ՈՐՈՎՀԵՏԵՎ

 

 

Զգու՞մ ես, ինչպես անուշ են բուրում
փընջերըս բոսոր ու հըրապուրում։
Բայց այսօր ոչ ոք չի կարող գընել,
ես որոշել եմ վարդերըս բոլոր
անցորդներին տալ, մեկ-մեկ բաժանել։

Նկատի չունեմ այն զվարթներին,
որ ինձ կնայեն՝ ժպիտ դեմքներին
և կմոտենան քսակները բաց՝
գինը հարցնելուց, գիտնալուց առաջ։
Օ՜, ոչ։ Ո՛չ նրանց։ Քանզի նրանք, որ
ծաղիկ են սիրում, պարտեզներ արդեն
ունեն սրտերում։ Պիտի վճարեն,
վարդերըս գընեն, ժպիտըս էլ առած՝
զվարթ ավելի, պիտի հեռանան
երջանկացած, լի… Հրա՜շք իսկական։
Ինձ բավական չէ այսքանը սակայն։
Ես չեմ հավատում գընված հրաշքին,
ուրիշ հրաշք է փնտրում իմ հոգին։
Երջանկության կարճ մի քանի վայրկյան
այս առավոտ ես նրա՜նց պիտի տամ,
որ բարևն աստծո չեն տալիս-առնում,
մշուշն է միայն աչքերից հառնում…
Եվ կարմիր մի վարդ՝ անսակարկ-անգին,
պիտի լույս բերի մթագնած դեմքին։

Չեմ վաճառելու այսօր ոչ մի վարդ։
Նվիրելու՜ եմ, տալու եմ հատ-հատ,
բաժանելո՜ւ եմ բոլոր այն մարդկանց,
որ անցնելու են փակ ու խռոված
իրենք իրենցից ու այս աշխարհից,
չեն նկատելու վարդերըս վառման,
չեն ըզգալու ինձ, իրենց անձն անգամ…
Մեկական ծաղիկ նրա՜նց պիտի տամ։

Դու չես հասկանում ու մտածում ես՝
կատա՞կ է անում… Դու չես հասկանում
ու զարմանում ես՝ գժվե՜լ է ասես…
Գուցե մտքումդ նաև ծաղրում ես՝
հիմար է, հիմա՜ր, վարդերն այս բոսոր
վաճառքի համար իր այգուց քաղել,
շուկա է բերել ու հիմա խելքը
կորցըրել այսպես՝ առա՜նց դրամի,
առանց դրամի՜բաժանու՜մ է, տե՜ս…

Մտածիր սիրտըդ ի՜նչ որ կամենա։
Ծիծաղիր վրաս, ծաղրիր անխնա,
սակայն լուռ մնա, որ չթելադրես,
որպեսզի չասես՝ ափսո՜ս է, չանե՜ս…
07-15-03