տանում այտից դեպի քունք,
դարձյալ ստուգում՝ ճի՜շտ է ընթանում,,,
Ամեն ինչ գնում, իր տեղն է ընկնում…

Ու բավարարված՝ ուղղում եմ մեջքըս,
ուսերս ազատում իրենց կեսդարյա
լարվածությունից, խոր շունչ եմ քաշում,
քանզի հայելուց աչքիս է նայում
բերանից մինչև ականջը հասնող
ուրախ ժպիտով մի դեմք մանկական…

Հայելու դեմքին կարոտով նայում,
փոխադարձում եմ ժպիտը նրա,
մի բան էլ ավել՝ աչքո՜վ եմ անում։

Նույն այդ վայրկյանին ծնվում է վերջին
սրբագրությունը, և մի լուսեղեն
ճերմակ ժապավեն թիթեռի նման
թևերն է բացում հայելու միջից
նայող աղջըկա խարտյաշ վարսերին…

…Ես կարկամել եմ լույս ու ժպիտի
պատկերի դիմաց։ Շարժվել չեմ ուզում
և չեմ էլ կարող։ Պահն եմ ըմբոշխնում։
Ու մտածում եմ՝ բայց մեկը պիտի
խոսի՜ վերջապես, հայելի՞ս, թե՞ ես…

– Ողջու՜յն, սիրելի՜ս… Ինչպե՜ս ես փոխվել,
– Բարև, անգի՜նըս, ախր չգիտես…
Ախր չգիտես՝ քո ժպիտն ու քեզ…
ո՜նց եմ կարոտել, ո՜նց եմ կարոտել…
06-04-04