Խաղողի այգում խորունկ աշուն էր։
Ոչ մեկը չկար։ Քամին էր միայն,
որ պաղ-պաղ փչում ու բամբասում էր.
-Այգեպանըդ քեզ թողեց ձեռնունայն…
Նախ շահեց-պահեց քեզ, հի՜ն որթատունկ,
հետո մեկ առ մեկ հավաքեց բերքը,
շողոքորթեց՝ դեռ առա՜տ ես, ծերուկ,
պտուղըդ տարավ ու թողեց վերքը…
-Քամի՛, դու շունչըդ իզու՜ր ես վատնում,
դա բամբասանք է, ինքդ էլ լավ գիտես,
քո փչոցներին ես չեմ հավատում,
լռի՜ր, միգուցե մի բան սովորես…
Իմ ողկույզները մինչև չտանեն,
գինի չեմ դառնա ես անուշաբույր,
իսկ առանց գինու կյանքն ինչպե՞ս տոնեն,
և առանց գինու ի՞նչ սեր, ի՞նչ համբույր…
Քամին խեղճացավ, քամին պապանձվեց,
կտրեց սուլոցը պաղ ու չարաղմուկ,
պոչը հավաքեց, գլուխը կախեց
ու այգուց փախավ անձայն-կամացուկ…
Մինչ այդ Աշունը լռիկ ու հանդարտ
տերևաթափի գործը ավարտեց,
և որթատունկը՝ վաստակած, հպարտ,
ձմռան քուն մտավ, աչքերը փակեց…
02-22-06